Մատչելիության հղումներ

Դպրոցները կվերաբացվեն, բայց սահմանափակումներով


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, 18 օգոստոսի, 2020թ.
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, 18 օգոստոսի, 2020թ.

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների համար սահմանված կանոնների մասին այսօր «Ազատությանը» որոշ մանրամասներ փոխանցեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հավելեց՝ ուղեցույցը պատրաստ է, կհրապարակվի շուտով:

«Այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ սա կազմակերպենք, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք արդեն մոտ ապագայում կհրաժարվենք նաև այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնենք», - նշեց նա:

Նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։ Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են նաև մասնավոր դպրոցների համար։ Նախարարի խոսքով` նոր կանոնները քննարկել են տնօրենների ու ռեկտորների հետ, այսօր էլ մասնավոր դպրոցների տնօրենների կարծիք-առաջարկներն են լսել:

Նախարարն այսօր կոչով դիմել է աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. - «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք»:

Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների պակաս լինի, ապա անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, քանի դեռ եղանակը թույլ կտա։

Իսկ ինչո՞ւ են սեպտեմբերի 1-ից դասի գնալու միայն բուհերի բակալավրի առաջին կուրսի ուսանողները, մանրամասնում է նախարարը. - «Բուհերն ըստ էության բավականին մեծ են և պետք է նախապատրաստվեն գործընթացին, որոշում կայացվեց, որ ավելի փոքր թվով ուսանողներով սկսվեն դասերը, որպեսզի բուհերն այդ ընթացքում թերությունները շտկեն, որ ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում արդեն ընտելացած լինեն այդ նոր իրավիճակին: Իրականում բուհերի համար և դպրոցների համար էլ միանգամայն նոր իրավիճակ է»:

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու: «Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Շուրջ 300 հոգի գտնվում է ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում գնալով նվազում է: Ինչպես կրթության ոլորտը, առողջապահությունը նույնպես փորձում է նախկին հունին վերադառնալ: Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող արդեն շուրջ 15 հիվանդանոց վերադարձել է իր նախկին բնականոն աշխատանքին։ Առողջապահության նախարարությունից ասում են, որ հակահամաճարակային երեք պարզ կանոնների պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերը հաճախակի ախտահանելն ու սոցիալական հեռավորություն պահպանելն արդյունք է տալիս։

Անցած օրվա ընթացքում կատարված 1067 թեստից կորոնավիրուսի դրական դեպք է արձանագրվել 145-ի մոտ, 327 մարդ ապաքինվել է, 9-ը՝ մահացել։ Բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, նրանցից ամենաերիտասարդը 65, ամենատարեցը 91 տարեկան էին։ Covid-ով վարակված մեկ մարդ էլ մահացել է այլ պատճառներով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ 221 մարդ գտնվում է ծանր վիճակում, 59-ը` ծայրահեղ ծանր, 16 մարդ էլ շնչում է թոքերի արհեստական օդափոխման սարքի օգնությամբ. - «Ստաբիլ պահպանվում են մահվան դեպքերը, չնայած որ նախորդ օրը մենք ավելի քիչ թվով մահեր ենք ունեցել, բայց 8-9 մահ ունենում ենք, լինում են այդպիսի օրեր: Դա կապված է նրա հետ, որ մենք դեռևս ունենք մոտ 300 մարդ, ովքեր գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, արհեստական օդափոխության սարքերին միացված են: Եվ այդ պատճառով քանի դեռ կան նման վիճակում գտնվող մարդիկ, բնականաբար մահերը ցավոք լինելու են»:

Թեև դասերը վերսկսվում են, այդուհանդերձ պարետի նոր որոշմամբ դեռ կպահպանվեն սահմանափակումները սպորտային, արվեստի և մշակութային խմբերի մասով: Գրադարանները, թանգարանները, թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կշարունակվեն անցկացվել միայն բացօթյա տարածքներում: Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարներն ու եթերում սուրդո թարգմանություն իրականացնող մասնագետները, եթե տաղավարում գտնվում են մենակ: Պարետի որոշման համաձայն` սպասարկման ոլորտներում կենդանի երաժշտությունը կթույլատրվի միայն բացօթյա տարածքներում, իսկ մեկ սեղանի շուրջ կարող է նստել մինչև 8 անձ` նախկին 5-ի փոխարեն:

XS
SM
MD
LG