«Ադրբեջանը փորձում է ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել». ՀՀ ՊՆ խոսնակ

«Հայկական զինված ուժերը դարձյալ փորձում են սրել իրավիճակը սահմանագոտում, երեկ երեկոյան կրակ են բացել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսպիսի հաղորդագրություն է տարածել։ Սրան ի պատասխան Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ ադրեբջանական կողմն է փորձում ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել։

Շուշան Ստեփանյան.«Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ինչը բնականաբար չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կասեցնում են նման փորձերը` միաժամանակ ձեռնարկելով համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար: Այս պահին սահմանի իրավիճակը կայուն վերահսկելի է»:

«Հայկական կողմը որևէ գյուղի ուղղությամբ կրակ չի բացել», - ասաց Շուշան Ստեփանյանը:

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հենց այդ հատվածում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսին, երբ, ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինուժի զինծառայողները Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, մարտական գործողությունները շարունակվեցին մի քանի օր։

Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, վերջին օրերին բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. – «Թիրախային կրակոցներ բնակավայրերի ուղղությամբ չեն արձանագրվել: Դիրքերի ուղղությամբ փոխհրաձգություն լինում է պարբերաբար, բայց ոչ նպատակային կրակ»:

Ալիբեյլիին ամենամոտ հայկական համայնքը Այգեպարն է, հուլիսյան սրացման օրերին էլ գյուղը բազմաթիվ վնասներ էր կրել։ Երեկ այստեղ ապրողները ակտիվ կրակահերթերի ձայներ են լսել:

Այգեպար համայնքի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Յամուկյան. – «Երեկ ժամը 10-ն այց 30-ից մինչև 20-ն անց 30 տարբեր տրամաչափի զենքերից մեր դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ: Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Այժմ հանգիստ է, և բնականոն աշխատանքի մեջ են ժողովուրդը»:

Այգեպարում շինարարական ակտիվ աշխատանքները շարունակվում են: Յամուկյանի փոխանցմամբ, հրետակոծությունից տուժած 52 տների մեծ մասը և բնակելի շենքներում 14 բնակարաններ վերականգնվել են. – «41 տան տանիք ամբողջովին ավարտված է արդեն, 3 տուն կավարտվի էսօր կամ վաղը: Ընդհանուր մնացել է մոտավորապես 10 տուն, որը որ պետք է խնդրենք Կառավարությանը, որպեսզի կարողանանք ամբողջությամբ ավարտենք այս աշխատանքները»:

Ներհամայնքանյին երկու կիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատումն էլ եզրափակիչ փուլում է։ Արկադի Յամուկյանի փոխանցմամբ՝ հուլիսյան սրացումից հետո գյուղը վերադարձել է բնականոն կյանքին. Գործում է մանկապարտեզը, իսկ դպրոցն այսօր ընդունել է 6 առաջին դասարանցիների, մեկին էլ սպասում են Ռուսաստանից. – «Էսօր առաջին դասարանցիների հետ ընդամենը եղել է ծանոթություն: Համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ»:

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաներ կառավարական առանձնատանն էին. նրանց համար խորոված էր պատրաստել վարչապետ Փաշինյանը ։

Ադրբեջանի հետ ամենաերկար՝ ավելի քան 350 կիլոմետր սահմանն ունեցող Տավուշում այս տարի դպրոց է մտել 1591 առաջին դասարանցի, 50-ով ավելի, քան նախորդ տարի։