Հայաստանը շարունակելու է վճռականորեն հակադարձել Արցախի դեմ ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995 թվականների համաձայնագրերով հաստատված հրադադարը: Այս մասին հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ ի պատասխան Մինսկի խմբի առաջնորդների կոչին:
Արտգործնախարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:
Մինչ այդ Պաշտոնական Բաքուն մերժել է անհապաղ հրադադար հաստատելու և բանակցություններ վերսկսելու կոչը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն է հայտարարել, որ հակամարտությունը դադարեցնելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղից։
Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն ասում է՝ Ադրբեջանի նախագահը շարժվում է խաղամոլի հոգեբանությամբ։
«Ալիևը նման է խաղամոլի, ով արդեն պարտվում է, բայց չի ուզում ընդունել իր պարտությունը և փորձում է բարձրացնել դրույքները, և սա մենք տեսնում են: Ըստ էության միանշանակ է միջազգային հանրության արձագանքը, և որևէ մեկի համար այլևս հարց չկա, թե ով է սկսել, ինչու է սկսել, արդյոք կան հակամարտության գոտում գրոհայիններ, թե չկան: Բոլորին արդեն ամեն ինչ պարզ է: Այս իրավիճակում, իհարկե, Ալիևին մնում է միայն ռազմական ճանապարհով լուծել իր դիվանագիտական սխալները, ինչը, իհարկե, չի հաջողվելու», - նշեց Զոլյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պաշտոնական Երևանի հղումը 94 -95 թվականների համաձայնագրերին շատ կարևոր է։ Հայաստանը բանակցությունների պատրաստ է, սակայն ԱԳՆ հայտարարության մեջ նշվածը հայկական դիրքորոշման այն կետերն են, որոնց վրա կարող է կառուցվել գործընթացը։
«Որևէ կասկած լինել չի կարող, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել բանակցության, պարզապես այդ բանակցությունը պետք է լինի հակամարտության բոլոր կողմերի միջև, և ինչը շատ կարևոր է, այդ բանակցությունը պետք է բացառի ուժի կիրառումը, առավել ևս որպես շանտաժի միջոց: Այս տեսանկյունից հայկական դիվանագիտության արձագանքը Մինսկի խմբի համանախագահներին արձանագրում է ընդամենը հայկական դիրքորոշման այն նվազագույն կետերը, որի վրա կարող է կառուցվել գործընթացը, որտեղ նվազագույնս կլինի արձանագրված և ապահովված հայկական անվտանգությունը: Բայց ինչը շատ կարևոր է շեշտել և նաև այդ մասին կա հայտարարության մեջ, գլխավոր գրավականն այդ անվտանգության հայկական բանակն է», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Հակոբ Բադալյանը կարծում է՝ կարևոր է, որ Միջազգային հանրությունն արձանագրել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ուղարկելը Ղարաբաղ ու դատապարտել այդ երկրի միջամտությունը:
«Թուրքիան ամենևին Արցախի հարցի լուծում չէ, որ փորձում է իրականացնել և օժանդակել Ադրբեջանին: Թուրքիան լուծում է իր հարցը, և դա Կովկասի հարցն է: Կովկասն իր համար ահաբեկչական օջախի վերածելը և հետո այդ օջախը կողմնացույցի 4 ուղղությամբ ըստ անհրաժեշտության և հնարավորության աշխարհին պարտադրելն է: Այդ իմաստով այսօր մեր զինուժը լուծում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության հարց, այլ միջազգային անվտանգության համակարգի հարց, բառի բուն իմաստով», - ասաց նա:
Իսկ միջազգային հանրությունը ամբողջովին գիտակցո՞ւմ է խնդրի լրջությունը և Թուրքիայի հեռուն գնացող նպատակները, և արդյոք հայտարարությունները համապատասխա՞ն են իրավիճակին, Հակոբ Բադալյանը կարծում է՝ միջազգային ուժային կենտրոնները գիտակցում են, սակայն ունեն նաև այլ քաղաքական շահեր, և սա թույլ չի տալիս ձևավորել մեկ ընդհանուր ռազմավարություն Թուրքիայի դեմ։
«Ինչպես մեր բանակն է իրենց համար նաև անվտանգության էական հարց լուծող, մենք ակնկալում ենք, որ նաև միջազգային հանրությունը կանցնի էական հարցեր լուծելու՝ Թուրքիային զսպելու առումով, իսկ դրա հնարավորությունը ունեն: Ես կարծում եմ՝ ունեն նաև գիտակցումը, որ հակառակ պարագայում Թուրքիան շատ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև իրենց համար», - նշեց Բադալյանը:
Միքայել Զոլյանը կարծում է թե միջազգային հանրությունն ավելի վաղ ավելի խիստ պատասխաներ թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը նաև այլ երկրներում, ապա գուցե թուրքիան հիմա ավելի զուսպ կլիներ։
«Իհարկե, ես կասկած չունեմ, որ Թուրքիան շարունակելու է իր ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը, բայց ենթադրում եմ, որ նրանք փորձելու են ավելի քողարկված ձևերով այդ ամեն ինչը անել», - նշեց նա:
Մեկ այլ հաղորդագրությամբ Հայաստանի արտգործնախարարությունն այսօր դարձյալ խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորումը:
«Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը», - տեղեկացնում է պաշտոնական Երևանը։
Միաժամանակ արտգործնախարարությունը շեշտում է, որ հարձակումներն իրականացվում են Թուրքիայի զինտեխնիկայի ու սպառազինության օգտագործմամբ և թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ: