Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԱՄՆ-ը պետք է բացատրի՝ արդյո՞ք F-16-ները տրամադրվում են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ մի նուրբ հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ Միացյալ Նահանգները ոչինչ չի անում ամերիկյան արտադրության F-16 ռազմական ինքնաթիռների կիրառումը հայերի դեմ թույլ չտալու համար», - գրում է ամենահեղինակավոր ամերիկյան պարբերականներից մեկը՝ The New York Times-ը։

«Միացյալ Նահանգները պետք է բացատրի՝ արդյո՞ք այն F-16-ները տրամադրում է խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար», - The New York Times-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականը «լսել և ընդունել է իր մտահոգությունները»։

Ավելին, Օ'Բրայենը նաև խոստացել է հեռախոսազրույց կազմակերպել Հայաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի միջև։

The New York Times-ի տեղեկություններով, սակայն, այդ հեռախոսազրույցը չի կայացել, քանի որ Փաշինյանի և Օ'Բրայենի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսով է վարակված։

«Պարոն Թրամփի առողջական խնդիրները, սակայն, միայն ընդգծեցին, թե որքան օտարված է նրա վարչակազմը դիվանագիտական հեշտ հաղթանակներ չխոստացող այս հակամարտությունից». - գրում է թերթը։

The New York Times-ի հոդվածագիրը վարչապետ Փաշինյանին նաև հստակ հարցադրում է ուղղել՝ արդյո՞ք Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում պատրաստ է ադրբեջանական որևէ տարածք վերադարձնել։ Դրան ի պատասխան` Փաշինյանն ասել է, թե այդ հարցի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։

Ամերիկյան պարբերականի հետ զրույցում Փաշինյանը նաև պնդել է, որ սեպտեմբերի 27-ին, ամիսների լարվածությունից հետո սկիզբ առած մարտական գործողությունները «գոյաբանական սպառնալիք են նախևառաջ Թուրքիայի դերակատարության պատճառով, որն Առաջին համաշխարհայինի ավարտին մեկուկես միլիոն հայ ոչնչացրած Օսմանյան կայսրության հաջորդն է», - մեջբերում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ Կոնգրեսը, ինչպես նաև շատ պետություններ [1915 թվականի] սպանդը ցեղասպանություն են որակում՝ մի պնդում, որ Թուրքիան կտրականապես մերժում է։

Ամերիկյան պարբերականի հետ զրույցում վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժով լուծելու վաղեմի հուսյեր ուներ, սակայն վերջին հարձակումը ձեռնարկելու հարցում Բաքվին քաջալերողի դերում հանդես է եկել Թուրքիան։

«Սա Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կիրառված ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է», - նշել է վարչապետը՝ հիշեցնելով նաև Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների և ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման մասին, որոնք պետք է ուժեղացնեին ադրբեջանական բանակի ցամաքային ստորաբաժանումները։

«Նկարագրելով քրիստոնյա Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի միջև ծավալված ղարաբաղյան հակամարտությունը որպես «քաղաքակրթական ճակատ»՝ պարոն Փաշինյանը նշում է, որ կոնֆլիկտը «տարածքների համար չէ, խաղադրույքները շատ ավելի կարևոր են և բարձր», - նշում է The New York Times-ը։

«Հայաստանը Հարավային Կովկասում առկա վերջին խոչընդոտն է Թուրքիայի՝ դեպի հյուսիս, հարավ և արևելք տարածման ճանապարհին», - Նիկոլ Փաշինյանի խոսքերն է մեջբերում ամերիկյան պարբերականը։

XS
SM
MD
LG