Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Մոսկվայում Մնացականյանը մասնավորապես քննարկում է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Մոսկվայում պաշտոնական այցի շրջանականերում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Հանդիպումը անցել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելության առանձնատանը, ֆրանսիացի համանախագահը հանդիպմանը մասնակցել է հեռավար կապի միջոցով։

Միջնորդների հետ հանդիպմանը Մնացականյանը ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Եվ սա տեղ է գտել համանախագահների այսօր տարածած հայտարարության մեջ։

Այդ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգությամբ են արձանագրում բռնությունների շարունակումը ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ են անում Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստանձնած պարտավորությունները լիովին իրագործելու ուղղությամբ:

Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա, Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում։

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու ազատազրկվածներին փոխանակելու համար։

Միջնորդները նաև հորդորում են հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահները շարունակում են աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի շուրջ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասված է այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ։

Փորձագետների կարծում էին, որ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանը կնախաձեռնի եռակողմ բանակցությունների շարունակությունը, սակայն այս մասին տեղեկություն դեռ չկա, իսկ մարդասիրական հրադարարը, որի մասին այդքան շատ է խոսվում այսօր Մոսկվայում, պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ Ադրբեջանը խախտում է առաջին իսկ րոպեներից։ Նույն մեղադրանքը Բաքուն հնչեցնում է Հայաստանի հասցեին։

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահը կոչ արեց հակամարտող կողմերին դադարեցնել կրակը և Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարներին հրավիրեց Մոսկվա, ռուսական կողմը զգալիորեն ակտիվացրել է իր ջանքերը, արցախյան խնդրի շուրջ բանակցություններ ու քննարկումներ անցնում են տարբեր հարթակներում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ահաբեկիչներ տեղափոխելու մասին հաղորդումների վերաբերյալ։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է լրագրողներին։

Թուրքական կողմը երեկ հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված էր միայն, որ Աքարը «նորից իր աջակցություն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում նաև շեշտում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունների իրականացմանը: Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների, այդ թվում Թուրքիայի գործընկերների հետ։

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել էր Մոկսվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ և քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մամլո հաղորդագրությունում նշված է, որ հանդիպմանը «դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը»։

Թե հատկապես ինչ մեխանզիմների մասին է խոսքը, հաղորդագրությունում նշված չէ։