Տնական արտադրության օղին դարձել է 11 մարդու մահվան պատճառ, հիվանդանոցներում դեռ կան ալկոհոլային սուր թունավորմամբ հիվանդներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենիա» բուժկենտրոնի թունաբանական բաժանմունքը շարունակում է ինտոքսիկացիայով հիվանդների ընդունել` հիմնականում Արմավիրի մարզից:
«Այս պահին մեր մոտ երկու հիվանդ կա ռեանիմացիոն բաժանմունքում էկզոգեն ինտոքսիկացիայով, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, ապարատային շնչառության են միացված», - փոխանցեց «Արմենիա» ԲԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Քիչ առաջ ևս երկու հիվանդ դարձյալ Արմավիրից այս բուժկենտրոն տեղափոխվեցին, նրանցից մեկը` 30-ամյա երիտասարդը ալկոհոլային թունավորմամբ ծայրահեղ ծանր վիճակում:
Արմավիրի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանն ասում է, որ հիվանդների հոսք սկսվել է գիշերվանից, երկրոդ դեպքից հասկացել են, որ խոսքը ալկոհոլային թունավորման մասին է. – «Կողմնորոշվել ենք երկրորդ դեպքից սկսած, որ ունենք սուր էկզոգեն թունավորում անհայտ ծագման ոգելից խմիչքի օգտագործման հետ կապված, կլինիկական նշաններով նման մեթիլ սպիրտից թունավորման»:
Թունավորվածները մեկ ընդհանուր խնջույքի չեն մասնակցել, սակայն նրանք հիմնակնում Արմավիր քաղաքից ու հարակից գյուղերից են եղել: Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու, իրացնելու հոդվածով ; Ձերբակալվել է արմավիրցի Աշոտ Հովսեփյանը, 50- ամյա տղամարդը կասկածվում է թունավոր օղու վաճառքի մեջ:
«Ենթադրաբար մենք գործ ունենք սպիրտը ջրով բացելու և որոշակի խմիչք պատրաստելու հետ, որը իրացվել է պոլիմերային տարաներով: Առգրավվել են նաև այդ տարաներով հենց արդեն պատրաստի խմիչքը, չօտագործված հյութի շշեր, որոնք նախատեսված են եղել վաճառքը իրականացնելու համար», - ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:
Դանիելյանն այս դեպքը աննախադեպ է համարում, առավոտից մարզում էր և քաղաք էր վերադառնում երկու նմուշով՝ ձերբակալված Հովսեփյանի պահեստից «սպիրտ» ու «օղի» գրառումներով. – «Սա մենք Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունից վերցրել ենք նմուշներ, որոնք կենթարկենք լաբորատոր փորձաքննության»:
Թե' բժիշկները, թե' սննդի անվտանգության մասնագետները շեշտում են, որ մահացու թունավորման պատճառը մեթիլ տեխնիկական սպիրտը կարող էր լինել: Այն հզոր թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5-10 գրամը ծանր թունավորում, կուրություն է առաջացնում, 30 գրամը` մահ։ Ի դեպ, ավելի մեղմ հոտ ունի կան սովորական էթիլային սպիրտը։
Աշոտ Հովսեփյանի տնից իրավապահները 200 լիտր տնական ոգելից են գտել:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան. – «Մեր ունեցած տեղեկություններով, գնման եղանակով են ձեռք բերել սպիրտը»:
Հովսեփյանների հարևանները մի քիչ նյարդային են. առավոտից փողոցում ոստիկաններ են, հարևանին տարան: Այնինչ ասում են՝ նրա օղուց բոլորս են խմել, ողջ ենք:
«Առել ենք, խմել ենք... Որպես մարդ մեծատառով մարդ ա», - ասաց հարևաններից մեկը:
Հարևանները ենթադրում են, որ նա մեթիլ թույնն ու էթիլ սպիրտը շփոթել է. – «Եթե իմանար, հաստատ կթափեր-կգնար»:
Պատիկից հարևանուհին՝ Քնարիկ Զազարյանը պատմեց, որ տան պապն էլ կոնյակի գործարանում է երկար տարիներ աշխատել, հետո սպիրտի հետ վարվելու փորձը փոխանցել սերունդներին. – «Հայրը մահացավ, ինքը շարունակեց: Փոքր էրեխեք ունեին, ինչո՞վ պիտի պահեր... Դրանք տենց մարդ չեն: Երևի շփոթմունք կա»:
Հովսեփյանների դուռ-պատուհանները փակ են, ինչն ինչին են խառնել այս տանը, առայժմ պարզ չէ: Պարզ է այն, որ մահացու ոգելիցի ևս 30 լիտր վաճառված է: Քննչական կոմիտեն գնորդներին հրատապ հորդորում է հանկարծ չխմել այն: