Մատչելիության հղումներ

«Նովիչոկի» ստեղծողներից մեկի կարծիքով` Նավալնիի առողջության վերականգնումը 1 տարի կպահանջի


Քիմիկոս Վիլ Միրզայանովը, արխիվ
Քիմիկոս Վիլ Միրզայանովը, արխիվ

«Նովիչոկի» ստեղծողներից մեկի` այժմ Միացյալ Նահանգներում բնակվող քիմիկոս Վիլ Միրզայանովի կարծիքով` Ալեքսեյ Նավալնիի առողջության վերականգնման համար կպահանջվի մոտ մեկ տարի:

Дождь հեռուստաընկերության հետ զրույցում քիմիկոսը ներողություն է խնդրել ենթադրաբար «Նովիչոկով» թունավորված ռուսաստանցի ընդդիմադիր գործչից։ «Ներողություն եմ հայցում Նավալնիից այն բանի համար, որ ես մասնակցել եմ այդ հանցավոր բիզնեսին՝ այդ նյութի մշակմանը, որով նա թունավորվել է:

Երևում է` նա բոլոր սիմպտոմները հաղթահարել և ողջ է մնացել։ Նավալնին պետք է համբերությամբ զինվի, բայց ի վերջո նա պետք է առողջ լինի»,- նաև ասել է Միրզայանովը։

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը, ով շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցում, երեկ պատմել է, որ որոշ ժամանակ առաջ չէր ճանաչում մարդկանց և չգիտեր՝ ինչպես խոսել, այժմ էլ որոշ գործողություններ չի կարողանում ինքնուրույն անել, սակայն բժիշկները լուծել են ամենակարևորը՝ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկի, ով կարողանում է արագ թերթել Ինստագրամի էջերը և առանց մտածելու հասկանալ՝ որտեղ դնել «լայքեր»:

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է Ռուսաստանում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, ինչը հաստատել են նաև երկու անկախ եվրոպական լաբորատորիաներ: Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի կոշտ քննադատի հետ տեղի ունեցած միջադեպին, նաև հավաստիացնում, թե երկրի տարածքում չկան «Նովիչոկի» պաշարներ, դրանք ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության կանոնակարգերին համապատասխան։

XS
SM
MD
LG