«Լիբիայում վտանգավոր էր, բայց այստեղ շատ ավելի [վտանգավոր է]», - ադրբեջանցիների կողմից կռվող սիրիացի վարձկաններից մեկի խոսքերն է այսօր մեջբերել բրիտանական Guardian-ը՝ հատուկ ընդգծելով, որ Հալեպի գյուղական շրջաններից ղարաբաղյան հակամարտության գոտի եկած զինյալը հեռախոսային հարցազրույցի պահին գտնվում էր ադրբեջանական ռազմական հոսպիտալներից մեկում։
«26-ամյա Մոհամեդ Ալ-Համզան հայկական հրետակոծության հետևանքով վիրավորվել էր Ադրբեջան ժամանելուց երկու օր անց», - գրում է թերթը:
«Այստեղ ահավոր է։ Նրանք խաբեցին մեզ՝ ասացին, թե Ադրբեջան ենք գնում նավթային և գազային ոլորտի օբյեկտները հսկելու նպատակով», - բրիտանացի լրագրողի հետ զրույցում բողոքել է սիրիացի զինյալը և պնդել, - «Մեր խմբի անդամներից 250 հոգի արդեն իսկ խնդրել է, որպեսզի իրենց թույլատրեն տուն վերադառնալ»։
Guardian-ը մեջբերել է նաև Ստեփանակերտի բնակիչ Սերգեյ Հովհաննիսյանի խոսքերը. «Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ 90-ականների պատերազմի ժամանակ տեսա մոջահեդներին։ Նրանք սպիտակ ծածանվող զգեստներով էին և գլխաշորերով։ Ինձ թվում է նրանք Աֆղանստանից էին։ Այժմ էլ ահա սիրիացիներին են ուղարկում [ճակատ]։ Կան բաներ, որոնք երբեք չեն փոխվում»։
Բրիտանացի լրագրողը զրուցել է նաև Ստեփանակերտում բնակվող սիրիահայ Հովիգ Սամրայի հետ։ «Միաժամանակ տխուր է և զվարճալի, որ պատերազմը մեզ ամենուր հետապնդում է։ Բայց ես զգում էի, որ այս պատերազմը բռնկվելու է։ Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է լինելու ապագայում, ուսումնասիրիր անցյալը», - բրիտանացի լրագրողին խորհուրդ է տվել Ստեփանակերտի ռեստորաններից մեկի սեփականատեր սիրիահայը, որը, չնայած ռմբակոծություններին և հոսանքի բացակայությանը, շարունակում է անվճար ճաշեր պատրաստել զինվորականների և քաղաքացիական բնակչության համար։
«Պատերազմին զուգահեռ Ադրբեջանը ակտիվ լոբբիստական ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգներում՝ փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել իր վարած պատերազմը», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող պահպանողական The American Conservative հանդեսը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ադրբեջանի կառավարությունը վաշինգտոնցի լոբբիստների միջոցով փորձում է իր կողմը գրավել նախևառաջ կոնգրեսականների համակրանքը։ Վերջին տարիներին, ըստ հանդեսի ունեցած տեղեկությունների, Ադրբեջանը 1 միլիոն 300 հազար դոլար է ծախսել Վաշինգտոնում գործող միանգամից վեց լոբբիստական կառույցների հետ աշխատանքի համար։
The American Conservative-ի տրամադրության տակ են հայտնվել ադրբեջանցիների համար աշխատող լոբբիստների կողմից Կապիտոլիում ուղարկված նամակների պատճենները։ Դրանցում Ադրբեջանի կողմից վարձատրվող լոբբիստները պնդում են, թե «Հայաստանը վաղուց արդեն ներգրավված է մերձավորարևելյան ահաբեկչության մեջ» և «Թուրքիան որևէ կերպ ներգրավված չէ հայ-ադրբեջանական հակամարտությունում և դրա կողմ չի հանդիսանում»։
«Էրդողանի միջնորդավորած պատերազմը Հայաստանում՝ նախորդ դարասկզբի ցեղասպանության այլանդակ արձագանքն է». Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների մասին իր հոդվածը այսպես է վերնագրել 230 հազար տպաքանակ ունեցող New York Post օրաթերթը։
«Էրդողանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը շեղում է [հանրության] ուշադրությունը Թուրքիայի թուլացող տնտեսության վիճակից։ Մյուս կողմից, սակայն, դա սպառնում է երկար պատմություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունը վերածել գլոբալ աշխարհաքաղաքական մրցակցության», - գրում է ամերիկյան պարբերականը։
New York Post-ի հոդվածագիրը նաև նշում է. «Քանի դեռ Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրադադարի կոչեր են հնչեցնում, Էրդողանը շարունակում է կրակի վրա յուղ լցնել՝ Ադրբեջանին անվերապահ աջակցություն առաջարկելով»։
Գերմանական Deutsche Welle-ն էլ անդրադառնում է պատերազմի ընթացքում Իրանի որդեգրած մոտեցմանը՝ պնդելով, որ Թեհրանի առաջնահերթությունը ռազմական գործողությունների իր տարածք տեղափոխումը բացառելն է։
«Իրանում մեծ հայկական և ադրբեջանական փոքրամասնություններ են բնակվում։ Հայերի թիվը շուրջ 100 հազար է կազմում, իսկ ադրբեջանցիներինը՝ 15 միլիոն։ Դա ավելին է քան բուն Ադրբեջանի բնակչությունը», - գրում է գերմանական կայքը՝ նկատելով, որ ադրբեջանցիների նման առատությունը Թեհրանի մոտ որոշակի մտավախություններ է առաջացնում։
«Ադրբեջանի կողմից անկախության ձեռքբերումից հետո Թեհրանը ուշի-ուշով հետևում է իր տարածքում բնակվող ադրբեջանցիների շրջանում Բաքվի ազդեցությանը։ Թեհրանում հաճախ են մտահոգություններ արտահայտվել, թե Ադրբեջանը ցանկանում է Միացյալ Նահանգների աջակցությամբ պառակտել Իրանը՝ բռնակցելով [իրանական] Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգները», - գրում է Deutsche Welle-ն, հավելելով նաև, որ իրանցիներին մտահոգում են նաև այն սերտ կապերը, որ առկա են մի կողմից Բաքվի, մյուս կողմից Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև։ Դրա հետ մեկտեղ գերմանական պարբերականը նշում է, որ Իրանի ադրբեջանցիները երկրի ներսում բավական լուրջ ազդեցություն ունեն։
«Ադրբեջանցիները վերահսկում են երկրի կարևորագույն առևտրային հարթակի՝ Թեհրանի շուկայի զգալի մասը։ Նույնիսկ երկրի գերագույն հոգևոր առաջնորդը՝ Ալի Խամենեին, կիսով չափ ադրբեջանցի է, հայրական կողմից», - գրում է Deutsche Welle-ն։