Մատչելիության հղումներ

Բորելն առաջարկում է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել ԵՄ պատժամիջոցների նոր նախագիծը


ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել եվրոպական պատժամիջոցների նոր նախագիծը, որը կկիրառվի մարդու իրավունքների խախտումներին առնչություններ ունեցող ռուսաստանցիների նկատմամբ: Բորելը այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդարանում։

Նրա խոսքերով՝ պաշտոնը ստանձնելու պահից սկսած նա սկսել է աշխատել ԵՄ պատժամիջոցների նոր մեխանիզմի վրա, որը կլինի ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակը: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել այս աշնանը:

«Հուսով եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Նավալնիի հետ, կատալիզատոր կդառնա Եվրամիության բոլոր անդամ երկրների համար, որպեսզի նրանք խոսքից գործի անցնեն և հավանություն տան այդ պատժամիջոցների ռեժիմը։ Ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակով, մենք կարող ենք ունենալ «Նավալնիի պատժամիջոցների ռեժիմ», ինչը լավ հնարավորություն կդառնա ամփոփելու տեղի ունեցածը, և այնպես անել, որպեսզի Նավալնիի անունը ասոցացվի իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու հետ», - ընդգծել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

«Մագնիտսկու ակտը» ընդունվել է ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով 2008 թվականին, իրավապաշտպանների համոզմամբ, շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: 2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG