«Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը». Լուկաշենկոն զգուշացնում է «ավագ եղբորը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տալիս ռուսական լրատվամիջոցներին, Մինսկ, 8-ը սեպտեմբերի, 2020թ.

«Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը», - երեկ ռուսական պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում զգուշացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ զանգվածային ցույցերն արդեն մեկ ամիս է` չեն դադարում: Նման մարդաշատ ու տևական բողոքի ալիք Բելառուսն իր նորագույն պատմության մեջ դեռ չէր տեսել:

Ինքը` ավելի քան քսանհինգ տարի անընդմեջ երկիրն առաջնորդող Լուկաշենկոն երեկ խոստովանել է` գուցե մի քիչ չափն անցել է իշխանավարման առումով, միաժամանակ ընդգծել` դա ամենևին չի նշանակում, թե մտադիր է կանգ առնել ու հրաժարական ներկայացնել: «Ես քառորդ դար կառուցել եմ Բելառուսը և հենց այնպես այս ամենը չեմ թողնի», - պնդել է Լուկաշենկոն, որին Արևմուտքում շատերն են Եվրոպայի վերջին բռնապետը համարում:

«Իհարկե, ինձ համար շատ ցավալի ու ողբերգական է տեսնել այս ամենը, բայց դա չի նշանակում, թե հուսահատվել եմ: Ես պետք է պաշտպանեմ այն, ինչ ստեղծել ենք մեր ձեռքերով, պաշտպանեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը կառուցել են: Նրանք, որ իրենց ձայնն ինձ են տվել, գերակշռող մեծամասնություն են կազմում, թեև տեսնում են ինձ ամեն օր` հեռուստացույցով, թեյնիկով ու արդուկով, և գուցե ինչ-որ տեղ նաև հոգնել են: Բայց, միևնույն է, ինձ են աջակցել»:

Լուկաշենկոն, սակայն, այդպես էլ չի հստակեցրել` այդ դեպքում ովքե՞ր են այն հարյուր հազարավոր մարդիկ, որ արդեն մեկ ամիս է` անընդհատ փողոց են դուրս գալիս իր հրաժարականի, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պահանջով:

«Եթե Լուկաշենկոն չլինի, ողջ համակարգը կփլուզվի, հետևից էլ կգլորվի Բելառուսը», - զգուշացրել է նա` չպարզաբանելով` ինչու է այդքան խոցելի երկիրը, որն, իր խոսքով, կառուցել է քսանհինգ տարի շարունակ:

Խոսելով ապագայի ծրագրերից` Լուկաշենկոն պնդել է, թե կարող է և վաղաժամ նախագահական ընտրությունների գնալ, բայց՝ միայն սահմանադրական բարեփոխումներից հետո: Ընդդիմադիրները, մինչդեռ, վստահ են` այս հայտարարություններով 66-ամյա առաջնորդն ընդամենը փորձում է ժամանակ շահել:

Ծավալուն հարցազրույցում, որն առաջինն էր մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, Լուկաշենկոն որևէ բառ չի ասել ընդդիմության մատնանշած ընտրակեղծիքների ու մարդու իրավունքների խախտումների մասին: Պնդել է` մարդիկ փողոց են դուրս գալիս Արևմուտքի պատվերով: Ընդ որում, նախագահական նստավայր հրավիրելով Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, Լուկաշենկոն մի քանի անգամ բացահայտ ակնարկել է` Ռուսաստանի նախագահն այսօր պետք է իր կողքին կանգնի, եթե չի ուզում, որ վաղն էլ իր իշխանությունը տապալվի:

«Ես շատ նախագահների հետ եմ խոսել, ինչպես նաև իմ ավագ եղբոր` Պուտինի, ես նրան զգուշացրել եմ` սրան դիմակայել չի լինի. ինչպե՞ս դիմակայես, ինչ-որ մեկը կարո՞ղ է արգելափակել այդ Տելեգրամ ալիքները... ոչ... այդ իսկ պատճառով, դուք էլ մի թուլացեք, ձեզ մոտ էլ շուտով քաղաքական իրադարձություններ են սպասվում», - ասել է Լուկաշենկոն, ընդգծելով`«եթե այսօր Բելառուսը փլուզվի, հաջորդը կլինի Ռուսաստանը»:

Կրեմլում «ավագ եղբայրը» Լուկաշենկոյի այս զգուշացում-հորդորը կարծես ամենայն լրջությամբ է ընդունել: Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե պատրաստ է ոստիկանական զորք մտցնել Բելառուս, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, անցած շաբաթ Մինսկ ուղարկեց վարչապետ Միխայիլ Միշուստինին, առաջիկա օրերին էլ պատրաստվում է հանդիսավորությամբ ընդունել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի վերընտրությունը արևմտյան մի շարք երկրներ չեն ճանաչում: