«Շարիտե» հիվանդանոցն այսօր հայտնել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ապաքինվում է, նա արդեն կարողանում է ինքնուրույն ելնել անկողնից։ Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի մեկուսացումը Նավալնու թունավորումից հետո է՛լ ավելի է խորանում, իսկ արևմտյան առաջնորդները Ռուսաստանի ղեկավարությունից պահանջում են բացահայտել Նավալնու դեմ մահափորձի մեղավորներին։
Ֆրանսիացի փորձագետները հաստատել են, որ Կրմելի քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, և այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անձամբ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ընթացքում՝ կոչ անելով Պուտինին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։
Կրեմլի մամուլի ծառայությունը համաձայն, Պուտինն իր հերթին Մակրոնին հայտնել է, որ մերկապարանոց մեղադրաքները Ռուսաստանի հասցեին անտեղի են։ Ռուսաստանի ղեկավարը հերթական անգամ խոսել է Բեռլինում անցկացրած Նավալնու անալիզների արդյունքները ռուսական կողմին փոխանցելու և համատեղ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանում մինչ օրս չեն հարուցել քրեական գործ Նավալնու թունավորման վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրա համար հիմքեր չկան։
Գերմանիայի կառավարությունն այսօր հայտնել է, որ Ֆրանսիայի և Շվեդիայի անկախ լաբորատորիաները Բեռլինի խնդրանքով ուսումնասիրել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի անալիզները և հաստատել Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետների եզրակացություններն այն մասին, որ Նավալնիին թունավորել են:
Գերմանիայի կառավարությունը պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես նշել է. «Երեք լաբորատորիաներ, անկախ միմյանցից, ապացույցներ են ներկայացրել, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» նյարդապալարիտիկ նյութով»:
Հաղորդագրությունում նաև ասված է, որ գերմանական կողմը ռուս ընդդիմադիր գործչից վերցված նմուշները փոխանցել է քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին. «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին բացատրել, թե ի՞նչ է տեղի ունեցել: Մենք սերտ կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և նրանց հետ քննարկում ենք հետագա քայլերը»:
Գերմանական կողմը դեռ սեպտեմբերի 2-ին էր հայտարարել, որ նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութն անկասկած «Նովիչոկ» դասին է պատկանում, որը համարվում է մարտական և արգելված է ամբողջ աշխարհում: Դրա կիրառումը համարվում է քիմիական հարցակում:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերի ընթացքում ոչ երկիմաստ պատասխան տա այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ընդդիմադիր գործչի հետ: Եթե դա տեղի չունենա, Գերմանիան Եվրամիության գործընկերների հետ կքննարկի պատասխան միջոցների հարցը: Մաասը չի բացառել, որ իրենք կարող են անդրադառնալ նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի ապագային:
Մինչ Նավալնին բուժվում է թունավորումից Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, նրա թիմակիցները արձանագրել են իրենց փոքր հաղթանակը Ռուսաստանի տեղական ընտրություններում:
Մինչև թունավորվելը Նավալնին քարոզում էր «Խելացի ընտրության» ռազմավարությունը, որի հիմքում մաթեմատիկական հաշվարկի շնորհիվ կարելի է պարզել, թե թեկնածուներից ով է ի վիճակի հաղթել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին, և ձայն տալ նրան:
Ալեքսեյ Նավալնիին այս ռազմավարության համար քննադատում էին ընդդիմադիր դաշտի մյուս ներկայացուցիչները՝ շեշտելով, թե կոմունիստները կամ Ժիրինովսկու կուսակցությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից լավը չեն:
Սեպտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանում առաջին անգամ նոր կանոններով ընտրություններ են անցկացվել: Հուլիսի 1-ի սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից հետ Պետդուման մի շարք այլ փոփոխություններ ընդունեց, որոնք թույլ են տալիս քվեարկել երեք օրվա ընթացքում, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջողված է ճանաչել բազմօրյա քվեարկության պրակտիկան:
Ընդդիմությունն այս կանոնները քննադատում է՝ նշելով, որ ընտրություններն այլևս անվերահսկելի են դարձել իշխանությունների կողմից: Ընտրությունները կարող են անցնել ոչ միայն դրա համար նախատեսված շենքերում, օրինակ, ուսումնական հաստատություններում, այլ՝ բակերում, նույնիսկ ավտոտնակներում:
Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները, իշխող կուսակցությունն ի դեմս իր ղեկավարի՝ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարել է, որ դրանք հաջող էին կուսակցության համար, մյուս կողմից ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցներն ասում են, որ «Խելացի ընտրություն» ռազմավարությունն արդյունք է տվել և մի շարք մարզերում հաղթել են Նավալնիի թիմակիցները և դարձել քաղաքային դումաների պատգամավորներ:
Բոլոր այն մարզերում, որտեղ նոր նահանգապետ էին ընտրում, հաղթել են գործող նահանգապետները, միաժամանակ «Եդինայա Ռոսիան» կորցրել է երեք սուբյեկտների՝ Տոմսկի, Նովոսիբիրսկի և Տամբովի օրենսդիր ժողովների մեծամասնությունը:
Տոմսկի շրջանում Նավալնիի շտաբի համակարգող Քսենյա Ֆադեևան է հաղթել քաղաքային դումայի ընտրություններում: Քաղաքային դումա է անցել Նավալնիի տեղական շտաբի ևս մեկ ներկայացուցիչ՝ Անդրեյ Ֆատեևը:
Ընդդիմադիր գործչի շրջանային շտաբի երկրորդ ղեկավարը, որը հաղթել է ընտրություններում, Սերգեյ Բոյկոն է: Նա Նովոսիբիրսկի քաղաքային ընտրություններում հաղթել է ընտրատարածքներից մեկում:
Այս ընտրություններն էլ Ռուսաստանում անցել են բազմաթիվ խախտումներով: Ընտրական հանձնաժողովների նախագահները և քարտուղարները, ինչպես նշում են քվեարկությունը դիտարկող «Գոլոս» շարժման ներկայացուցիչները, զանգվածաբար հրաժարվել են ընդունել դիտորդների բողոքները, դիտորդներին ծանոթացնել փաստաթղթերին, օրինակ, ընտրողների ցուցակներին, ակտեր տրամադրել վաղաժամկետ անցկացված քվեարկության վերաբերյալ: Դիտորդները կեղծիքների և լցոնումների զանգվածային դեպքեր են արձանագրել: