Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հասկանում է՝ ինչո՞ւ է ռուս խաղաղապահների հարցը կրկին շրջանառվում. ուժային կենտրոնները, այդ թվում՝ Ռուսաստանը անընդհատ ձգտում են ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում, միջոցներից մեկն էլ խաղաղապահների տեղակայումն է, ըստ նրա։
«Ալ Ջազիրա»-ի լրագրողի ուղիղ հարցին՝ «կուզեի՞ք տեսնել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում», Փաշինյանը երեկ կարճ պատասխան էր տվել՝ «այդ հարցերը կարող են քննարկվել հակամարտության կարգավորման առավել լայն համատեքստում` Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը ժամեր անց լուր հրապարակեց՝ վերնագրելով՝ «Երևանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»։ Հղումն էլ Հայաստանի վարչապետին էին արել, թե հարցը պատրաստ են քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այսօր արդեն նույն լուրն այլ վերնագիր ունի՝ «Փաշինյանը չի բացառել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցի քննարկումը»։
Մի քանի օր առաջ կրկին ռուսաստանյան լրատվամիջոցներն էին հարցը բարձրացրել ու կրկին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։ Ռազմական գործողությունների 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի վարչապետը հարցազրույց էր տվել ռուսաստանցի լրագրողներին ու հայտարարել՝ Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայում: Մեր օրակարգում նման հարց չկա, ասել է Փաշինյանը։
Ռուսաստանը, հարցը օրակարգ բերելով, տրամադրություններ է շոշափում ու ոչ միայն Հայաստանում, կարծում է Հակոբ Բադալյանը։
«Հայտարարությունները, տեղեկատվական շրջանառությունները ինչ-որ ձևակերպմամբ հրապարակ բերելը, հետո փոխելը պետական լրատվամիջոցում այդ ձևակերպումը, այս ամենը, ես կարծում եմ, դիտարկվում է նաև լայն քաղաքական դիրքավորումների և քաղաքական շարժերի համատեքստում: Այստեղ բախվում են մի շարք ուժային կենտրոնների շահեր, և այս հարցը բավական բարդ ու բազմաշերտ է, հետևաբար ոչ իրատեսական իրականանալիության առումով: Ըստ այդմ հակված եմ ավելի շատ այն մտքին, որ պարզապես շոշափվում են տրամադրություններ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները առնվազն, Թուրքիա և Իրան առնվազ, Իսրայելն ունի էական դերակատարում Ադրբեջանին զինելու իմաստով», - ասաց Բադալյանը:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ասում է՝ Կրեմլը ձգտում է Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայել՝ իր շահերից ելնելով։ Բայց եթե ռուս խաղաղապահները մտնում են, Ռուսաստանը նախևառաջ պետք է հստակեցնի՝ ումի՞ց է պաշտպանում խաղաղությունը։
«Արձանագրված փաստ է, որ ագրեսիան սկսել է ադրբեջանական կողմը՝ թուրքական կողմի հրահրմամբ, այսինքն եթե Ռուսաստանը պիտի հայկական և ադրբեջանական կողմերին դնի նույն հարթության վրա, այդ դեպքում այդ խաղաղապահ առաքելությունը մեզ ավելի շատ կվնասի, քան օգուտ կտա: Լուրջ պատերազմը կասեցնելու առաջին քայլը, իմ կարծիքով, պիտի լինի այն, որ միջազգային հանրությունը պաշտոնապես պետք է ճանաչի եթե ոչ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա գոնե լիակատար անկախություն ձեռք բերելու իրավունքը, դրանից հետո միայն ԵԱՀԿ հովանու ներքո, այո, կարող են քննարկել խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցերը», - նշեց Բաղդասարյանը:
Ռուս խաղաղապահների տեղակայման հարց, ըստ Բաղդասարյանի, պարբերաբար եղել է՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մերժել են։
«Իրականում խաղաղության երաշխիքը հայկական բանակի առկայությունն է այնտեղ և սեփական շահերը պաշտպանելու մեր բանակի կարողությունը: Հիմա Ադրբեջանը վարձկանների միջոցով, Թուրքիայի միջոցով խախտել է այդ բալանսը և խաղաղության վտանգի պատճատն այդ է: Հետևաբար պետք է պատճառը վերացնել, հակառակ դեպքում ակնհայտ է, որ այդ խաղաղապահ ուժերն այնտեղ միայն իրենց խնդիրներն են լուծելու մոտավորապես այնպես, ինչպես այս հակամարտության ամենասկզբին՝ 89, 90, 91 թվականներին. Խորհրդային ներքին զորքերը գտնվում էին Ղարաբաղի տարածքում և պարզապես ակնհայտորեն խաչընդոտում էին հայկական ուժերի գործունեությունը, և շատ դեպքերում նպաստում էին ադրբեջանական կողմի գործողություներին», - ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:
Հակոբ Բադալյանը համաձայն է՝ լավագույն խաղաղապահը եղել է, կա ու լինելու է հայկական բանակը։ Խաղաղապահներն ազդեցության գործիք են, ըստ նրա, ու ոչ ավելին։
«Երևանն ու Ստեփանակերտն ունեն անվտանգության հարց և ինչպես Երևանն է ձևակերպել վերջին շրջանում, էքզիստենցիալ անվտանգության հարց: Մենք հիմա Թուրքիայի նախահարձակ գործողությամբ տեսնում ենք, որ բացարձակ իրական է այդ սպառնալիքը և այդ խնդիրը: Ըստ այդմ խաղաղապահները չեն կարող լինել այդ հարցի լուծում, հետևաբար չեն կարող ընդունելի լինել հայկական կողմի համար որպես օրակարգային հրատապ հարց: Իրանն է չափազանց զգայուն այս հարցի վերաբերյալ, որովհետև Թեհրանը բազմաթիվ անգամ հստակ հայտարարել է, որ թուլ չի տա և չի ընդունի իր հյուսիսային սահմանին երրորդ երկրի ռազմական ուժ՝ լինի ռուսական, թե որևէ այլ ուժ: Ադրբեջանի համար էլ այդ խաղաղապահները որևէ խնդիր չեն լուծելու, խաղաղապահները լուծելու են այն ուժային կենտրոնների խնդիրը, որը որ կներկայացնեն», - ասաց Հակոբ Բադալյանը: