Սվետլանա Տիխանովսկայա. «Եկեք պաշտպանենք մեր քվեն»

Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրության դեմ բողոքներ են ոչ միայն Մինսկում, այլև Բելարուսի մյուս քաղաքներում, Գրոդնո, 14 օգոստոսի, 2020թ.

Բելառուսում հետընտրական ընդվզումները շարունակվում են:

«Դեռ կես տարի առաջ ոչ ոք չէր հավատա»

Բելառուսում հինգ օր շարունակ զանգվածային բողոքներ են: Անցած կիրակի օրվա ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշոնկոն:

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ձերբակալված ամուսնու՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկու փոխարեն է ներքաշվել ընտրապայքարի մեջ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է քվեների մոտ տասը տոկոսը:

Նա ստիպված փախուստի է դիմել և ապաստանել է հարևան Լիտվայում: Տիխանովսկայան օրերս տարածել է երկու տեսագրություն, որոնք վկայում էին ընկճված հոգեվիճակի մասին, ըստ նրա աջակիցների, տեսագրություններն արվել են ճնշման և սպառնալիքների ներքո:

Բայց այսօր Տիխանովսկայան մարդկանց դիմել է մի նոր՝ շատ ավելի հստակ տեսաուղերձով:

«Դեռ կես տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ բելառուսները կարող են միավորվել և հին իշխանությանն ասել «ո՛չ», բայց այդպես եղավ: Մենք գնացինք ընտրատեղամասեր և մեր ընտրությունն արեցինք, օրենքով, խաղաղ և արժանապատվորեն», - ասել է Տիխանովսկայան:

Նրա խոսքերով, մարդկանց մեծամասնությունը փոփոխությունների կողմնակից է:

«Այնտեղ, որտեղ հանձնաժողովներն արդար են աշխատել՝ ես ստացել եմ քվեների 60-ից 70 տոկոսը, մեծամասնությունը չի հավատում Լուկաշենկոյի հաղթանակին», - ասել է Տիխանովսկայան:

Նրա փոխանցմամբ, հիմա կրիտիկական վիճակ է, մարդու կյանքից ավելի թանկ բան չկա, բայց իշխանությունն արյունալի կոտորած է սարքել:

Տիխանովսկայան կոչ է անում դադարեցնել բռնությունը և երկխոսություն սկսել: Նա Բելառուսի քաղաքների քաղաքապետերին առաջարկում օգոստոսի 15-ին և 16-ին կազմակերպել խաղաղ հավաք-քննարկումներ:

«Եկեք միասին պաշտպանենք մեր ընտրությունը, ստորագրեք, որ ինձ եք ձայն տվել, հղումը տեսագրության տակ է, մեր ձայները պետք է լսեն», - ասել է Սվետլանա Տիխանովսկայան:

Մինսկում և Բելառուսի տասնյակ այլ ավաններում մարդիկ դուրս են գալիս փողոցներ և անտեսելով ոստիկանության հատուկ ստորաբաժանումների բիրտ գործողությունները, վանկարկում են՝ «հեռացիր»:

Կոչի հասցեատերը 1994 թվականին «Գորոդեց» սովխոզի նախագահի աշխատասենյակից հանրապետության նախագահի աշխատասենյակ տեղափոխված Լուկաշենկոն է, ով խոստացել է, որ իր երկրում մայդան չի լինի, իսկ այն ծրագրող բոլոր քաղաքացիները խստորեն կպատժվեն:

«Ես ողջ-առողջ եմ և արտասահմանում չեմ»

Ինքը Լուկաշենկոն այսօր ելույթ է ունեցել կառավարության նիստում և հերքել է երկրից հեռանալու մասին լուրը:

«Ես ողջ-առողջ եմ և արտասահմանում չեմ, չնայած ոմանց պնդումներին, թե իբր նախագահը լքել է երկիրը, այսօր ամսի 14-ն է, չէ՞, ուրեմն, մենք այստեղ ենք հավաքվել և քննարկում ենք շինարարական արդյունաբերության հարցերը», - ասել է նախագահը:

Այսօրվա ժողովում նա խոսել է նաև երկրում ծավալվող գործադուլների շարժման մասին:

«Չե՞ն աշխատում, թող չաշխատեք, ոչ մեկին չենք պարտադրելու, բայց թող լավ իմանան, որ օրինակ՝ եթե «Բելառուսկալում» գործարանը չախտախի՝ ռուսներն ու կանադացիները փառք կտան ու միանգամից շուկան կլցնեն իրենց ապրանքով», - սպառնացել է Լուկաշենկան:

Բելառուսում այս օրերի ընթացքում ձերբակալվել է մոտ 6 հազար 700 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, բախումներում զոհվել է առնվազն 2 ցուցարար:

Եվրոպական միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, միջազգային իրավապաշտպան կառույցները խստորեն դատապարտել են Բելառուսի ուժային ստորաբաժանումների դաժան գործողությունները:

Ոստիկաններն արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, հոսանքահարող և ռետինե մահակներ են կիրառել: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, որոշ դեպքերում նաև մարտական փամփուշտներ են օգտագործվել:

«Ծեծում էին բոլորին, կին, տղամարդ, երեխա, տարեց, տարբերություն չէին դնում»

Բանտերում և կալանավորների ժամանակավոր պահման կենտրոններում ձերբակալվածներին ոչ միայն ծեծում են ու կտտանքների ենթարկում, այլև ստորացնում են, ապա ստիպում են տեսախցիկի առաջ խոստանալ, որ այլևս հեղափոխության փորձերի չեն դիմի:

«Ծեծում էին բոլորին, կին, տղամարդ, երեխա, տարեց, տարբերություն չէին դնում», - «Ռոյթերին» ասել է քրեակատարողական հիմնարկից դուրս եկած մի երիտասարդ:

Ձերբակալվածների թիվն այնքան մեծ է, որ բանտերում տեղ չկա, նրանց ստիպված պահում են քրեակատարողական հիմնարկների բակերում՝ բաց երկնքի տակ:

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է ծրագրում, այսօր Բրյուսելում պետք է գումարվի Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտահերթ ժողովը: Դրան ընդառաջ ձերբակալվածների մի մասն այսօր ազատ են արձակվել:

Մինսկում Եվրամիության դեսպանները երեկ ծաղիկներ են տեղադրել մայրաքաղաքի այն շրջանում, որտեղ սպանվել է առաջին ցուցարարը:

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել միայն կոնսենսուսուվ:

Գերմանիան, Ավստրիան և Շվեդիան առաջարկում են անհապաղ ընդունել կոշտ որոշումներ, պատժամիջոցների կողմնակից են Լեհաստանը, Չեխիան, Բալթյան եռյակը և Դանիան: Հունգարիան հորդորում է չընդհատել երկխոսությունը պաշտոնական Մինսկի հետ:

Մինսկում ակնարկում են, թե ընդվզումները ծրագրել են Պրահայում և Վարշավայում

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այսօր ասել է, թե նպատակահարմար կլինի, որ Բելառուսում չեղարկեն ընտրությունների արդյունքները և նոր քվեարկություն անցկացնեն:

Մինսկում, բնականաբար, չեն էլ քննարկի այդ տարբերակը, այնտեղ համոզված են, որ բողոքների կազմակերպիչները Պրահայում են և Վարշավայում:

Մոսկվան՝ չնշելով որևէ երկրի անուն, երկրորդում է, թե տեղի ունեցող իրադարձություններն ունեն ծանոթ ձեռագիր և ղեկավարվում են դրսից: Այդ մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Մինսկը փորձում է կանխել ուրվագծվող առճակատումն Արևմուտքի հետ, ափսոսանք է հայտնում բախումներում կոշտ գործողությունների համար:

ՆԳ նախարարը ներողություն է խնդրում, իսկ գործադուլավորների թիվը մեծանում է

Ներքին գործերի նախարար Յուրի Կարավաևն ասել է, թե տուժածներից շատերը պարզապես չեն հասցրել հեռանալ վտանգավոր շրջաններից: Նա ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր հարվածների տակ են հայտնվել:

Մինչդեռ, Բելառուսում գործադուլների ալիքը թափ է առնում, ցուցարարներին իրենց համերաշխությունն են հայտնում գիտնականներ և արվեստագետներ, բանվորներ և ինժեներներ, բժիշկներ և ուսուցիչներ, մեծ թվով շարքային քաղաքացիներ: