Մատչելիության հղումներ

Նախարար. Բուհերում դասապրոցեսը վերսկսվելու է սեպտեմբերին


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դասերը կվերսկսվեն միայն բակալավրի 1-ին կուրսի ուսանողների համար։ Մյուս բոլոր ուսանողները բուհ կհաճախեն սեպտեմբերի 15-ից։ Կրթության նախարարը հայտարարել է նաև՝ բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար:

Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է նաև՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են։ Սեպտեմբերի 15-ից Հայաստանում կբացվեն նաև դպրոցները, սակայն, դասընթացների կազմակերպման կարգի մասին տեղեկատվությունը դեռ չի հրապարակվել։ Դասընթացների վերսկսման որոշում Հայաստանում ընդունվեց, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերը սկսեցին նվազել։

Այս պահին կորոնավիրուսով վարակված 248 հոգի գտնվում է ծանր, 64-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի օդափոխման արհեստական սարքին է միացված 19 մարդ, «Ազատությանը» փոխանցեցին Առողջապահության նախարարությունից։ Նախօրեին 284 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 38-ի, այսինքն` ավելի քան 13 տոկոսի մոտ, առողջացել է 71 քաղաքացի։

«Կիրակի օրերի ընթացքում լաբորատորիաներում տեղի են ունենում պրոֆիլակտիկ աշխատանքներ, և այդ առումով օրվա կատարված հետազոտությունների թիվը շաբաթվա կտրվածքով ավելի քիչ է», - ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Դեռ մեկ ամիս առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ավելացնելու են լաբորատորիաների թիվը, որի շնորհիվ կիրականացվի մինչև 4000 թեստավորում։ Նախարարի մամուլի խոսնակն ասաց՝ թեև այժմ ավելի քիչ մարդ է դիմում թեստավորվելու, սակայն լաբորատորիաների հագեցվածության ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

«Մեր լաբորատորիաներն այս պահին ի զորու են մինչև 2500 հետազոտություն իրականացնել, սակայն դիմելիությունը նվազել է քաղաքացիների կողմից, և մենք այդ առումով բավականին փոփոխություններ ենք արել, որպեսզի կարողանանք շատ հետազոտություններ իրականացնել, այդ թվում՝ 37,5 աստիճան ջերմություն ունեցող քաղաքացիների: Բայց համեմատելով նախորդ ամիսների հետ, դիմելիությունը նվազել է, ինչը դրական կարելի է արձանագրել: Ամեն դեպքում անկախ ամեն ինչից մենք չգիտենք, թե վաղը ինչ կլինի, և այդ առումով, այո, քայլեր արվում են, որպեսզի լաբորատորիաները կարիք լինելու դեպքում կարողանան իրականացնել մեծ թվով հետազոտություններ», - նշեց Նիկողոսյանը:

Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 1506 քաղաքացի, 4472-ն էլ՝ տանը։ Հայաստանում մարտի 1-ից մինչ օրս ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 701 հոգի, որոնցից 34 հազար 655-ն առողջացել է, 824-ը՝ մահացել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացածների թիվը 244 է։ Նախօրեին մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող 6 անձ, ևս մեկը վարակված էր կորոնավիրուսով, սակայն այլ պատճառով է մահացել։

Երկու օր առաջ առաջին անգամ արձանագրվեց կորոնավիրուսով վարակված 30-ամյա երիտասարդի մահվան դեպք, ով չէր ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ երիտասարդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր. «Շատ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ բավականին երկար ժամանակ նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեն նրա կյանքը, ցավոք, հնարավոր չի եղել»:

XS
SM
MD
LG