Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին, նշում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։
Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, թե «Հայաստանը հարձակումներ է արձակել Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրա` խախտելով հումանիտար հրադադարը»: Նման հաղորդագրություն այսօր տարածել էր նաև Ադրբեջանը: Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքել են սա:
«Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը», - շեշտում է ՀՀ ԱԳՆ-ն։