ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ողջունում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը մարդասիրական հրադադար հաստատելու մասին և կողմերին կոչ են անում ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ներկայումս ակտիվ կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և քննարկում են զոհվածների աճյունների և անազատության մեջ հայտնված անձանց վերադարձին առնչվող կազմակերպական հարցերը:
Համանախագահները կողմերին կոչ են անում նշված խնդրի կատարման համար շտապ կարգով տրամադրել անվտանգության և կազմակերպական երաշխիքներ:
Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ՝ նպատակ ունենալով նպաստել հրադադարի կոնկրետ պարամետրերի շուրջ նրանց ջանքերին և համաձայնեցված սկզբունքների ու ձևաչափի հիման վրա բովանդակային բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, ասված է հայտարարությունում: