Մատչելիության հղումներ

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը նախ եղել են Չինարի համայնքում, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետև, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ և դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն:

Երկրորդն էլ, այո՛, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որևէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետև հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձևը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը», - նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ:

Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` կառավարության ղեկավարն ասել է, որ փոփոխություն է կատարվել այստեղ աշխատող կանանց համար. վերջիններս երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000: «Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասել է վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի և ընդհանրապես սահմանապահ գյուղերի վերածննդի հարց: «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցման շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տունը հակառակորդի հրետակոծությունից ավերվել էր ամբողջությամբ, և կառավարության հատկացրած միջոցներով այժմ կառուցվում է վեց սենյականոց նոր տուն` իր ապաստարանով: Բացի այդ, Չինարիում արդեն իսկ ավարտվել են 12 բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք ևս տուժել էին հրետակոծությունից:

Այնուհետև վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մովսես համայնք: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպմանը բնակիչների հետ քննարկվել է գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: Վարչապետն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է` Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարում։ Այստեղ հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին և տիկին Հակոբյանին են ներկայացվել նաև Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղաղահրապարկի կառուցման և հրետակոծությունից վնասված 8 բնակարանների վերանորոգման աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաև Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG