«Եթե կանոնները պահպանենք, մեր երեխաները կստանան նորմալ կրթություն և չեն հիվանդանա». նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Դպրոցների ու բուհերի վերաբացումը կորոնաթվերի ավելացմանը չպետք է նպաստի: Եթե, այնուամենայնիվ, վերաբացման հետևանքով քովիդի հաստատված դեպքերը կտրուկ աճեն, կրթական հաստատությունները կրկին կփակվեն: Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց կրթության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դա շատ մեծ խնդիր է ընդհանուր կրթական համակարգի համար՝ այդպես բացել-փակել, բացել-փակել, անցնել առկայի, հետո նորից՝ հեռավարի, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դա թույլ չտանք, և թույլ չենք տալու», - ասաց նախարարը:

«Եթե մենք կանոնները պահպանենք, ապա մեր երեխաները կստանան նորմալ կրթություն, մեր երեխաները չեն հիվանդանա, մեր երեխաները վիրուս չեն տարածի, հետևաբար և մենք չենք ունենա թվերի աճ», - ընդգծեց Հարությունյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քովիդի պայմաններում դասի գնալու կանոնները հրապարակեց մի քանի օր առաջ: Պարտադիր դիմակ կրելու պահանջից զատ կան նաև հեռավորության և երեխաների տեղաշարժի սահմանափակումներ:

«Դպրոցները բացելիս մենք կիրառելու ենք էն կանոնները, որը նախապես Պարետատունը և Առողջապահության նախարարությունը սահմանել են, այսինքն՝ դրանից ավելի գործընթաց մենք չենք անում», - նշեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն ընդունում է՝ երեխաների դիմակ կրելու վերաբերյալ անհանգստություններ կան, սակայն, ըստ նրա, առկա են նաև շահարկումներ:

Հարությունյանն ասաց՝ իրենք նկատի են առել այն հանգամանքը, որ երեխաները երկար ժամանակ դիմակ կրել չեն կարող. - «Դասացուցակը էնպես ենք կազմել, որ երեխաները համեմատաբար նախորդ ուսումնական տարվա, իհարկե՝ չհաշված մարտ ամիսը, երբ դպրոցում դասեր չեն եղել, կարճ են մնալու դպրոցում, կարճ ժամանակով են մնալու»:

Կրթության ոլորտը համակարգող նախարարությունը կարևորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրերս հրապարակած ուղեցույցը, որտեղ նշված է՝ 12-ից բարձր տարիքի երեխաները պետք է կրեն դիմակներ, 6-11 տարեկանների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել որոշ գործոններ, այդ թվում՝ համաճարակային վիճակը տվյալ տարածաշրջանում:

«Հետևում ենք իրավիճակին, մենք ինքներս առաջարկներ ենք անում՝ կանոնների ուժեղացման, թուլացման, փոփոխման հետ, և ծնողներին և ուսուցիչներին պետք է ասեմ, որ էդ լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ թուլանալու են նաև կանոնները, և կարող է ստացվել մի իրավիճակ, որ մենք ամեն շաբաթ կարող ենք նոր ուղեցույց հրապարակել և թուլացնել դա», - ասաց Հարությունյանը:

Նախարարի գնահատմամբ՝ բազմաթիվ ծնողների քամահրական վերաբերմունքը հակահամաճարակային կանոններին նույնպես կարող է հանգեցնել թվերի աճին: Արայիկ Հարությունյանը տարօրինակ է համարում այն քննարկումները, թե այս կանոններով երեխաներին փորձադաշտ են դարձնում:

«Բոլոր երեխաներն են, մեր հարազատների, մեր բարեկամների, մեր ընկերների, էս նախարարության աշխատողների բոլոր երեխաները դպրոցներում են: Առնվազն, չգիտեմ, ինչ մտքի մարդ պետք է լինի, որ ասեն, որ «երեխաների վրա փորձեր եք անում», - շեշտեց Հարությունյանը:

Նա ծնողներին խնդրեց բացատրել երեխաներին կանոնների պահպանման անհրաժեշտությունը՝ աշակերտներին դասի ուղարկելուց առաջ ջերմաչափել ու հետևել, որ դասընկերների իրերը իրենց երեխաների մոտ չհայտնվեն, ինչը նույնպես վարակի տարածման ռիսկ է:

Հարությունյանն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե հանրակրթության ոլորտում փոփոխություններ անելով իշխանությունները փորձում են ազգային արժեքները վերացնել: Նախարարը պնդեց՝ գործող իշխանությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաազգայինն է, և հավելեց՝ հանրակրթության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ մի շարք շահարկումներ սուտ են, կեղծիք:

«Ո՞նց արձագանքենք էն ակնհայտ ստին, որ ասում են, թե Հայկական լեռնաշխարհ եզրույթը հանված է ընդհանրապես, և դրա փոխարեն թուրքական Անատոլիա տեղանունն է և եզրույթն է: Ո՞նց արձագանքել էն ստին ու կեղծիքին, որ ասում են՝ Հայ գրականություն առարկայից հայ բառը հանել են, ո՞նց, երբ որ 7-9-րդ դասարաններում արդեն իսկ եղել է ընդհանուր Գրականություն», - շեշտեց Արայիկ Հարությունյանը: