Գյումրիում արդեն թվով երրորդ փակ հաստատությունում է կորոնավիրուսի բռնկում արձանագրվել: Գյումրիի ծերերի խնամքի կենտրոնից ու գիշերօթիկ դպրոցից հետո այս անգամ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի տան և՛ աշխատակիցների, և՛ սաների մոտ է հաստատվել կորոնավիրուս:
Շիրակի մարզպետարանի առողջապության բաժնի պետ Լեյլի Ասլանայանն ասում է՝ հաստատությունը փակ կարանտինային ռեժիմում է գործում։ Նրա վստահեցմամբ՝ փակ հաստատությունները գտնվում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մարզային կառույցի մշտական հսկողության տակ։ Հերթական ստուգման արդյունքում էլ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքերը:
«Մանկան տանը» հերթական ուսումնասիրության ժամանակ աշխատակիցների մոտ է հայտնաբերվել դրական վարակ, իրականացվել է նմուշառում և՛ երեխաների, և՛ ամբողջ աշխատակազմի մոտ, հայտնաբերվել է 13 դրական դեպք, որոնցից 6-ը` տանը հսկվող երեխաների մոտ, 7-ը` աշխատակիցների մոտ: Կազմակերպվել է 6 երեխայի և 4 աշխատակցի տեղափոխություն քաղաք Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ աշխատակիցներից 3-ը գտնվում են տնային հսկողության տակ»:
«Ազատությունն» այսօր եղավ «Երեխաների տան» մոտ. դարպասները փակ էին, ներս մտնելն էլ՝ արգելված: Լեյլի Ասլայանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով հիվանդ թե՛ աշխատակիցների թե՛ երեխաների վիճակը բավարար է. - «Երեխաների առողջական վիճակը բավարար է գնահատվում, ես այսօր խոսել եմ «Երեխաների տան» տնօրենի հետ, աշխատակիցների վիճակն էլ դարձյալ գնահատվում է բավարար, հսկողության տակ են»:
Հանրապետությունում վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդածության ցուցանիշի անկման ֆոնին նաև Շիրակի մարզում էր արձանագրվել նվազում, սակայն վերջին օրերին կրկին դեպքերի թվի աճ է նկատվում:
«Մարզում համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն և վերահսկելի այս պահի դրությամբ: Վերջին շրջանում դեպքերի մի փոքր աճ ունենք: Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք 39 բուժվող հիվանդ, տնային հսկվում են 475-ը, որից 106-ի մոտ հաստատված դրական կորոնավիրուսային վարակ ունենք», - հավելեց Ասլանյանը:
Շարունակվում են գրանցվել նաև մահվան դեպքեր, թիվն արդեն հասել է 39-ի: Մահվան առաջին դեպքն է արձանագրվել բուժաշխատողների շրջանում. - «Վերջին մահվան դեպքը կրտսեր բուժաշխատող է եղել մեր մարզից, մեր բուժաշխատողների մոտ մահվան առաջին դեպքն էր:
(Մահվան նախավերջին դեպքը) ընտանիքից մայր և որդի էին, իրենք մեր ինֆեկցիոն հիվանդանոց էին ընդունվել և ընդունման հաջորդ տեղափոխվել էին քաղաք Երևան` հաշվի առնելով վիճակի ծանրությունը: Ցավով պետք է նշեմ, որ և՛ մոր, և՛ որդու մոտ գրանցվել էր մահվան ելք»:
Շիրակի մարզում համավարակի մեկնարկից մինչև օգոստոսի 15-ը կորոնավիրուսի 2 հազար 52 դեպք է հաստատվել: