Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, ՍԴ դատավորների ընտրությամբ բարձր դատարանի անկախության հարցը չլուծվեց

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համոզմամբ՝ իշխող «Իմ քայլը» Սահմանադրական դատարանի դատավորների այսօրվա ընտրությամբ Բարձր դատարանի վստահության ու անկախության հարցն այդպես էլ չլուծեց։

«Իմ քայլը» դավաճանեց հեղափոխության արժեքներին». Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանց, արխիվ

Ինչպես իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցն է նշում՝ իշխող «Իմ քայլը» դավաճանեց հեղափոխության արժեքներին և Սահմանադրական դատարանը (ՍԴ) կրկին հայտնվեց հանցավոր ռեժիմի ձեռքում:

«Ես պնդում եմ, որ Սահմանադրական դատարանն այս քվեարկությամբ փոխանցվեց հանցավոր ռեժիմին, այսինքն արդեն թափուր պաշտոնները համալրեցին հանցավոր ռեժիմին ծառայած անձինք, մասնավորապես, Խունդկարյանը և Շաթիրյանը: Ես պնդում եմ, որ Խունդկարյանն ու Շաթիրյանը նախորդ ռեժիմի մասը կազմած անձինք են: Խունդկարյանի թեկնածությունն առհասարակ պետք է չքննարկվեր անգամ, որովհետև դա անընդունելի տարբերակներից մեկն էր, միայն նրա Եվրոպական դատարանի հետ կապված որոշումների քանակը, թիվը և իր պաշտոնավարելը որոշակի պաշտոններում հուշում են, որ այս մարդը հստակ ծառայել է հանցավոր ռեժիմին: Ցավում եմ, բայց իմ կարծիքով այս գործողություններով իմքայլականները դավաճանեցին հեղափոխությանը», - նշեց Կարապետյանցը:

Իրավապաշտպանն ընդգծում է՝ ցավում է, որ հեղափոխության ալիքի վրա Ազգային ժողովում հայտնված իշխանական պատգամավորները կտրված են իրականությունից, նրանք ցանկության դեպքում կարող էին տեսնել , թե իրենց ընտրած ՍԴ անդամները նախկինում ինչ պաշտոններ են զբաղեցրել և ինչ որոշումներ են կայացրել։ Նինա Կարապետյանցը մատնանշում է «Ա1 +» -ի փակման գործը, որի ժամանակին անմասն չի մնացել նաև Երվանդ Խունդկարյանը։

Խորհրդարանում իշխող ուժի այսօր կատարած ընտրության համար որևէ բացատրություն չգտնելով, իրավապաշտպանը չի բացառում, որ գուցե Սահմանադրական դատարանը կրկին նախկիններով փոխարինելու որոշումը, այսօրվա և հեռացած իշխանության միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունք է։ Ոչ միայն Սահմանադրական դատարանում, այլև որևէ համակարգում՝ թե՛ իրավապահ և թե՛ դատական, իրական փոփոխությունների բացակայությունը իրավապաշտպանին ստիպում են մտածել, որ ստեղծվում է հնարավորություն, որպեսզի նախկինները պատասխանատվության չենթարկվեն։

«Սահմանադրական դատարանը համալրեցին մարդիկ, որոնք որևէ փոփոխության ցանկություն չեն ունենալու, չեն էլ կարող ունենալ, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ եթե տեղի ունենար հեղափոխություն երկրում, մեկը Խունդկարյանը պետք է նստեր, բայց լրիվ այլ վայրում ու լրիվ այլ կարգավիճակում», - ասաց Կարապետյանցը:

«ՍԴ անդամները պետք է լինեն նաև լավ քաղաքացիներ, ովքեր մտածում են պետության մասին, կոնֆորմիստ չեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան, արխիվ

Քաղաքացիական հասարակության մեկ այլ ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը 2 հիմք ունի. մեկը՝ հանրության վստահության, մյուսը՝ դատավորներից շատերի անկախության բացակայությունն է։ Մինչդեռ իշխող «Իմ քայլն» այսօրվա քվեարկությամբ այդ խնդիրներից որևէ մեկը չլուծեց։

Իոաննիսյանի համոզմամբ՝ լավ իրավաբան լինելուց բացի, ՍԴ անդամները պետք է լինեն նաև լավ քաղաքացիներ, ովքեր մտածում են պետության մասին, կոնֆորմիստ չեն և ճգնաժամային իրավիճակներում կարող են գործել անկախ և ի շահ Հայաստանի Հանրապետության։

«Այս երեք դատավորները չունեն այդ հանրային վստահությունը: Բավարար է նույնիսկ նշել, որ 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ Արևելյան գործընկերության քաղհասարակության պլատֆորմի շրջանակներում կոչ են արել մերժել այդ երեք թեկնածուների թեկնածությունները: Երկրորդը՝ նաև այս երեք թեկնածուներից առնվազն մի մասը նախկինում իրենց գործունեությամբ ոչ միայն ցույց չեն տվել, որ իրենք անկախ և պետության մտահոգ քաղաքացիներ են, այլև նույնիսկ հակառակը՝ ապացուցել են, որ ոչ, իրենք անկախ չեն և հակված են լինելու կախյալ: Այս առումով չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվեց, ցավոք սրտի», - ընդգծեց Իոաննիսյանը:

«Խունդկարյանի և Հրայր Թովմասյանի միջև որևէ տարբերություն չկա». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրեսանեյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ նույնպես՝ խորհրդարանի այսօրվա ընտրությամբ իշխանությունն այդպես էլ չվերականգնվեց Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահությունը։

Իրավապաշտպանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ խորհրդարանում ՍԴ դատավորների ընտրության քննարկման ժամանակ չհնչեցին ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, Սահմանադրական դատարանի դերին առնչվող հարցեր։ Ըստ Սաքունցի, կարծես զուտ տեխնիկական հարց էր լուծվում։ ՍԴ-ում թափուր 3 տեղ կար, որոնք պարզապես լրացվեցին այլ անձանցով, ովքեր ըստ Սաքունցի, որևէ բանով չեն տարբերվում նախկին անդամներից։ Հետևաբար ողջ այս գործընթացը՝ անիմաստ էր։

«Եթե այս ամբողջ ջանքերը գործադրելու փոխարեն ընդամենը փորձեին երկխոսություն ծավալել և համաձայնության գնալ թե՛ Թովմասյանի, թե՛ Գյուլումյանի հետ, ապա էլի նույն արդյունքը կստացվեր: Հիմա հարց է ծագում՝ արժե՞ր արդյոք այսքան ժամանակ ծախսել, ռեսուրսներ ծախսել, այս ամեն ինչը ծավալել, երբ որ կարելի էր նույն փոխհամաձայնությունը ունենալ թե՛ Թովմասյանի, թե՛ մնացած Սահմանադրական դատարանի անդմների հետ: Այսինքն տրամաբանությունը նույնիսկ հասկանալի չէ: Ինչո՞ւ դա հնարավոր է Խունդկարյանի հետ և ոչ թե Հրայր Թովմասյանի հետ», - նշեց իրավապաշտպանը:

«Ազատության» հարցին, այսինքն ինքը ոչ մի տարբերություն չի՞ տեսնում Խունդկարյանի և Հրայր Թովմասյանի միջև, Սաքունցը պատասխանեց. «Բնականաբար, սա զուտ մեխանիկական փոփոխություն էր, առանց բովանդակային որևիցե հենքի»: