Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է՝ հուլիսյան բախումներից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շահագրգռված են, որ իրավիճակը հանդարտվի, և վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը, որոնց էլ որպես կանոն հաջորդում է արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր ուսանողների հետ հանդիպմանը ասել է Լավրովը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին հարցին։
«Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար», - ասել է նա:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է` այսպիսի հայտարարություններով Ռուսաստանը փորձում է հավասարակշռել այն քաղաքական առավելությունը, որը Թուրքիան փորձեց ստանալ Ադրբեջանի նկատմամբ տավուշյան մարտերից հետո. - «Սա, իհարկե, Ռուսաստանի համար էլ մարտահրավեր է, և հիմա Մոսկվան այդ հանդիպումների միջոցով կարող է փորձել իր ազդեցությունը մի փոքր վերականգնել: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում կարող են իրատեսական համարել կարգավորման որևէ բովանդակային քննարկում և որևէ բովանդակային հեռանկար, և ըստ այդմ կարծում եմ` բուն խնդիրը հենց այս հարակից էֆեկտներ ստանալն է և ոչ թե արցախյան գործընթացում որևէ այսպես ասած` առաջընթաց արձանագրել»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ևս պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի հետ։ «Հենց վաղը առանց որևէ պայմանի պատրա՞ստ եք հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ», հարցից հետո Մնացականյանը միևնույն ժամանակ խոսել էր Հայաստանի առաջնահերթությունների մասին, այդ թվում` չմոռանալով շեշտել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը. - «Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը հանդիսանում է բացարձակ առաջնահերթություն։ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որևէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումն Արցախի համար կարևոր առաջնահերթություն է»։
Բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման հարցի քննարկման շրջանակներում բացի Մնացականյանի հարցազրույցում արված շեշտադրումներից, վերլուծաբանը կարևորում է նաև 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի պայմանավորվածության հարցը. - «Երևանի աներկբա և անվերապահ պայմանը պետք է լինի, կարծում եմ, Վիեննայի օրակարգ հաստատվի, այլ կերպ ասած` հրադադարի մեխանիզմների միջազգային պատասխանատվության, միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրումը, և միայն դրանից հետո որևէ բանակցություն կամ քննարկում կարող է լինել Ադրբեջանի հետ: Այս առումով ես կարծում եմ` սա պետք է լինի Հայաստանօ հաջորդ քայլը որևէ հաջորդ սադրանքից անմիջապես հետո` անկախ դրա մասշտաբը»:
Տավուշյան սրացումների ֆոնին կողմերի հետ Ռուսաստանի ունեցած ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցը «Ինտերֆաքսի» լրագրողն այսպես էր ձևակերպել` «արդյոք այստեղ երկիմաստություն չե՞ք տեսնում»։ Ապա շարունակել էր` «ճիշտ է արդյոք, որ ռազմական համագործակցությունը սկսեց ընդարձակվել հուլիսյան սրացումից հետո»: Օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարել ՍՈւ-30ՍՄ (Су-30СМ) կործանիչների նոր խմբաքանակ ձեռքբերելու պայմանավորվածության մասին և այս համագործակցությունն աննախադեպ էր որակել: Մնացականյանն էլ իր հերթին ասել էր. - «Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխգործակցություն է: Այսպիսով, այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել»:
Տարիներ շարունակ կարծես թե հակառակ գործընթաց է եղել, և հայկական կողմն է բարձրաձայնել այն մասին, որ դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում իր հակառակորդ պետությանը։ Այս առումով փոփոխության միտումները ըստ վերլուծաբանի` տեսանելի են դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո. - «Գործնականում բոլորի համար պարզ էր, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան սնուցվել էր ոչ միայն թուրքական աջակցությամբ, այլ նաև ռուսական աջակցությամբ, բոլորի աչքի առաջ են միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն տրամադրել Ադրբեջանին, և այստեղ Ռուսաստանն արդեն իսկ ապրիլյան քառօրյայից հետո որոշակի բարդությունների առաջ հայտնվեց մի կողմից` Հայաստանի հասարակության առաջ պատասխանատվության իմաստով, մյուս կողմից` Բաքվի հետ նույն բնույթի գործակցությունը շարունակելու իմաստով: Եվ թավշյա հեղափոխությունից հետո այս պատասխանատվության հանգամանքը էլ ավելի է սրվում` հաշվի առնելով, որ մենք այլևս գործ ունենք Հայաստանի լեգիտիմ իշխանության հետ»: