Մատչելիության հղումներ

Սպիտակի ԲԿ-ն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը դարձյալ կսպասարկեն քովիդով հիվանդներին


Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են ռեկորդային արագությամբ աճել։ Այսօր գրանցվել է 1371 դեպք, բուժվածների թիվը 406 է, մահացել է ևս 7 մարդ։

Այսօրվա դրությամբ բուժվում է 11 հազար 519 մարդ, որոնցից ավելի քան 1600-ը հոսպիտալացված է։

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ ուղերձով՝ հորդորելով պատերազմի ընթացքում թիկունքում «ողջամիտ լինել և չթուլանալ»։ Նախարարը շեշտեց, որ կովիդի դեպքերի աճը մեծացնում է պատերազմի պայմաններում վիրավորվածներին օգնություն ցուցաբերող բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը․ - «Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր զինվորների թիկունքը։ Հիշե՛ք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան։ Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։

Հաշվի առնելով հիվանդանոցների արդեն գերծանրաբեռնված վիճակը, արդեն որոշում է կայացվել մայրաքաղաքում ու մարզերում ավելացնել կովիդի բուժման համար նախատեսված հիվանդանոցներն ու բաժանմունքները, կորանավիրուսով վարակվածների համար ավելի ընդլայնել մահճակալային ֆոնդը։

Լոռու մարզում կովիդի բուժման համար վերապրոֆիլավորված և առանձնացված Սպիտակի բժշկական կենտրոնն ու Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը սեպտեմբերի 1-ից դադարել էին սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին և անցել իրենց նախկին գործառույթներին։ Բայց այսօրվանից դրանք դարձյալ համարվում են կովիդի հիվանդանոցներ, և ընդհանուր մոտ 150 մահճակալներն առանձնացվել են միայն վիրուսակիրների համար։

Վերջին կես ամսում, երբ արդեն հիվանդների թիվն զգալիորեն ավելացել էր, կորոնավիրուսով հիվանդները բուժում էին ստանում Վանաձորի բժշկական կենտրոնի հատուկ առանձնացված մեկուսարաններում։ Կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն ասում է, որ այսօր ունեն միջին ծանրության 12 կովիդով հիվանդ, որոնք արդեն կտեղափոխվեն Լոռու մարզի հատուկ հիվանդանոցներ․ - «Դա իհարկե ճիշտ որոշում է այս պահին, որ նախ մայրաքաղաքի հիվանդանոցները որոշակիորեն բեռնաթափվեն, որովհետև այնտեղ էլ պատերազմական վիճակ է և կան շատ վիրավորներ։ Նաև կան անհետաձգելի այլ քաղաքացիական դեպքեր, կովիդ դեպքեր»։

Կրթության նախարարի երեկվա որոշմամբ այսօրվանից դպրոցների աշնանային արձակուրդները երկու շաբաթով շուտ մեկնարկեցին՝ նոյեմբերի 2-ի փոխարեն հոկտեմբերից 15-ից։ Բայց դեռևս հայտնի չէ՝ երկշաբաթյա արձակուրդից հետո կվերաբացվե՞ն, թե՞ դարձյալ կորոնավիրուսով պայմանավորված փակ կմնան՝ անցնելով հեռավար կրթության։

Լոռու մարզում կան դպրոցներ, որոնք արդեն անցել էին հեռավարի։ Մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանն «Ազատությանն» ասաց․ - «Ունեցել ենք դպրոցներ, որոնք լրիվ հեռավարի են անցել։ Օրինակ, Վանաձորի թիվ 21-ը, Գարգառի միջնակարգ վարժարանը, Ստեփանավարի թիվը 1-ը և Ֆիոլետեվոն։ Մասնակի անցած դպրոցներ էլ ունեինք։ Ունեցել ենք, որ դպրոցների ուսուցիչների մոտ հայտնաբերել են, բայց ոչ մի սիմպտոմ իրենք չեն ունեցել։ Բայց քանի որ իրենց մոտ դրական էր ցույց տվել, պարտադրեցինք, որ իրենք մեկուսանան»։

Լոռու մարզի կրթության ոլորտի պատասխանատուն համոզված է, որ բոլոր դպրոցները պահպանում էին հակահամաճարակային կանոնները, բայց դպրոցից դուրս իրավիճակն անվերահսկելի էր, դիմակների կրումը՝ ոչ լիարժեք․ - «Եթե արձակուրդի ընթացքում իրենք պետք է էլի ակտիվ շփումների մեջ լինեն, չեմ կարծում, որ որևէ արդյունք կտա։ Ուղղակի պետք է մեր քաղաքացիները գիտակցեն և ամեն ինչ հասկանալով էնպես անեն, որ սահմանափակվի տարածումը։

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մոտ մեկ շաբաթ թոքաբորբով հիվանդ է, բայց կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին բժիշկներից ցուցում չի ստացել և չի հանձնել։ Նա ասաց, որ չնայած հիվանդությանը, Վանաձորում հետևում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։

Այսօրվանից առողջապահության նախարարի գրությամբ համայնքապետարանները ևս երկու շաբաթով դադարեցնում են մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը։ Համայնքապետն ասաց, որ մինչև այսօր էլ արդեն իրենց ենթակայության գրեթե բոլոր հիմնարկները փակ էին․ - «Մի քանի հիմնարկ մինչև էդ փակել էինք, մնացածն էլ կփակենք, որտեղ որ շատացել ա»։

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում փաստացի կա 632 կորոնավիրուսով հիվանդ, որից 94-ը հոսպիտալացված են։ Անցած 7 ամիսներից հիվանդության հետևանքով մահացել է 40 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG