Ցուցակը կազմելու աշխատանքը կտևի մոտ մեկ շաբաթ
«Բելառուսը պետք է զբաղվի տնտեսությամբ, բա՛վ է, այս քաոսին հարկ է վերջ տալ»,- այսօր հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, և գրեթե անմիջապես դրանից հետո հաղորդվել է, որ Եվրամիությունը համաձայնեցրել է Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
Եվրամիությունը նրանց մեղադրում է օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները կեղծելու, ինչպես նաև խաղաղ ցուցարարների հանդեպ ուժայինների դաժան գործողություններն արտոնելու և կազմակերպելու համար: Պատժամիջոցների որոշումը Եվրամիության արտգործնախարարները համաձայնեցրել են Բեռլինում գումարած խորհրդաժողովում:
Միության անդամ երկրներից մի քանիսի պատվիրակներն առաջարկում են ցուցակում ընդգրկել ոչ միայն ուժային կառույցների ղեկավարներին, այլև հենց նախագահ Լուկաշենկոյին: Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրիչեկն ասել է, որ կա ընդհանուր համաձայնություն, և առաջիկայում ցուցակը կհստակեցվի: Այդ աշխատանքը հավանաբար մոտ մեկ շաբաթ կտևի:
Առայժմ չկա որոշում, թե երբ ցուցակում կլինի նաև Լուկաշենկոն
«Լուկաշենկոն պետք է լինի ցանկում, բայց դեռ չի որոշվել՝ առաջիններից մե՞կը, թե՞ նրա անունը կընդգրկվի հաջորդ փուլերում, երբ պարզ կդառնա, որ Բելառուսում ոչ մի դրական տեղաշարժ չկա»,- պարզաբանել է Պետրիչեկը:
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի կարծիքով, Լուկաշենկոյին կարելի է հիմա ընդգրկել ցուցակում, բայց գուցեև մարտավարական նկատառումներից ելնելով` նպատակահարմար կլինի առայժմ դա չանել:
Մինսկը սպառնում է փակել Եվրոպա տանող տարանցիկ ուղին
Ինքը` Բելառուսի ղեկավարը, քիչ առաջ արձագանքել է, թե պաշտոնական Մինսկը համարժեք պատասխան կտա, եթե Եվրամիությունը համարձակվի Բելառուսի հետ խոսել պատժամիջոցների լեզվով:
Նա, մասնավորապես, ասել է, թե Բելառուսը կփակի Եվրոպայի համար տարանցման ուղիները և կհրաժարվի Լիտվայի նավահանգիստներից:
Բելառուսում արդեն 20 օր է` շարունակվում են բողոքի ակցիաները: Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն, Լուկաշենկոն վաստակել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:
Բախումներում, ըստ պաշտոնական տվյալների, երեք մարդ է զոհվել, ըստ ընդդիմության տվյալների՝ զոհվել է վեց մարդ, կան անհետ կորածներ:
Երեկ ձերբակալվել են լրագրողներ, այդ թվում` «Ազատության» օպերատորը
Հրապարակներում և փողոցներում ցույցեր ու երթեր են, իրավապահները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ակտիվիստներին, ականատեսները սուլոցներով և «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով են արձագանքում ոստիկանների գործողություններին:
Բելառուսի ոստիկանները երեկ ձերբակալել են ցույցը լուսաբանող առնվազն 35 լրագրողների, նրանցից վեցն «Ազատությունից» են:
Ձերբակալվածների մեծ մասին ավելի ուշ ազատ են արձակել, սակայն մի քանիսին, այդ թվում` «Ազատության» օպերատոր Անդրեյ Յարոշևիչին մեղադրում են ապօրինի ցույցերին մասնակցելու և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար, դա վարչական իրավախախտում է, որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում: Մինսկի դատարանն այսօր է քննելու գործը:
«Լեհաստանը երազում է, որ Բելառուսը կազմաքանդվի»
Լուկաշենկոյի պնդմամբ, Արևմուտքը հիբրիդային պատերազմ է սկսել Բելառուսի դեմ: Նա ասել է, թե, մասնավորապես Լեհաստանն իբր ցանկանում է, որ Բելառուսը կազմաքանդվի, քանի որ այդպես կարող է յուրացնել Գրոդնոյի շրջանը: «Նրանք երազում են դրա մասին, բայց դա չի լինի»,- ասել է Լուկաշենկոն:
ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է, թե ոչ մի նման ծրագիր չունի.- «Բելառուսի ռեժիմը պարտավոր է հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում` խոսքի և ազատ հավաքների իրավունքը, ՆԱՏՕ-ն ոչ մի զորք չի կուտակում սահմանին, նման բան շահարկելով խաղաղ ցուցարարներին ճնշումների ենթարկելը բացարձակ անարդար է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ն «զավթում» կորակի ռուսների հնարավոր միջամտությունը
Ռուսաստանը հայտնել է, թե հարկ եղած դեպքում պատրաստ է ուժայիններով օգնել Լուկաշենկոյին: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անմիջապես դատապարտել են Վլադիմիր Պուտինի այդ դիրքորոշումը, ասելով, թե դա կնշանակի ինքնիշխան պետության զավթում: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է կրկնել այն, ինչ արել է Ուկրաինայում, իհարկե, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն բան հնարավոր է, բայց հուսամ` այդ բանը չի լինի, այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, Բելառուսի, այլ ոչ թե Ռուսաստանի, Եվրամիության, Չինաստանի կամ Միացյալ Նահանգների գործն է, Բելառուսի ճակատագիրը պետք է տնօրինի Բելառուսի ժողովուրդը»,- ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:
ԵԱՀԿ-ն պատրաստ է միջնորդել
Եվրոպան Բելառուսի ղեկավարներին կոչ է անում բանակցել ընդդիմության հետ, ԵԱՀԿ-ն այսօր հայտարարել է, թե պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին հարաբերությունների հարցերով նախարար Էդի Ռաման ասել է, որ ԵԱԿ-ն բացարձակ մտադիր չէ խառնվել Բելառուսի ներքին գործերին, սակայն ցանկանում է օգնել իշխանության և ընդդիմության երկխոսությանը, որը ճգնաժամից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհն է:
Էդի Ռաման ասել է նաև, որ այդ տեսակետն է կիսում նաև Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն, ով առաջիկայում կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի լիազորությունները:
Նախկինում Լուկաշենկոն կտրականապես մերժել է ընդդիմության հետ բանակցելու բոլոր առաջարկները: