Մատչելիության հղումներ

Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու նախնական համաձայնություն է տվել


Էդգար Շաթիրյանը նախնական համաձայնություն է տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության թեկնածուն: «Ազատությանն» ասաց, որ վարչապետ Փաշինյանի հետ չի հանդիպել, չբացահայտեց, թե ով է եղել առաջարկ անողը։ Շաթիրյանի չի բացառում, որ այլ անձանց հետ ևս այդպիսի հանդիպումներ եղել են։

Այսօր չշտապեց ասել, թե ինչքանով է հավանական համարում ընտրվելը Խորհրդարանում, եթե Կառավարությունը, այնուամենայնիվ, իր թեկնածության վրա կանգ առնի։ Կարծում է, որ իշխող խմբակցության հետ հարցուպատասխանից պարզ կդառնա. - «Հարցը վերաբերում էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունն առաջադրելուն նախնական համաձայնություն տալուն: Ընդամենը եղել է նախնական զրույց: Սաղմնային վիճակում է, կարելի է ասել, հարցը: Կլինի, ամենայն հավանականությամբ, հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ, ինչից հետո արդեն թե' իրենք, թե' Կառավարությունը կհստակեցնեն իրենց դիրքորոշումը»:

Կառավարությունն իր թեկնածուին պաշտոնապես չի առաջադրել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում երեկ հայտարարել է՝ քննարկումները շարունակվում են, որոշում դեռ չկա։

Կառավարությունը 5 օր ունի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրելու համար։ Սահմանադրության վերջին փոփոխություններով, հունիսի 26-ից թափուր մնացած 3 դատավորների տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում: Այս պահին հայտնի է երկու թեկնածուի անուն. Նախագահն առաջադրել է մեկ անգամ հենց այս խորհրդարանի կողմից մերժված Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին։

Հիմա Կառավարությունը երկրորդ փորձը պետք է անի։ Նախորդ թեկնածուի՝ Վահրամ Ավետիսյանի առաջադրման համար խիստ քննադատվեց՝ մասնավորապես իրավապաշտպանների ու Մարտի 1-ի գործերով դատապարտվածների կողմից, թե` Վճռաբեկ դատարանի նախագահ աշխատած հայրն էլ 2008-ից հետո անմասն չի եղել քաղաքական վճիռներից։ Շաբաթվա սկզբին թեկնածուն ինքը նահանջեց` հայտարարելով, թե խորհրդարանում ընտրվելը անիրատեսական է համարում:

«Ազատության» հարցին, թե հնարավոր համարում է, որ իր դեպքում նույնպես հանրային ճնշում լինի, քանի որ առաջադրվելու դեպքում հայտնվելու է խոշորացույցի տակ, Շաթիրյանը պատասխանեց. – «Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր անձ, որը իր համաձայնությունը կտա ստանձնելու այդ պաշտոնը, չափազանց ծանր բեռ ու պատասխանատվություն է վերցնում իր ուսերին` հաշվի առնելով նաև վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած զարգացումները: Ցանկանում են ճշտել, որ լավ է թե վատ, ամեն դեպքում դա ինձ գոհացնում է: Ես այս պահին ունեմ բավական բարձր վարձատրվող աշխատանք իրավական և հակակոռուպցիոն հարցերով միջազգային կազմակերպությունում: Եթե անգամ, տեսականորեն եմ ասում, իմ թեկնածության վրա ընտրությունը կանգ առնի, էս հանգամանքը ևս չպետք է անտեսվի... Ասել կուզի` աշխատանք ես էս պահին էլ ունեմ, ինչը ինձ գոհացնում է: Ուղղակի ես ցանկություն ունեմ ներդնել իմ մարդկային, մասնագիտական որակները, ռեսուրսները մեր երկրի պետականաշինության գործընթացում»:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 40-ամյա Շաթիրյանը հասարակությանը հայտնի դարձավ, երբ անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձավ իշխող «Իմ քայլի» առաջադրած անդամը, բայց երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր պաշտոնավարումը աննպատակահարմար համարեց, հեռացավ։ Նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ դեպքում էլ նույնը` Ազգային ժողովն իրեն ընտրի, ՍԴ-ում նախագահն ինքը չլինի և աննպատակահարման համարի, Շաթիրյանն արձագանքեց. – «Առաջարկում են ենթադրություններով չառաջնորդվել: Նախքան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելը, շուրջ հինգ տարի պաշտոնավարել էի դրան նախորդող մարմնի անդամի պաշտոնում, առնվազն բարոյական հարթությունում կարող էի ինձ իրավունք վերապահել առաջադրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Պատճառը այդ հանձնաժողովի առնվազն երեք անդամների տոտալ անվստահությունն էր»:

«Իմ քայլը» պատրաստվում է Էդգար Շաթիրյանից պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞ւ չշարունակեց պաշտոնավարել որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Նաև այդ հարցի պատասխանը կուրվագծի իրենց հետագա դիրքորոշումը, «Ազատությանը» փոխանցեց իշխանական «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը։ Ի դեպ, այդ հանդիպումը, ինչպես փոխանցեց պատգամավորը, վաղն է նախատեսված։

Արդյո՞ք Կառավարություն այլ թեկնածություններ էլ է քննարկում։ Գաբրիելյանը վստահ էր՝ այո, բայց գործադրի փոխարեն կոռեկտ չհամարեց անուններ տալ. – «Նախքան առաջադրումը որևէ թեկնածուի, նպատակահարմար ենք գտնում մենք նույնպես հանդիպել նրա հետ: Օրակարգում կլինի նաև իր հրաժարականի պատճառները, կփորձենք ստանալ պարզաբանումներ և հասկանալ, թե ինչն էր պատճառը նման կարճաժամկետ պաշտոնավարման. կառավարող ուժի կողմից առաջադրված թեկնածուն մեկ-երկու օր անց հրաժարական ա տալիս: Իր կողմից տրված պարզաբանումները և պատասխանները մեզ որոշակի պատկերացում կտան նրա հավանական թեկնածության վերաբերյալ կողմ կամ դեմ արտահայտվելուն»:

ՍԴ դատավորներին ԱԺ-ն է ընտրում՝ առնվազն 80 ձայնով: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ քվեարկությունն արդեն սեպտեմբերին կանցկացնեն, իսկ այս պահին պաշտոնապես առաջադրված դատավորների ու նախագահի թեկնածուների հարցով, պնդեց, որոշում չունեն։

XS
SM
MD
LG