Մատչելիության հղումներ

Ըստ բժշկի, պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճը կհանգեցնի ծայրահեղ ծանր վիճակի


Պատերազմին զուգահեռ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը։ Վարակվածության ցուցանիշներով Հայաստանը վերադառնում է հունիսյան ռեկորդին, երբ առողջապահական համակարգն ամբողջ ռեսուրսով էր լծվել բուժսպասարկման գործին։

Այսօր հայտարարվել է 745 նոր դեպքի մասին։ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որը զբաղվում է միայն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, այս օրերին աշխատում է հունիսյան ծանրաբեռնվածությամբ, վստահեցնում է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

«Ծանրաբեռնվածությունն այսօր հունիսյան ծանրաբեռնվածությանն է համարժեք թե ծանրեր դեպքերով, նույնիսկ կարող եմ ասել՝ ծանր դեպքերն ավելի շատ են, քան հունիսյան ժամանակահատվածում, և ընդհանուր ծանրաբեռնվածությունը: Մահճակալային ֆոնդի զբաղվածությունն այսօր համարժեք է հունիսյան ժամանակահատվածի ծանրաբեռնվածությանը», - ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:

Պետրոս Մանուկյանը վարակվածության աճը հիմնականում բացատրում է պատերազմական իրավիճակով։ Առաջնագծի լարվածությունը, զոհերի ու վիրավորների լուրերը մարդկանց համար երկրորդական են դարձրել հիվանդությունը։ Մարդկանց զգոնությունը թուլացել է, aսում է բժիշկ Մանուկյանը։ Հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները բազմամարդ են ու չեն պահպանվում անվտանգության կանոնները։

«Բոլոր տեսակի կուտակումները, մարդկանց ներգրավվածությունն այդ պրոցեսին, իհարկե, ինքնըստինքյան բերելու է ավելի մեծացման: Հասկանալի է հանրության հուզմունքը, հանրության ալեկոծված վիճակը, այսօր սահմանում տիրող իրավիճակը, հոգեհանգստի և մնացած այլ մասսայական միջոցառումները, այդ ամեն ինչը կարելի է որոշակի ձևով գնահատել, և, այո, զգացնել տալիս է, որ մարդկանց մոտ արդեն անտարբերություն է ձևավորվել կանխարգելիչ միջոցառումների պահպանման նկատմամբ, որն իրականում բերելու է շատ լուրջ վտանգավոր, ծայրաստիճան վիճակի: Որովհետև օրեցօր աճող տեմպերը լուրջ խնդրի առաջ են կանգնեցնելու ողջ առողջապահական համակարգին, որից էլ բխելու է մնացած հետևությունները», - ասաց բժիշկը:

Պետրոս Մանուկյանի խոսքով՝ հատկապես պատերազմական օրերին շատ վտանգավոր է կորոնավիրուսին մատների արանքով նայելը։ Վարակի բռնկումը առողջապահական համակարգի, բժիշկների բեռն է ավելացնելու։

«Իրականում թող մեր զինվորները լինեն առողջ, չլինեն այդ վիրավորումները, բայց այսօր մենք պետք է հնարավորինս նվազեցնենք կորոնավիրուսով վարակվածների թիվը, հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը, որպեսզի պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում մեր վիրավոր զինծառայողներին լիարժեք բժշկական օգնություն ցուցաբերելու», - ընդգծեց նա:

Համաճարակի ռեկորդային փուլում հանրապետությունում Covid-19-ի բուժմամբ զբաղվում էր 20 բժշկական կենտրոն։ Վարակվածության դեպքերի նվազման միտումներից հետո ութը կրճատվեց։ Այս պահին, երբ ցուցանիշները մոտեցել են հունիսյան ռեկորդին, 12 հիվանդանոց է զբաղվում հիվանդության բուժմամբ։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում է 110 քաղաքացի, ծանր՝ 324, և թոքային օդափոխության սարքին միացված է 31 մարդ։

Միայն «Գրիգոր Լուսավորիչ»-ում 45 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է։ «Այսօր մոտավորապես հիվանդանոցում բուժման մեջ ունենք 180 ծանր և մոտավորապես 45 ծանր հիվանդներ: Մենք հիմնականում ունեինք լուրջ խնդիրներ տարեցների շրջանում, ցավոք, հիմա ունենք միջին տարիքի և երիտասարդների շրջանում նույնպես բարդացած թոքաբորբերով և լուրջ շնչական խնդիրներով դեպքեր», - ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:

Պատերազմի այս թեժ փուլում կանխարգելիչ միջոցառումների պահպանումը, վարակի տարածվածության կանխումը նպաստում է առաջնագծի ուժեղացմանը, ասում է բժիշկ Մանուկյանը՝ քաղաքացիներին կոչ անելով կրել դիմակ, խուսափել կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորությունը. «Կանխարգելիչ միջոցառումներն այսօր պահպանելը նպաստում են մեր սահմանում մեր զինվորների հաղթանակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG