Մատչելիության հղումներ

ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը վստահեցնում է՝ պատրաստ է ընդունել խորհրդարանի ցանկացած որոշում


ՍԴ դատավորի Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
ՍԴ դատավորի Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Էդգար Շաթիրյանը չգիտի՝ Ազգային ժողովն իրեն կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր, թե՝ ոչ։ Երբ դեռ պաշտոնապես թեկնածու չէր, ասել էր՝ իշխող «Իմ քայլ»-ի հետ հանդիպումից պարզ կդառնա՝ ինչքանով է հավանական իր ընտրությունը։ Այդ հանդիպումը կայացավ, բայց երեկ էլ Շաթիրյանը կանխատեսումներով չուզեց զբաղվել։ Միայն ասաց՝ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում։

Մայր օրենքի վերջին փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր 3 տեղերից մեկում առաջադրման համար գործադիրը փնտրում էր նոր թեկնածու՝ բուռն քննադատություններից հետո ընտրվելուց ինքնակամ հրաժարված Վահրամ Ավետիսյանի փոխարեն։ Կանգ առան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ամիսներ առաջ իշխող «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածության վրա։ Բայց երբ Շաթիրյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր հետագա պաշտոնավարումը որպես հանձնաժողովի անդամ աննպատակահարմար համարեց ու հեռացավ։

«Քվեարկության արդյունքներով միայն հստակ պատկերը հնարավոր կլինի ուրվագծել», - երեքշաբթի օրն «Ազատության» հետ զրույցում ասաց Էդգար Շաթիրյանը՝ շարունակելով. - «Հանդիպման հետ կապված, անկախ Ազգային ժողովի դիրքորոշումից, ես կարծում եմ՝ օգտակար էր և անհրաժեշտ, որովհետև սույն գործընթացին նախորդել էր մեկ ուրիշ գործընթաց, որտեղ ես ևս որոշակի դերակատարում ունեի՝ նկատի ունեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և հասկանալիորեն մարդկանց մոտ առաջ էին եկել որոշակի հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ էր ներկայացնել որոշակի պարզաբանում»:

«Ազատություն». - Տարբեր գնահատականներ հնչում են հենց նույն համատեքստում, որ Դուք, փաստորեն, ընտրվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահ չընտրվելով՝ դուրս եկաք: Նույն օրենսդիրը ինչպե՞ս պետք է Ձեզ ընտրի: Այդ հարցը հնչե՞լ է այդ հանդիպման ժամանակ:

Էդգար Շաթիրյան. - Հարցը հնչել է, ընդ որում՝ տարբեր ձևակերպումների ներքո է հնչել, ոչ մեկ անգամ: Քանի որ հանդիպումը ինքնին եղել է փակ ձևաչափով, ես այս պահին կոռեկտ չեմ համարում չափազանց դետալացված այդ հարցին անդրադառնալը, բայց վստահեցնում եմ, որ ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, այլ հարց է, թե ինչ չափով են դրանք գոհացրել հասցեատերերին:

«Ազատություն». – Մարտի 1-ին ի՞նչ է տեղի ունեցել Երևանում: Սա ավանդական հարց է, պարոն Շաթիրյան, նախորդ թեկնածուների դեպքում, ծանոթ եք, որ այս հարցը մշտապես հնչել է: Ի՞նչ կպատասխանեք այդ հարցին:

Շաթիրյան. – Երևույթը բացասական է, և ինչ էլ այս պահին պատասխանեմ՝ քաղաքական նրբերանգ է դրան հաղորդվելու, ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Ինչ վերաբերում է իմ քաղաքացիական դիրքորոշմանը, միգուցե այս պահին ևս այդ առումով ձեռնպահ մնամ գնահատականներից, որովհետև գուցե շատ կտրուկ ստացվի և այս պահին ոչ տեղին:

«Նույն օրենսդիր մարմինը ինչպե՞ս պետք է նրան ընտրի ավելի կարևոր պաշտոնում»

Փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է՝ Շաթիրյանն արժանի չէ զբաղեցնելու ՍԴ դատավորի բարձր պաշտոնը։ Հիշեցնում է հենց նրա կարճ պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

«Գնահատում եմ միանգամայն անպատասխանատու վարքագիծ և թքած ունենալ մեր օրենսդիր մարմնի վստահության վրա: Եվ ուղղակի չեմ պատկերացնում, թե դրանից հետո այդ նույն օրենսդիր մարմինը ինչպես պետք է նրան ընտրի ավելի կարևոր պաշտոնում: Չի բացառվում, որ վաղը, եթե նա հավակնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին և մնացած 8 դատավորները անվստահություն հայտնեն նրա նկատմամբ, նա դարձյալ գնահատելու է, որ ինքը էնտեղ ևս անելիք չունի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հակոբյանը:

Իր հասցեին հնչող քննադատություններին ՍԴ դատավորի թեկնածուն այս պահին ձեռնպահ մնաց արձագանքել։

«Իմ քայլը» որևէ կաշկանդվածություն չունի»

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չունի Էդգար Շաթիրյանի թեկնածությանը կողմ կամ դեմ քվեարկելու հարցում, չնայած նա կառավարության թեկնածուն է», - պնդեց իշխանական «Իմ քայլ»-ից Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորի ձևակերպմամբ՝ խմբակցության ու Շաթիրյանի հանդիպման առանցքային թեման հենց նրա վարքագիծն է եղել՝ ինչո՞ւ նախագահ չընտրվելով չշարունակեց պաշտոնավարել որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Պատասխանները նախընտրեց չհրապարակել, բայց իշխանական պատգամավորի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ թեկնածուն ԱԺ ամբիոնից կբացատրի իր քայլը։

«Մեր հանդիպման ավարտից հետո էլ եղել է այդ նույն քննարկումը, որ այո, մենք ազատ ենք և փակ գաղտնի քվեարկությամբ ամեն մեկս իր կողմից տրված պատասխանների հիման վրա կկայացնենք մեր որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գաբրիելյանը՝ շարունակելով. - «Ամբողջությամբ էլ չեմ կարող ասել, թե բոլոր պատգամավորները ինչպիսի դիրքորոշում ունեին, համենայն դեպս՝ կար և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ»:

Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բարձր մասնագիտական և բարոյական որակներով իրավաբանը: Շաթիրյանն այդ պաշտոնին նոր-նոր կարող է հավակնել՝ 40 մեկ շաբաթ առաջ է դարձել։

Նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը ավելի վաղ էին առաջադրումներ արել՝ մեկ անգամ հենց այս խորհրդարանի կողմից մերժված Արթուր Վաղարշյանին ու Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին։

ՍԴ դատավորներին ԱԺ-ն է ընտրում՝ առնվազն 80 ձայնով, գաղտնի քվեարկությամբ: Հաշվի առնելով ընդդիմադիրների ձայները, եթե նրանք, իհարկե, մասնակցեն քվեարկությանը, թեկնածուների ընտրվել-չընտրվելը կախված է մեծամասնություն ունեցող իշխանական խմբակցությունից։ Քվեարկություններն արդեն սեպտեմբերին կկայանան:

XS
SM
MD
LG