Արմավիրում օղու թունավորումից մահացածների հարազատները բողոքում են՝ իրենց որևէ պաշտոնյա չի ցավակցել

Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլային թունավորման առաջին դեպքերից 16 օր անց դեռ պարզ չէ, թե որտեղ է ստեղծվել կամ ում կողմից է ներմուծվել մեթիլի մահացու դոզա պարունակող սպիրտը, որի թունավորումից Հայաստանում արդեն մահացել է 21 մարդ, նրանցից 10-ը Արմավիրի, 1-ը Կոտայքի մարզում, 10-ը Երևանում։

«Թունավորման աննախադեպ այս դեպքի մասին վերջին օրերին լռություն է տիրում», - նկատում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: - «Չեմ լսել ուղերձ, պատկան կառույցներից եկած գնահատական, որ անպայման էս գործը բացահայտվելու է: Եվ ոչ միայն հանցագործություն կատարած անձանց բացահայտման և դատապարտման մասով, այլև անպայման տրվելու են գնահատականներ ոչ թե հանցագործություն կատարած, այլ աշխատանք չարած պետական պաշտոնյաներին` քաղաքական մասով»:

Մինչև կհնչեն կատարվածի գնահատականները, Արմավիրում օղուց թունավորված ու մահացած Գագիկ Նիկոլյանի հարազատներն ասում են՝ անգամ ցավակցություններ չեն հնչել ոչ միայն Կառավարությունից կամ Ազգային ժողովից, այլև անգամ քաղաքապետից կամ մարզպետից: Մինչդեռ, ըստ հարազատների, եթե սննդի վերահսկողությունը պատշաճ իրակացվեր, 21 մահ չէր լինի։

Մահացածի ընտանիքում ասում են, որ առողջական խնդիրներ չունեցող 61-ամյա Գագիկ Նիկոլյանին թունավոր օղին հյուրասիրել են ընկերները, անտառում բացօթյա խնջույքի ժամանակ. – «Ինչ-որ մեկը ընկերներից, թե որ մեկը, չգիտեմ: Միասին էին խմել: Մեկին գիտեմ, որ հետն ա էղել, մահացել ա: Ես էլ էի ճանաչում էդ մարդուն, որ մահացել էր: Բժիշկը հենց տեսավ, անմիջապես ասեց` նույն սիմպտոմներն ա, միանգամից տարած վերակենդանացում»:

Մահվան դեպքերից օրեր անց Արմանվիրում դեռ լարված մթնոլորտ է. շատերն արդեն գիտեն՝ իրենց համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանը, որը տանը կից արտադրամասում արդեն երկար տարիներ օղի էր պատրաստում, թունավոր սպիրտն իր հերթին գնել էր այլ անձանցից։ Ե՞րբ է բացահայտվելու թունավոր մեթիլով հագեցած առնվազն մեկ տոննա սպիրտի ողջ չափաքանակի ծագման վայրը. հարց է բարձացնում մեկ այլ արմավիրցի:

Արմավիրի մեկ այլ բնակիչ ևս տարիներ շարունակ օգտագործել է Աշոտ Հովսեփյանից գնված օղին, միշտ գոհ է եղել: Մահվան 21 դեպքերից հետո որոշել է խմել միայն իր ձեռքով պատրաստած օղին։

Արմավիրում 10 մարդու կյանք խլած, ստանդարտներին չհամապատասխանող սպիրտի վաճառքի առնչությամբ կա արդեն 3 ձերբակալված, սակայն Քննչական կոմիտեն սակավախոս է Երևանի թունավորման դեպքերի առնչությամբ։ Տեղեկացնում են, որ կան հարուցված 10 քրեական գործեր Երևանի տարբեր համայքներում։

Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում մահացածների մի մասը օգտագործել էր բժշկական սպիրտ՝ որպես օղու փոխարինիչ: Մահացածներից մյուսների գտագործած սպիրտի մասին տեղեկություն դեռ չկա։

Արդյոք հաստատվել է կա՞պ երևանյան 10 դեպքերի, ապա նաև այս դեպքերի ու Արմավիրի դեպքերի միջև: Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Ռիմա Եգանյանը տեղեկացնում է, որ «նախաքննությունը առայժմ կապ չի հաստատել այս դեպքերի միջև»։

Բաբկեն Պիպոյան. – «Ինչպե՞ս ա ստացվում, որ Արմավիրի դեպքում գիտենք, որ Աշոտից ձեռք բերեցին մարդիկ, և պետությունն ամբողջ ռեսուրսով` պատգամավորներից մինչև ուժային, բոլորն ասում էին` Աշոտի օղի եթե առել եք, չխմեք, և հանկարծ պարզվում ա, որ բժշկական սպիրտ են առել մինչև հիմա չգիտենք փողոցի՞ց, ապօրինի՞, դեղատնի՞ց, դեղատանը եթե եղել ա էդ սպիրտը, շշալցվա՞ծ, թե՞ ոչ շշալից, մակնշումո՞վ, թե՞ առանց մակնշում»:

Ինչու՞ իրավապահները չեն զգուշացնում մարդկանց, թե Երևանում հատկապես ինչ տեսակի բժշկական սպիրտից են եղել մահացու թունավորման դեպքերը: Քննչական կոմիտեից ասում են, թե այս պահին նախաքննության շահերից ելներով այլ տեղեկություն չեն կարող տալ։

Բաբկեն Պիպոյան. – «Իրականում մենք անգամ եթե ամբողջ շղթան հայտնաբերել և հետ ենք կանչել, ամբողջ շղթայի մեջ չեն կարող լինեն էն քաղաքացիները, ովքեր էս բժշկական սպիտը արդեն գնել, տարել են իրենց տուն: Գերխնդիրը վերաբերմունքն է մարդկային կյանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության կառավարման պետական համակարգի»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմավիրի քաղաքապետն ու մարզպետն իրենց ֆեյսբուքյան էջերում ցավակցել են զոհվածների հարազատներին: