Մատչելիության հղումներ

Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից


Իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից 17 օր անց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է թեկնածությունից:

Դատավորի պաշտոնում ընտրվելու իր համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին Ավետիսյանը հայտնում է ֆեյսբուքյան էջով:

«Ազզային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար», - գրել է Վահրամ Ավետիսյանը:

«Բայց իշխող մեծամասնությունը քվեարկության վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել», - տարակուսում է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: - ««Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը ներառում է 88 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում չի կայացրել և չի հրապարակել»:

Ընտրությունների արդյունքների հարցում նշանակալի դեր ունեցող խմբակցությունը դեռ դիրքորոշում չի հայտնել, բայց Կառավարության թեկնածուն իշխանական պատգամավորների հետ հարցուպատասխանից է այս եզրահանգմանը եկել. - ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։

Ալեն Սիմոնյան. – «Յուրաքանչյուր որոշում «Իմ քայլը» խմբակցությունում անցնում է քննարկումներ, և հնչում են տարբեր կարծիքներ, իրար հակադիր կարծիքներ: Բայց «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է գալիս վերջնական միասնական որոշումով: Կառավարությունը «Իմ քայլը» խմբակցության կառավարությունն է, և երբ որ Կառավարությունը իրեն ներկայացնում է, դա նշանակում է, որ «Իմ քայլն» է նաև իրեն ներկայացնում»:

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորած նիստում հաստատվել էր միաձայն:

Գործադիրի որոշմանը հաջորդեց իրավապաշտպանների ու նախկին քաղբանտարկյալների բողոքի ալիքը` թեկնածուն հեղափոխական չափորոշիչներից դուրս է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իսկ Ավետիսյանը 2008-ի արյունալի իրադարձություններին հաջորդած քաղաքական վճիռների «դակիչն է» եղել:

Իշխանական պատգամավորները թեկնածուին հանդիպման հրավիրեցին այդ դժգոհության ալիքից հետո: Հենց այս հանդիպումից հետո էլ Վահրամ Ավետիսյանը թերահավատ է, որ կստանար բավարար ձայն: Թեկնածուն իր մռայլ տպավորության մասին լռել էր հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ զրույցում: Հայտարարել էր, թե չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը:

Ալեն Սիմոնյան. - «Ես կարծում եմ, որ համացանցում, լրատվամիջոցներում և տարբեր տեղեր հնչող կարծիքների հետ կապված հարցերի պարագայում պարոն Ավետիսյանի մոտ տպավորություն է ինչ-որ ստեղծվել, որի պատճառով ինքը նման հայտարարություն է արել: Բայց էկեք չմոռանան և ֆիքսենք, որ ինքը «Իմ քայլը» խմբակցության, Կառավարության կողմից ներկայացված թեկնածու է, և Կառավարությունը իրեն հետ չի կանչել, «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկություն չի արել և քվեարկության որոշման մասին չի հայտարարել»:

Բարձր դատարանի դատավորի թեկնածությունից Ավետիսյանի հրաժարվելու քայլը ողջունելի է, հիմնավորումը` ոչ արժանահավատ, ասում է «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը. – «Ես սա համարում եմ Մարտի 1-ի գործով տուժածների, քաղբանտարկյալների, քաղհասարակության նվաճումը»:

Փաստաբան Հակոբյանը առաջիններից էր, որ բարձրաձայնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության անթույլատրելիության մասին, խայտառակություն էր այն որակել: Ասել էր, թե Ավետիսյանը որևէ հայտարարություն չի արել, որ հասկանալի լինի` արդյո՞ք դատապարտում է հոր անցյալ գործունեությունը. – «Ազգային ժողովի հանդիպումից հետո էլ մենք տեսանք, որ էսպես ասած նա գնաց իր հորը արդարացնելու ճանապարհով` մեծ հաշվով ասելով, որ էդ ակտերը դեռևս օրինական ուժի մեջ են, դրանք բեկանված չեն և այլն: Կարծում եմ, որ ի վերջո ինչ-որ կետում ինքը հասկացել է, որ էդ երկընտրանքը լուրջ բարոյական բեռ է իր համար, և որոշել է էսպես ասած էդ երկընտրանքի առջև չկանգնիմ հետ քաշվի»:

Լուսինե Հակոբյանի կարծիքով, Սահմանադրական դատարանի կազմը պետք է համալրեն Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը նպաստած թեկնածուներ: Այսպիսիք կան, և նրանց ասպարեզ բերելու համար անհրաժեշտ են հանրային լայն քննարկումներ. – «Ես այդուհանդերձ ապավինում են վարչապետի իմաստությանը: Ինքը չպետք է լսի իր թիմում եղած էսպես ասած լեգիստներին, այլ պետք է փորձի ընտրել իրապես հեղափոխությանը, ժողովրդավարությանը նպաստած թեկնածուների»:

Իրավապաշտպանները վերապահում ունեն նաև Նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուների` Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի նկատմամբ: Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է, Վաղարշյանը արդեն իսկ հետհեղափոխական Ազգային ժողովի կողմից մերժվել է: Երկու թեկնածուն էլ պետք է անհապաղ հետևեն Վահրամ Ավետիսյանի օրինակին, ասում է փաստաբանը:

Թեկնածուների մասին դրական կարծիքներ հնչել են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից:

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ լրահոսից տպավորություն է ստացել, որ Կառավարության թեկնածուն «Իմ քայլում» միանշանակ չի ընդունվել: Բայց իշխանության թևերի միջև այս հակասությունը ժողովրդավարություն չի համարում, այլ` անպատասխանատու վերաբերմունք. – «Չի կարելի պրոֆեսիոնալների հետ նման կերպ վարվել, որովհետև դա ազդակ պրոֆեսիոնալներին, որ այս իշխանության հետ չարժե ընդհանրապես գործ ունենալ, որովհետև նրանք ժողովրդավարության անվան տակ էթիկական, բարոյական և մնացած բոլոր կանոնների խախտումները էսպես դարձրել են բնավորության գիծ»:

Ընդդիմադիր պատգամավորի տպավորությամբ, չընտրվելու հեռանկարը չէ թեկնածությունից հետ կանգնելու պատճառը, այլ նրա դեմ սկսված արշավը: Իսկ գուցե քաղհասարակությունն ու իշխանական պատգամավորները իրենց ցանկալի թեկնածուին բերելու համա՞ր են ընդվզել: Բայց դա էլ կարող էին անել առանց թեկնածուին մրոտելու, ասում է Սիմոնյանը. – «Եվ բնականաբար, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անձնավորությունը չի ցանկանա, որ նման քաղաքական թեմաներում ընդգրկվի»:

Դեռ հայտնի չէ, թե ով է Կառավարության հաջորդ թեկնածուն, և իրավապաշտպանների աղմուկից հետո ինչ չափորոշիչներով կընտրեն նրան: Ընտրությունները նախատեսված են աշնանային հերթական նիստերում: Իսկ մինչև քվեարկությունը իշխանական պատգամավորները խուսափում են կարծիքներ հայտնել թեկնածուների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG