Ըստ վարակաբանի` բժիշկները ծանր վիճակում են, անտարբեր քաղաքացիները թիկունքում կորոնապատերազմի ճակատ են բացել

Մինչ քաղաքացիները պատճառներ են պրպտում, թե ինչու դիմակ չեն կրում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանն ահազանգում է` հակահամաճարակային կանոններն անտեսողները թիկունքում կորոնապատերազմի ճակատ են բացել։

«Հայաստանի Հանրապետությունն այս պահին երկու ճակատով է կռվում` հիվանդության դեմ, որը բավականին ծանր ընթացքով հիվանդություն է, և թշնամու դեմ, սրանք երկու տարբեր թշնամիներ են` երկու տարբեր կերպարներով», - ասում է նա:

Կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին օրերին կրկնապատկվել է։ Մինչ այդ ռեկորդային էր համարվում 800 դեպքը, իսկ այսօր հաստատվել է 1540 դեպք, մահացել է 11 հիվանդ։ Դրական է եղել իրականացված շուրջ 4 հազար հետազոտությունների մոտ 39 տոկոսը։

Covid-19-ի բուժմամբ զբաղվող հիվանդանոցները աշխատում են ծանրաբեռնված և սա այն պարագայում, որ հոսպիտալացվում են միայն ծանր դեպքերը, շեշտում է բժիշկ-վարակաբան Նաիրա Ստեփանյանը. - «Հիվանդանոց հոսպիտալացվում են բացառապես ծանր հիվանդները, և եթե մենք հաշվենք, որ հիվանդանոցի ծանրաբեռնվածությունն այս պահին հարյուր տոկոս է, ապա հիմա դուք տեսեք, որ մենք հարյուր տոկոսով ծանր հիվանդներով ծանրաբեռնված ենք: Բժիշկներն աշխատում են երկու ճակատով, և բժիշկները` սկսած թերապևտներից, վիրաբույժներից և ռեանիմատոլոգներից, աշխատում են ծանրաբեռնված հանուն Հայաստանի և հանուն գերագույն արժեքի, դա մարդն է և մարդու առողջությունը, սակայն բժիշկն անում է դա, քանի որ նա ընտրել է իր մասնագիտությունը, և նա պարտավոր է ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ արդյոք ազգաբնակչությունը չունի պարտավորություններ հանրության առաջ, հանրության առողջության առաջ»:

Կորոնավիրուսով վարակվածության նոր ռեկորդը պայմանավորված է պատերազմական վիճակով։ Մարդկանց զգոնությունը թուլացել է, զոհերի ու վիրավորների լուրերն անկարևոր են դարձրել վարակի վտանգը, ասում է վարակաբանն՝ ընդգծելով` այդ անտարբերությունն էլ թուլացնում է պետությանը՝ առողջապահական համակարգն ու բժիշկները երկու ճակատով են պայքարում։

«Առողջապահական համակարգը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ: Մենք ցանկացած մահճակալի վրա պետք է դողանք, ցանկացած պացիենտ առողջապահական համակարգի աշխատողի համար գերագույն արժեք է, որովհետև ինքը մարդ է` և՛ զինվորը, և՛ կամավորական գնացած մեր քաղաքացիները, և՛ Covid-ով հիվանդ մարդիկ: Ես հիմա ուզում եմ նախ ասել, որ այո, ես սա պայմանավորում են չպահպանելով կանոնները, ես դա պայմանավորում եմ մոբիլիզացիայի ժամանակ կոպիտ դիմակ չկրելը, գուցե մարդկանց թվում է` դա անհրաժեշտություն չի, մարդկանց թվում է, թե դա այս պահին արդեն առաջնահերթություն չի, բայց իրավիճակը, փաստն արձանագրեց այն, որ մենք ունենք այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում, 1500-ից ավելի նոր դեպքերի արձանագրում», - նշում է Նաիրա Ստեփանյանը:

Վարակի ահագնացող ցուցանիշը ոչ բոլոր քաղաքացիների համար է ահազանգ։ Այսօր Երևանի փողոցներում մեզ հանդիպած քաղաքացիներից քչերն էին դիմակով, որոշները կրում էին ծնոտին, թևին, գրպանում, շատերն առանց դիմակի էին, չկրելու պատճառաբանություններ՝ որքան ասես. - «Հենց նոր պոկվեց, գնում եմ, որ առնեմ, լարը պոկվեց դնելուց»:

«Ես մաքուր օդին եմ կանգնած, երբ որ մարդու հետ շփվում եմ, էտ ժամանակ դյում եմ», - ասում է մեկ այլ քաղաքացի: Մյուսը նշում է` տեսել է, թե թվերը որքան են աճել, սակայն շարունակում է դիմակ չկրել:

Պատերազմական այս օրհասական օրերին վարակի տարածումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր պետության համար, ասում է բժիշկ-վարակաբանը՝ դիմակ չկրող քաղաքացիներին առաջարկելով անձամբ անցնել հիվանդանոցներով և համոզվել, թե ինչպիսի պատկեր է. - «Համեցեք «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, և դուք կտեսնեք, որ մենք պարզապես ռեսուրս չունենք այլևս, մահճակալային ֆոնդ չունենք: Մենք արագ հնարավորինս դուրսգրումով, արագ տեղափոխումով հնարավորինս մեկական պացիենտներ կարողանում ենք տեղավորել, բայց այս պահին մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ»:

Այս օրերին ցավոք բազմամարդ արարողությունները շատ են, ու դրանց մասնակցությունը` անխուսափելի, դիմակը պետք է դառնա կենսակերպ, իսկ հակահամաճարակային կանոնների պահպանումը` հարգանք ծանր դրության մեջ հայտնված պետության հանդեպ, ասում է Covid-ով հիվանդներին արդեն ութ ամիս բուժող բժիշկը. - «Պահեք հակահամաճարակային կանոնները, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակներ, խնդրում եմ ձեզ` խնայեք անգամ մեկ մահճակալ, որովհետև այդ մեկ մահճակալը կարող է ծառայել մեկ զինվորի համար, մեկ կամավորականի համար»: