Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլոր իշխանությունների օրոք էլ Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է կառուցողական՝ անկախ կառավարությունների քաղաքական ծագումնաբանությունից. – «Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով»:

Տավուշյան ռազմական գործողություններից հետո հրավիրված Անվտանգության խորհրդի առաջին նիստում Նիկոլ Փաշինյանը դրանք որակեց Տավուշի հաղթական մարտեր. – «Նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա»:

Ուստի, ըստ Փաշինյանի, Բաքուն պետք է ընդունի, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի. – «Որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է»:

Տավուշյան մարտերի պատճառների մասին այսօր միանգամյան նոր՝ մինչև օրս Երևանի և Բաքվի կողմից չհնչեցված վարկած է առաջ քաշել Ռուսաստանի արտգործնախարարը։ «Տրուդ» թերթին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովն ասել է, թե «...յուրատեսակ ձգան դարձավ աշխարհագրական գործոնը՝ հայկական կողմի որոշումը վերագործարկել հին սահմանակետը, որը ադրբեջանական արտահանող խողովակաշարերից 15 կիլոմետր հեռավորությամբ է։ Դա ոմանց մոտ ընդգծված մտահոգություն է առաջ բերել, ինչին մյուսները չարդարացված պատասխան են տվել՝ արդյունքում գործարկելով դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»։

Միաժամանակ Մոսկվան նաև շեշտում է, որ հուլիսյան բախումներին նպաստել են մի շարք պատճառներ. - «Առանցքայինը, բնականաբար, այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ, դրան ավելացավ սահմանի երկու կողմերում հանրային տրամադրությունների թեժացումը»:

Լավրովը պատմել է, թե կրակը դադարել է Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, թեև` «ոչ առաջին փորձից». հրադադարին նախորդել են հեռախոսազանգերը Երևան և Բաքու, կազմակերպվել է Ռուսաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների հանդիպում:

«Նրանք պետք է ամբողջությամբ գիտակցեն Ռուսաստանի օրենքներին չհետևելու պատասխանատվությունը», - ասել է արտգործնախարարը` ըստ ամենայնի նկատի ունենալով հայերի և ադրբեջանցիների մոսկովյան բախումները:

Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ:

Պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում Լավրովի այսօրվա հայտարարություն: «Ազատությունը» դիմել է արտգործնախարարություն:

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը նաև Թուրքիայի գործոնին է հատուկ անդրադարձել` ընդծելով, որ ապակառուցողական դիրքորոշումը հուլիսին Տավուշում հստակ երևաց. – «Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան»:

Տավուշյան մարտերից անմիջապես հետո Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանին համատեղ զորավարժություններ անցկացրին, որոնց ավարտին Անկարան նորից հայտարարեց, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին «օկուպացված տարածքներն ազատագրելու գործում»:

XS
SM
MD
LG