Մատչելիության հղումներ

Դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջի հարցն այժմ քննարկվում է


Դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջն այժմ քննարկվում է, բացառված չէ, որ մինչև սեպտեմբերի 15-ին նախատեսված դասերի մեկնարկն այս պահանջը հանվի, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք հիմա որոշակի առաջարկություններ ունենք կոնկրետ դիմակների կրման հետ կապված, որի մասով, կարծում եմ, մինչև սեպտեմբերի 15-ը կունենանք պատկերացում փոփոխությունների մասին: Ինչ վերաբերում է հետագային, այո, ընթացքում նույնպես ուսումնական գործընթացի կազմակերպման և այդ հարցերի մասին կփորձենք տեսնել, թե որ կետերն են, որ խնդիրներ են առաջացնում, և ինչպես կարելի է դրանք ավելի ճիշտ կարգավորել», - ասաց նա:

Միևնույն ժամանակ փոխնախարարն ընդգծեց՝ փակ և բաց տարածքներում 6 տարեկանը լրացած երեխաների համար դիմակ կրելու պարտադիր պահանջն այժմ էլ գործում է, դպրոցներում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցը մշակելիս Կրթության նախարարությունը պարետատան սահմանած կարգավորումներին է հետևել. - «Դիմակներ կրել-չկրելու որոշումը կրթության ոլորտի որոշում չէ»:

Նախարարության օրերս հրապարակած ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները և անձնակազմը դիմակներ պետք է կրեն, դասերի ժամանակը կրճատելու համար շաբաթ օրը նույնպես դպրոցական կլինի։ Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը, եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր։

Կրթության ոլորտը համակարգող փոխնախարարը նաև նշեց՝ եթե Covid-ի հաստատված դեպքերը գերազանցեն աշակերտների ընդհանուր թվի 10 տոկոսը, ապա տվյալ դպրոցի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի. - «Բնականաբար, որևէ մեկի համար ցանկալի չէ սահմանել կանոններ, որոնք կարող են լրացուցիչ բարդություններ առաջացնել դպրոցներում, բայց բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը»:

Դասերի ընթացքում երեխաները գրատախտակի մոտ չեն գնա, գրավոր աշխատանքների համար տետրեր չեն օգտագործի, դրանք կիրականացվեն թերթիկների միջոցով։ Դասամիջոցներին աշակերտները դասարանը չեն լքի, անհրաժեշտության դեպքում դուրս կգան ուսուցչի հսկողությամբ։ Ճաշարաններն ու բուֆետները չեն գործի։ Ուսուցիչների գործը նույնն է մնում, պնդում է Անդրեասյանը: Այս պահանջների կարևորությունը երեխաներին բացատրելը մանկավարժի գործառույթն է:

Կանոնների պահպանման վերահսկողությունը կիրականացնի Կրթության տեսչական մարմինը, սկզբնական շրջանում տեսչականի աշխատակիցները դպրոցներ կայցելեն հանրակրթական հաստատություններին աջակցելու համար. - «Խնդիրն այստեղ որևէ մեկին տուգանելը չէ կամ որևէ մեկին պատժելը չէ»: Ժաննա Ալեքսանյանի խոսքով` իրենք բաց են նոր առաջարկությունների համար:

Ռիսկային տարիքային խմբում՝ 65-անց ուսուցիչները կարող են դասի չգնալ, այդ պարագայում ևս նրանք աշխատավարձ կստանան։ Աշակերտները, որոնց համար կորոնավիրուսը կարող է առավել վտանգավոր լինել, դասերին կմասնակցեն հեռավար տարբերակով, անհրաժեշտ կլինի ծնողի դիմումն ու բժշկի համապատասխան ցուցումը։

Հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում։ «Ազատութունն» այսօր այցելեց մայրաքաղաքի երկու դպրոցներ։ Հաստատությունների դասասենյակներն առայժմ չեն կահավորել այնպես, որ աշակերտների միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն լինի։ Դպրոցների պատասխանատուները վստահեցրին՝ կհասցնեն ավարտել գործերը ու կհետևեն ցուցումներին. - «Պարետի ցուցումները բոլորը ստացել ենք, մնում է` դասասենյակները կահավորենք ըստ պարետի տված օրինակների»:

Թիվ 174 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անդրանիկ Գևորգյանն ասում է՝ փոքր տարածքներով դասասենյակները չեն օգտագործի, փոխարենը դասեր կանցկացվեն դահլիճներում, լաբորատորիաներում. - «Բոլորը մեծ դասարաններում ենք անելու: Մենք պարի սենյակ էլ ունենք, հատուկ հատկացնում ենք դասարաններին, որ կարողանանք հեռավորություն պահպանել երեխաների անվտանգությունն ապահովելու համար»: Այս դպրոցի բոլոր դասարաններում աշակերտների թիվը գերազանցում է 20-ը, ուստի երեխաները կբաժանվեն խմբերի։

Համար 191 դպրոցում հարցազրույց չտվեցին, սակայն ասացին` նախապատրաստական աշխատանքի մեկնարկային փուլում են, մինչև դասերի մեկնարկը կհասցնեն ավարտել գործերը։

XS
SM
MD
LG