Մատչելիության հղումներ

«Լուկաշենկոյի կառավարման վերջը եկել է». Ստեփան Գրիգորյան


Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հետևել են բողոքի ակցիաները: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ, ձերբակալվել է ավելի քան 6 հազար հոգի:

«Ազատությունն» այս թեմայով զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք չե՞ն շտապում մարդիկ, երբ ասում են՝ վերջ ավարտված է Լուկաշենկոյի ռեժիմը և անգամ այս բռնություններով նա չի կարողանալու պահել իշխանությունը:

Գրիգորյան. - Իրոք գալիս է վերջը իրա կառավարման, հիմա թե ինչ ձևով ի վերջո կձևակերպվի, բայց գալիս է վերջը, քանի որ բելառուս ժողովուրդը ոտքի կանգնեց: Ինքը չափն անցավ, ինքը միշտ էլ ուժ կիրառում էր, միշտ էլ ընդդիմադիրներին բերդ էր նստացնում և այլն, բայց ծավալը, մասշտաբն այդ բռնության այդքան մեծ կյանքում չի եղել: Ավելին, իրենց իրավապաշտպանները, որոնք դժգոհ են Լուկաշենկոյից, իրենք ասում էին՝ այդ պայթուցիկ նռնակները վտանգավոր, ինքը ակտիվ չի օգտագործել, իրենք հիշում են մեկ-երկու դեպք, հիմա մասսայական օգտագործում են ամբողջ Բելառուսով, պարզ է, որ վերջը գալիս է, ինչ ձևերով դա կձևակերպվի, շատ բան է կախված՝ ով կլինի միջնորդ, ով կաջակցի հիմա Բելառուսին, բայց այն, որ իրա ժամանակն ավարտվում է, ակնհայտ է: Շատ կասկածում եմ, բայց եթե նույնիսկ հիմա կարողանա բռնությունով այս հեղափոխությունը ժամանակավորապես խեղդել, ավարտվում է կառավարումը Լուկաշենկոյի:

«Ազատություն». - Երբ ասում եք՝ ինչ ձևով կհեռանա, նկատի ունեք, թե ինչքա՞ն արյուն կհեղվի կամ ինչպե՞ս իրեն երկրից կհանեն:

Գրիգորյան. - Այո: Երբ որ փողոցում նույնիսկ պատահական մարդկանց բռնում են, ծեծում են, ու դա էլ ինչ-որ խմբեր՝ ՕՄՕՆ է, թե ինչ է, գալիս են մեքենաներով կանգնում են, դուրս են գալիս, ծեծում են էդ մարդուն, նստում են գնում են, էդ դեպքում, իրոք, շատ լուրջ է վիճակը: Ինչ-որ նմանատիպ կոնցլագերների այս ձևի տեղեր իրանք ստեղծեցին, որտեղ որ հավաքում էին այդ մարդկանց ձերբակալված, պաշտոնական մինչև 7 հազար է, այն իրավապաշտպանները, ում մենք հավատում ենք, ովքեր տարիներ ի վեր ճիշտ ինֆորմացիա են տալիս, իրանք ասում են՝ նվազագույնը երկու անգամ ավելի մեծ՝ մոտ 12-13 հազար ձերբակալված մարդիկ, պայմանները՝ սարսափելի: Իրանց պառկացնում են թույլ չեն տալիս ժամերով, որ կանգնեն, կատաստրոֆիկ վիճակ է, ծեծում են: Այդ մասշտաբը ու դաժանությունը, անկեղծ ասեմ, շատ է զարմացնում ու ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, ուղիղ հակառակը, էն մարդիկ, որ դուրս չեն գալիս, երբ որ դա տեսնում են, դուրս են գալիս պայքարի:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, Հայաստանի հետ են համեմատություններ անում այս իրավիճակը, բայց Հայաստանում կար ընդդիմության առաջնորդ՝ հստակ գործողությունների ժամանակացույցով, ծրագրով, հիմա Տիխանովսկայան հեռացել է, Բելառուսում կա մարդկանց դժգոհ զանգված, կա անհամաձայնություն, անհաշտություն այս իրավիճակի հետ, բայց մարդիկ չգիտեն՝ ինչ անել և արդյոք սա չի՞ տանելու մարման:

Գրիգորյան. - Իմ կարծիքով, չի տանելու: Առաջինը՝ հիմա ուշքի է գալիս ընդդիմությունը, ինչ-որ փրկության ճակատ են ուզում ստեղծել, բայց գլխավորը գիտե՞ք որն է, պարզվում է այն, որ չկա ընդգծված լիդեր, Լուկաշենկոն ուղղակի վտարեց Տիխանովսկայային, բայց դա նաև դրական դեր խաղաց, որ կենտրոն չկա, Լուկաշենկոն չգիտի՝ ում ջարդի, դրա պատճառով էլ ինքն ամբողջ երկրով սկսեց այդ ռեպրեսիաները: Եթե կենտրոն լիներ, ինքը իրանց կձերբակալեր՝ 200-300 հոգի, ու դրանով կավարտեր: Դրա մեջ կա նաև դրականը, որ մարդիկ, նույնիսկ ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, դուրս եկան փողոց, ու շատ դժվար է և՛ Բրեստում բռնել, և՛ Գրոդնոյում, և՛ Մինսկում, դա մի քիչ նման է Հայաստանին, այո: Մեզ մոտ ձևավորվեց այդ լիդերությունը ու առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց այնուամենայնիվ, այն, որ տարբեր տեղերից մենք տեսնում էինք պայքար ու չկապված իր հետ, դա դրական դեր խաղաց: Հիմա Բելառուսում այդ տարրով նմանվում է մեր վիճակին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG