ՍԴ դատավորի Կառավարության հավանական թեկնածուն հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, օգոստոս, 2020թ.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության հավանական թեկնածուներից մեկը՝ Էդգար Շաթիրյանն այսօր հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումից հետո Շաթիրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից աննկատ հեռացավ:

Փոխարենը, հանդիպման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց. - «Պարոն Շաթիրյանի հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել»:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 40-ամյա Շաթիրյանը անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձել էր իշխող «Իմ քայլ»-ի առաջադրած անդամը, բայց հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո իր պաշտոնավարումն աննպատակահարմար էր համարել: Կոռուպցիայի դեմ պայքարող նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Հայկուհի Հարությունյանը:

Արդյոք «Իմ քայլ»-ում մտավախություն չունե՞ն, որ այս անգամ էլ առաջադրվելով ՍԴ դատավորի թեկնածու՝ Շաթիրյանը կարող է հրաժարվել:

«Եթե առաջադրվի պարոն Շաթիրյանը Կառավարության կողմից, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային նաև հնչեցնելու: Քանի որ նիստը փակ էր, իր փոխարեն ես պատասխանատվություն չեմ վերցնի դա արձագանքելու», - ընդգծեց Մակունցը:

Էդգար Շաթիրյանը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ նախնական համաձայնություն է տվել՝ դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության թեկնածուն: Թե ով է առաջարկն արել, իրավաբանական գիտությունների թեկնածուն չէր բացահայտել:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ Կառավարությունը բացի Շաթիրյանից այլ թեկնածություններ ևս դիտարկում է: Թե ովքեր են նրանք, Մակունցը չբացեց փակագծերը:

«Մենք գիտենք, որ շրջանառվում են հնարավոր թեկնածուների շրջանակ, և քանի որ նաև պարոն Շաթիրյանի հետ կապված նույնպես ունեինք հարցեր, նպատակահարմար գտավ խմբակցությունը այս փուլում հանդիպել պարոն Շաթիրյանի հետ», - ասաց Լիլիթ Մակունցը:

Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրելու համար Կառավարությունը հաշվված օրեր ունի:

Սահմանադրության վերջին փոփոխություններով՝ դատարանում թափուր են մնացել երեք դատավորների տեղերը: Նախագահն արդեն առաջադրել է մեկ անգամ հենց այս խորհրդարանի կողմից մերժված Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովն էլ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն է հաստատել:

Ավելի վաղ էլ Կառավարությունը որպես իր թեկնածու էր առաջադրել Վահրամ Ավետիսյանին: Դրան հաջորդել էր իրավապաշտպանների ու Մարտի 1-ի գործերով դատապարտվածների բողոքի ալիքը՝ նրանք Կառավարությանը հորդորել էին հետ կանչել Ավետիսյանի առաջադրումը: ՍԴ դատավորի թեկնածուին ընդդիմացողներն իրենց պահանջը հիմնավորում էին Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությամբ: Նա 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր:

Ավետիսյանը շաբաթասկզբին հայտնեց, որ հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից: Նա գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից իր համար պարզ է դարձել, որ Սահմանադրական դատարանի դերակատարության, դատավորների ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ իր և որոշ պատգամավորների մոտեցումներն ու պատկերացումները համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում իր համար անընդունելի են: Ավետիսյանը ի վերջո խորհրդարանում ընտրվելը անիրատեսական էր համարել ու հրաժարվել էր իր թեկնածության քննարկումից: