Պաշտոնական Փարիզը դատապարտում է հրադադարի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքը հրթիռակոծությունից հետո։ 11-ը հոկտեմբերի, 2020

Ֆրանսիա արտգործնախարարության խոսնակի ասուլիսում հարց է հնչել` արդյոք հայտնի է, թե հակամարտող կողմերից ո՞րն է առաջինը խախտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք դատապարտում ենք բռնությունների շարունակումը, որ կողմից էլ որ դա լինի, և կոչ ենք անում վերջ դնել դրան», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարաևության խոսնակը՝ հավելելով. - «Այսօր ծայրահեղ կարևոր է, որ կողմերը խստորեն պահպանեն արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները, ինչը թույլ կտա շարժվել դեպի ռազմական գործողությունների լիակատար դադարեցում»:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ`Ֆրանսիան լիովին պատաստ է աջակցել բանակցությունների վերսկսմանը առանց նախապայմանների`հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու համար», - ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը:

Երեկ էլ Գերմանիայի կանցլերն էր զանգահարել Հայաստանի վարչապետին: Ըստ դաշնային կառավարության, Անգելա Մերկելը ևս ընդգծել է, որ բոլոր կողմերը պարտավոր են պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունները:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն անմիջապես, և պետք է առարկայական բանակցություններ սկսվեն Մինսկի խմբի հովանու ներքո», - Մերկելի խոսքերն է փոխանցել Դաշնային կառավարության խոսնակ Ստեֆեն Զեյբերտը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ Հայաստանի կառավարության, կանցլերին ներկայացրել է տեղում ստեղծված իրավիճակն ու ընդգծել Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:

Ադրբեջանի առաջնորդի և Գերմանիայի կանցլերի միջև շփումների մասին չի հաղորդվում:

Հրադադարը պահպանելու հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Թեհրանը։ Ավելին, Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե պատրաստ է աջակցել երկու հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին առավել զուսպ դիրքորոշում որդեգրել, դատապարտում ենք առանցքային կարևորություն ունեցող ենթակառուցվածքների ու բնակավայրերի հրթիռակոծումը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեհը՝ հավելելով․ - «Թեհրանը պատրաստ է նպաստել կողմերի միջև բանակցությունների վերսկսմանը` տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Հարևան պետությունների և Արևմուտքի` հավասարապես երկու կողմին ուղղված այս կոչերի շարքում առայժմ միայն Թուրքիան է, որ շարունակում է աջակցել միայն մեկ կողմին` Ադրբեջանին։

«Բաքուն չի կարող ևս երեսուն տարի սպասել արդարության», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Անկարայի ներկայացուցիչը կրկին Հայաստանի վրա է դրել լարվածության ու հրադադարի խախտման ողջ պատասխանատվությունը։

«Երևանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը Ադրբեջանի տարածքից», - ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Անկարան կշարունակի այս հարցում աջակցել Ադրբեջանին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանագահող երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, ամենաբարձր մակարդակով հորդորել էին երրորդ կողմերին չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը և չձեռնարկել քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը: