Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պատերազմի առաջին օրից` սեպտեմբերի 27-ից ի վեր նվիրաբերել են ավելի քան 2.5 միլիոն դոլար: Նվիրատվությունները կատարվել են 58 երկրից, առավել ակտիվ մասնակցել են Հայաստանից, Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից: Այս հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Հիմնադրամի հիմնական եկամտի աղբյուրն աշխատող քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձվող 1000-ական դրամներն են: Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն «Ազատության» հետ զրույցում ասաց` այժմ Պաշտպանության նախարարության հետ համատեղ փորձում են շահառուների մասին տեղեկատվություն ստանալ, որից հետո արդեն առաջիկա օրերին կսկսեն հառուցումներ տրամադրել նաև սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, վիրավորված զինծառայողներին ու կամավորներին:
«Մոտ օրերս կառավարությանը կներկայացնենք որոշակի փաթեթ, որոշումների նախագծեր, որոնք անհրաժեշտ են, որ կառավարությունն ընդունի, որպեսզի կարողանանք ավելի քիչ թղթաբանություն օգտագործելով սկսենք հատուցումները: Ամեն ջանք ներդնում ենք մեր Պաշտպանության նախարարության գործընկերների հետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի շուտ կարողանանք կոորդինացնել այդ որոշումները, ներկայացնել, ընդունել, որպեսզի թղթաբանությունը կրճատենք: Գիտենք բոլորս` պատերազմ է, և այդ հաղորդակցումը բավարար դժվար է, և չենք ուզում այդ հաղորդակցման ուղիներն օգտագործել, դրա համար ուզում ենք ավելի հեշտացնենք, դյուրացնենք, բայց դրա համար կարևոր է, որ կառավարությունը համապատասխան որոշում ընդունի», - ասաց Ավետիքյանը:
Հիմնադրամը շուրջ 420 շահառու ունի: Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին հատուցում են 130-170 հազար դոլար: «20 հազար դոլար մեկ անգամից ենք տալիս, ապա 20 տարի շարունակ` 240 ամիս, ամսական 400-ից 600 դոլար: Մենք 3 աղբյուր ունենք գումարների ստացման. առաջինը 1000 դրամներն են, որոնք վճարվում են, երկրորդը նվիրաբերություններ են, և էլի զգալի գումար մենք նաև ստանում ենք այդ ֆոնդի միջոցները կառավարելու արդյունքում եկամուտներից: Ես կուզենամ ասել, որ օրինակ` նախորդ տարի այդ ֆոնդի միջոցները կառավարելիս մենք շուրջ 2.5 միլիոն դոլար եկամուտ ենք ստացել, որը կուտակվել է հիմնադրամում: Որևէ աղբյուրից ստացված եկամուտը կուտակվում է հիմնադրամում և բաշխվում է ըստ նպատակի, այսինքն` զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին և կամավորականներին, այսինքն` այլ նպատակ օգտագործման չկա», - մանրամասնեց հիմնադրամի տնօրենը:
1000 դրամների հիմնադրամի գործունեության մեկնարկին աջակցությունը տարածվում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, այնուհետև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կայացրած որոշումներով շահառուների ցանկը 2 անգամ ընդլայնվեց` նախ ընդգրկելով 2015-2016 թվականների, այնուհետև 2008-2014 թվականների ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռքբերածներին: