Ալեքսեյ Նավալնին Գերմանիայում կմնա մինչև վերականգնողական կուրսի ավարտը

Ալեքսեյ Նավալնին Բեռլինում, 23-ը սեպտեմբերի, 2020 թ․

Թունավորումից հետո Բեռլինում ապաքինվող ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին մինչև վերականգնողական կուրսի ավարտը կմնա Գերմանիայում: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը` նշելով, որ խոսքը ո'չ օրերին, ո'չ էլ, հնարավոր է, շաբաթների մասին է:

Միաժամանակ Յարմիշը ընդգծել է, որ ապաքինվելուց հետո Պուտինի գլխավոր քննադատն անպայման կվերադառնա Ռուսաստան և կշարունակի իր պայքարը:

Ալեքսեյ Նավալնու մոսկովյան բնակարանը ռուս իրավապահների պահանջով հայտնվել է կալանքի տակ: Յարմիշի խոսքով, դատական կարգադրիչները որպես «Պուտինի խոհարար» հայտնի գործարար Եվգենի Պրիգոժինի ընդդեմ Նավալնու հայցի շրջանակներում կալանք են դրել Մոսկվայի Մարյինո շրջանում գտնվող Նավալնու բնակարանի վրա: Սա Մոսկվայում քաղաքական գործչի միակ բնակարանն է, որտեղ նա ապրում է ընտանիքի հետ:

Ապաքինվող Նավալնին երեկ նոր գրառում է արել Թվիթերում` ծաղրելով իր թունավորման մասին իրարամերժ վարկածներ բարձրացնում Ռուսաստանի իշխանություններին. – «Մի քիչ շփոթվել են, թունավորում չի եղել, սա շաքարախտ էր, Ռուսաստանում երբեք չեն մշակել «Նովիչոկ». այսօր արտգործնախարարությունն է հայտնել: Թունավորում եղել է, բայց դա արել են գերմանացիները: Թունավորում եղել է, բայց ես թունավորել եմ ինքս ինձ... Ինձ թվում է, Կրեմլում իմ թունավորման վարկածներ մշակող վարչություն է ստեղծվել»:

Իսկ այսօր Նավալնին նաև առաջին անգամ ներկայացրել է թունավորման վերաբերյալ իր վարկածը:

«Հստակ ոչինչ չեմ կարող ասել, սա միայն վարկած է: Որքան հասկանում եմ, մարդասպանների ծրագիրը հետևյալն էր. ես կվատանամ թռիչքից քսան րոպե հետո, տասնհինգ րոպե անց կկորցնեմ գիտակցությունս, բժշկական օգնությունը թռիչքի ժամանակ անհասանելի կլինի, ու ևս մեկ ժամ հետո կշարունակեի թռիչքս սև պլաստիկ տոպրակով ծածկված, օդանավի վերջին շարքում` սարսափեցնելով օդանավի ուղևորներին», - գրել է Նավալնին` շնորհակալություն հայտնելով օդաչուներին, որ արտակարգ վայէջք են կատարել Օմսկում, և շտապօգնության բժիշկներին, որոնք առաջին վայրկյանից հասկացել են, որ գործ ունեն թունավորման դեպքի հետ և ատրոպին են ներարկել: Այդ անծանոթ մարդկանց Նավալնին շնորհակալություն է հայտնել իրեն փրկելու և մարդասպանների ծրագիրը տապալելու համար:

Մինչդեռ Կրեմլի հնչեցրած վարկածներից մեկի շուրջ միջազգային սկանդալ է հասունանում, որը կարող է լրջորեն վնասել Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները: Ֆրանսիայի արտգործնախարարությունն այսօր հայտնել է Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասների արտահոսքի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին:

Սեպտեմբերի 22-ին ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրին, մանրամասներ էր հրապարակել Մակրոնի և Պուտինի միջև սեպտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցից, որի ընթացքում քննարկվել էր նաև Ալեքսեյ Նավալնիի թունավորումը: Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ Նավալնին ինքն իրեն թունավորել է: Մակրոնը, ըստ ֆրանսիական մամուլի, մերժել է ինքնաթունավորման տարբերակը և զայրացել է, որ Պուտինը նման անհեթեթ վարկած է հնչեցնում իր հետ զրույցում:

Ռուսաստանը Նավալնու թունավորման առնչությամբ ոչ միայն իրարամերժ վարկածներ է հնչեցնում, այլև հրաժարվում է քրեական գործ հարուցել: Եվ մեղադրում է Արևմուտքին Ռուսաստանի դեմ նոր արշավի իրականացնելու մեջ: Արևմուտքն իր հերթին Ռուսաստանին սպառնում է նոր, ավելի կոշտ պատժամիջոցներով:

Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են. ամերիկացի սենատորները, ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից, մշակել են մի օրինագիծ, որով առաջարկում են պատժամիջոցների ենթարկել ռուսաստանցի այն պաշտոնյաներին, ովքեր կարող են մասնակից լինել ընդդիմադիր գործչի թունավորմանը: Անուններ դեռ չեն հրապարակվել: Օրինագիծը նաև պարտավորեցնում է Սպիտակ տանը Կոնգրեսի համար հաշվետվություն կազմել Պուտինի և նրա ընտանիքի ֆինանսական վիճակի և ակտիվների մասին:

Նավալնու թունավորումը պետք է ուսումնասիրվի Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկողության մասին ամերիկյան օրենսդրության շրջանակում, որը Վաշինգտոնին պարտավորեցնում է տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ օրենսդրությունը խախտող երկրների դեմ: