Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում շարունակում է աճել։ Անցած մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 392-ով, դրական է եղել իրականացված մոտ 3800 թեստերի ավելի քան 10 տոկոսը։
Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Անցած մեկ օրում բուժվել է 135 մարդ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունեց՝ իրավիճակը սրվել է և պետք է խստորեն կիրառվեն վարչական մեթոդները։ Մասնագետների գնահատմամբ՝ թվերի աճը պայմանավորված է նաև հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ Նման օրինակ են նաև անցած օրերին Սիսիանում արձանագրված վարակի դեպքերը։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում պատմեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը, 4 վարակվածներ միկրոավտոբուսով մեկնել են էքսկուրսիա՝ Տաթև, այդ ընթացքում նրանք վարակել են այլ անձանց, հետո նույն վարակակիրները մասնակցել են հոգեհանգստյան արարողության, որտեղ նույնպես վարակել են ևս մի քանի հոգու, ընդհանուր առամբ 2 օրում վարակելով 10 մարդու։ Բոլոր կոնտակտավորները, ըստ Լուսինե Պարոնյանի, մեկուսացվել են և հետագայում կերևա՝ արդյոք վարակվածների թիվը կոնկրետ այս դեպքի արդյունքում էլի կաճի, թե ոչ։
«Հիմա շատ ենք լսում, որ մեծ հարսանյաց հանդեսներ են անում, անգամ եթե կարանտինի որոշումով թույլատրվում է, որ մինչև 60 պիտի լինի, իրենք ավելի մարդաշատ միջոցառումներ են կազմակերպում, իրականացնում: Այս ամեն ինչը բերում է թվերի բարձրացմանը, որ արդեն մոտ 400 դեպք ենք արձանագրում օրական», - նշեց Պարոնյանը:
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ COVID-ի թվերի աճը դեռևս չեն պայմանավորում դպրոցներով, որովհետև դրանք բացվել են 10-ը օր առաջ: Բայց եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ թվերի կտրուկ աճ լինի, ապա այդ հանգամանքը կպայմանավորեն հենց ուսումնական հաստատությունների բացմամբ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ անցած 2 շաբաթվա ընթացքում 6-17 տարեկանների շրջանում վարակվածների թվի աճ չեն արձանագրել, թեև դեռևս վաղ է հետևություններ անել։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա 48 հազարից մոտ 25 հազարն արդեն թեստավորվել է, 300 -ի մոտ է վարակն արձանագրվել, ընդորում, գրեթե բոլորը եղել են առանց ախտանիշների։
«Շուրջ 300, 300-ից ավելի, գալիս է հետազոտվածների 1,5 տոկոսը: Բավականին քիչ է, բայց այդ բոլոր հաստատվածներն էլ հիմնականում առանց ախտանշանների դեպքեր են, ինչը նշանակում է, որ մեր միջոցառումը հիմնավորված էր, տեղին էր, և դրանով մենք կարողանում ենք որոշ ռիսկեր նվազեցնել: Իհարկե, ովքեր որ բացասական էին, կարող են վաղը վարակվել, մյուս օրը վարակվել, բայց միևնույն է՝ այս պահին մենք հայտնաբերում ենք որոշակի քանակով և որոշակի չափով նվազեցնում ենք այդ ռիսկերը», - նշեց Լուսինե Պարոնյանը:
«Ազատության» հարցին, թե գործընթացը մոտավորապես ե՞րբ կավարտվի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետը պատասխանեց. «Հոկտեմբերի առաջին տասնօրյակին արդեն ավարտած կլինենք, հետո արդեն կտեսնենք»:
Հարցին, թե ո՞ր դեպքում նորից դպրոցները կփակվեն և կանցնեն հեռավար ուսուցման, Լուսինե Պարոնյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարի հրամանով սանիտարական կանոն է հաստատվել, համաձայն որի երբ ուսուցիչների և աշակերտների ավելի քան 10 տոկոսը վարակված կլինի, դպրոցը կարող է առաջարկություն ներկայացնել և անցնել հեռավար դասընթացների։ Այժմ, երբ ուսումնական հաստատությունում դեպք է արձանագրվում, մեկուսացվում են վարակակրի հետ շփված անձինք։ Առ այս պահը, որևէ դպրոց համաճարակային իրավիճակով պայմանավորված չի փակվել ու ամբողջությամբ հեռավար կրթության չի անցել։