Ավինյան. Ամուլսարի վերաբերյալ նախկինում արված հայտարարություններն այսօր էլ ուժի մեջ են

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում, արխիվ

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը երեկ խորհրդարանում բարձրացրեց Ամուլսարի հարցը` դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. ո՞վ է պատասխանատու «Էլարդ» ընկերության կողմից պետբյուջեի վրա մոտ 400 հազար դոլար արժեցած ոչ արդյունավետ փորձաքննության համար, ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած բախումների, տուժածների, ոստիկանների գործողությունների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայողների կողմից իրավապահների աշխատանքը խոչընդոտելու համար։

Սամսոնյանի հարցերն այսքանը չէին. - «Օրինակ` ՇՄԱԳ-ի չեղարկման և մնացած այլ պահանջներին Դուք ի՞նչ արձագանք ունեք, ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր Ձեր խոստումների մասին Ձեզ հիշեցնում են, բարձրաձայնում են, բայց Դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»:

Հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն իրենց բողոքի ցույցերը դադարեցրել են դեռ նախորդ շաբաթ։ Իսկ բողոքի ակցիան սկսվել էր այն բանից, երբ հանքի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա»-ի պահնորդներն ապամոնտաժել էին դեպի սար տանող բնապահպան ակտիվիստների տնակներն ու իրենցը տեղադրել` հայտարարելով, որ դրանք ապօրինաբար են եղել իրենց տարածքում։

Իսկ երեկ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրումներին` փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ չի հիշում Ամուլսարի թեմայով տրված որևէ խոստում, որը չի իրականացվել։ Փոխվարչապետը խնդրեց՝ հարցն ավելի հասցեական ու կոնկրետ ձևակերպել։ Նա նաև ասաց, որ բազմաթիվ շերտեր ունեցող այդ խնդրահարույց թեմայի շուրջ նախկինում արված հայտարարություններն այսօր էլ ուժի մեջ են. - «Այն պահանջների հետ կապված, որ ներկայացնում են մեր հարգելի գործընկերները, և այն բողոքների հետ կապված, որ «Լիդիան» ընկերությունն էր բարձրաձայնում կառավարության նկատմամբ, և կարծում եմ` ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն թե ՇՄԱԳ-ի հետ կապված, թե պահնորդական ծառայության լիցենզիայի զրկման հետ կապված, համապատասխանաբար օրենքի և համապատասխան կառավարության որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն»:

Փոխվարչապետի խոսքով՝ եթե տրված՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը չի համապատասխանել բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, կչեղարկվի։ Լիցենզիայից զրկելու հարցն էլ, ասաց, կլինի այն դեպքում, եթե համապատասխան գերատեսչությանը դրա համար անհրաժեշտ բոլոր հիմքերը ներկայացվեն։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ Ամուլսարի խնդրով հանդիպում-քննարկումներ են ունեցել շրջակա միջավայրի նախարարի, Քննչական կոմիտեի ղեկավարի, տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկվել են շարունակվող քրեական գործի հրապարակայնության կարևորությունը, իհարկե թույլատրելիության սահմանում։ Պատգամավորի խոսքով` այս փուլում իրենց անելիքները պատկերացնում են այդպիսի հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով։

Պատգամավորը չի բացառել, որ ինչպես նախկինում, ապա այսօր էլ համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ կարող են լինել։
Չնայած պատգամավորների այս նախաձեռնությանը՝ նրանց ֆեյսբուքյան էջում բնապահպանները նշում էին, որ այլևս չեն վստահում իշխող ուժի ներկայացուցիչներին, որովհետև Ամուլսարում բախման այդ թեժ օրերին նրանք հիմնականում լուռ էին, բացառությամբ մի քանի պատգամավորների: Ընդդիմադիրները նաև նշել են՝ ամեն ինչ վաղուց քննարկված է, հիմա արդեն հստակ որոշումներ կայացնելու ժամանակն է։