Մատչելիության հղումներ

Աշակերտների ծնողները հիմնականում համակարծիք են` եթե անհրաժեշտ է, երեխաները կկրեն դիմակներ


Ուսուցչուհի Վեներա Շատվերյանը վերջապես կարողացավ իր աշակերտներին տանել Դալիի ու Պիկասոյի գործերի երևանյան ցուցահանդեսին։ Մարտ ամսից հայտարարված արտակարգ դրության ընթացքում փակվեցին թանգարանները, դպրոցները, ինչպես նաև մի շարք այլ մշակութային հաստատություներ:

Թանգարանների գործունեության արգելքն օրերս հանվեց, սեպտեմբերի 15-ից էլ երեխաները կրկին կբացեն դպրոցի դռները։ Այդուհանդերձ, նրանք պետք է հետևեն հակահամաճարակային մի շարք կանոնների, այդ թվում` դասերի ընթացքում դիմակներ կրեն։ Ուսուցչուհին ասում է՝ առանց դիմակների շատ ավելի հաճելի կլիներ, բայց ուզեն թե չուզեն կանոններին պետք է հետևեն. - «Անհանգստություն չկա իրականում, որովհետև վիրուս ա, ոչինչ: Մարդու օրգանիզմն ամեն ինչ էլ հաղթահարում է»:

Դիմակ կրելու և մյուս բոլոր կանոնները ներկայացրել է Կրթության նախարարությունը։ Ըստ այդմ` դպրոցները պետք է ապահովված լինեն դիմակներով, ախտահանիչներով, դիմակներ պետք է կրեն ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչներն ու մյուս աշխատակիցները։ Դպրոցում գտնվելու ժամանակը սահմանափակելու համար աշակերտները դասի կգնան նաև շաբաթ օրերին, դասարաններում երեխաների թիվը չպետք է գերազանցի 20-ը, նրանց միջև անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր հեռավորություն։ Ընդմիջումներին երեխաները դասասենյակը չեն լքի, դուրս գալու անհրաժեշտության դեպքում էլ միայն ուսուցչի հսկողությամբ։

Տիկին Շատվերյանի` կորոնավիրուսից չվախեցող աշակերտուհիները կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ չարաճճիություններ չանել չեն կարող, չեն խոստանում, որ կհետևեն բոլոր կանոններին:

Լիլիթ Հովսեփյանն իր դուստր Միլենայի հետ նույնպես եկել էր ցուցահանդեսին ծանոթանալու, համաձայն է կանոններին, ասաց` դրանց հետևելը կարևոր է. - «Եթե այլընտրանք չկա, պետք ա հարմարվենք, մինչև էս ամենն ի վերջո անցնի»: Կնոջ խոսքով` երեխաները միևնույնն է` կշփվեն իրար հետ, բայց դա պետք է վերահսկելի լինի. - «Միգուցե հեռահար շարունակեին, ավելի լավ լիներ, արդեն հարմարվել էին, բայց երեխաները դրանից էլ են արդեն ձանձրացել, անընդհատ տան պայմաններում, դուրս չեն գալիս, չեն շփվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ` որոշ ժամանակ կհամբերենք, մինչև այս ամեն ինչը կվերջանա»:

Միլենան դասընկերներին կարոտել է, անհամբեր սպասում է սեպտեմբերի 15-ին. - «Շատ եմ ուզում տեսնել իմ ուսուցիչներին, ընկերներին, որովհետև շատ եմ կարոտել, հեռահար դասերի ժամանակ ես էլի լավ մասնակցում էի, ուղղակի մի փոքր էլի կարոտում եմ, ուզում եմ եմ նրանց իմ աչքերով տեսնել: Շատ եմ կարոտել, ուզում եմ գնալ դպրոց»:

«Ազատության» փոքրիկ հարցմանը մասնակցած աշակերտների ծնողները հիմնականում համակարծիք են՝ եթե անհրաժեշտ է, երեխաները կկրեն դիմակներ. - «Ամեն դեպքում անում են երեխեքի անվտանգության ու առողջության համար, երևի նորմալ է»:

«Ես կողմ եմ, որ երեխաները մաքսիմում հեռու լինեն», - ասում է ծնողներից մյուսը:

Նախարարության հրապարակած ուղեցույցի համաձայն` աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչի, գրավոր աշխատանքների համար տետրեր չեն օգտագործվի, դրանք կիրականացվեն թերթիկների միջոցով, ճաշարաններն ու բուֆետները չեն գործի։ Զանգվածային միջոցառումների կազմակերպումն արգելվում է։ Կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի 65-ն անց ուսուցիչներն անկախ առողջական վիճակից կարող են ընտրել գնալ դասի, թե ոչ։ Անգամ չգնալու դեպքում նրանք աշխատավարձ կստանան։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ընդգծում է՝ երեխաները թեև հիվանդությունը թեթև են տանում, այդուհանդերձ շատ վտանգավոր են վիրուսի տարածման տեսանկյունից. - «Նրանք շատ վտանգավոր են իրենց ընտանիքի տարեց անդամների համար, քանի որ վարակի փոխանցմամբ տեսանկյունից նրանք մեծ աղբյուր են»:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի 139 նոր դեպք է հաստատվել, դրական է եղել իրականացված 1494 հետազոտությունների 9.3 տոկոսը։ Մինչ օրս Covid-19 է հայտնաբերվել 42 հազար 612 մարդու մոտ, 35 հազար 907 անձ արդեն առողջացել է, այս պահին փաստացի բուժում է ստանում 5 հազար 605 վարակակիր, ինչն ըստ Առողջապահության նախարարության` դրական ցուցանիշ է. - «Փաստացի բուժվողներից 4 հազար 103-ը գտնվում են տանը, այսինքն` նրանք շատ թեթև կամ անախտանիշ են ընդհանրապես հիվանդությունը տանում, և արդեն մնացածը գտնվում են բժշկական կենտրոններում»:

Երեկ Covid-ից մահացել է 59-ից 92 տարեկան 8 մարդ, մահերի թիվը հասավ 850-ի։

XS
SM
MD
LG