Երևանը վերահաստատում է կրակի դադարեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձ կասեցվելու է

«Անհապաղ և անվերապահ հրադադար հաստատելու»՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների՝ կողմերին արած կոչից հետո սահմանին հարաբերական հանգստությունը մի քանի ժամ տևեց։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց կեսօրին մոտ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանցիների ձեռնարկած լայնամասշտաբ գրոհի, Պաշտպանության նախարարությունն էլ՝ Ստեփանակերտի հրթիռակոծման մասին։

Առավոտյան տարածած հայտարարությամբ պաշտոնական Երևանը վերահաստատել էր կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով՝ հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձ կասեցվելու է։

Ադրբեջանը, մինչդեռ, ռազմական գործողությունները շարունակելու մասին հայտարարեց։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել էր շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում՝ սպառնալով՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները երեկ ուշ երեկոյան կողմերին կոչ էին արել «անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել»։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարությամբ ամենայն խստությամբ դատապարտել էին Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս, ինչպես ձևակերպել էին, բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան։

Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչեր պատերազմի տասը օրերին միջազգային հանրությունից բազմաթիվ են եղել։ 5 օր առաջ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեցին դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները: Այս երկրներից առանձին-առանձին էլ պարբերաբար նման կոչեր հնչում են։

Կրակը դադարեցնելու՝ միջազգային կոչերը ինչպե՞ս կարող են իրականություն դառնալ։ Ազգային ժողովի իշխանությունն ու ընդդիմությունը կարծում են՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է։

«Առաջին համատեղ կոչը համանախագահ երկրների նախագահների եղավ մի քանի օր առաջ, որից հետո Հայաստանի արտգործնախարարությունն, ըստ էության, դրական արձագանքեց դրան, բայց ի՞նչ լսեցինք ի պատասխան դրա թուրքաադրբեջանատեռորիստական կողմից, շարունակություն ագրեսիվ հայտարարությունների և ըստ էության, հրաժարում խաղաղություն հաստատելուց: Կարծում եմ՝ մենք պետք է սպասենք ադրբեջանական կողմի արձագանքին», - ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց. «Հարձակվողը պետք է դադարեցնի իր հարձակումները, որ պաշտպանվող կողմը ինքն էլ իր պաշտպանական գործողությունները դադարեցնի: Իզուր չի, որ Արցախի բանակի անվանումը կոչվում է Պաշտպանության բանակ, Արցախը որևէ այլ ազգի վրա հարձակման որևէ միտում չի ունեցել, ոչ էլ պլաններ: Կա հարձակում, կա պաշտպանություն, կա հակահարձակում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարծում է՝ միջազգային հանրության ավելի հասցեական հայտարարությունները կարող են դառնալ կրակը դադարեցնելու հիմքերից մեկը։ Վերջին 3-4 օրերին հռետորաբանության մեջ փոփոխություն է նկատել, ինչպես ասաց, դեպի «ճշմարտություն»։

«Խնդիրը նա է, որ միջազգային հանրությունը, մենք հասնենք դրան, հստակ մատնանշի, որ Ադրբեջանը և Թուրքիան տեռորիստական պետություններ են, որոնք ագրեսիա են կատարում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Սա է այն գերխնդիրը, որովհետև իրենք լոկ բառեր չեն, իրենք ենթադրում են նաև որոշակի գործողություններ, պատժամիջոցներ», - ասաց Աբովյանը:

Ռուսաստանը հայտարարեց՝ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Երևանից պաշտոնապես նման հանդիպման հավանականության մասին չի հաղորդվում։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյանը տեղեկություն չուներ՝ առաջիկայում այդպիսի հանդիպում ծրագրվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը կկատարի իր կարևոր դերը այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու», - նշեց Ռուբեն Ռուբինյանը: