ՀՀ զինուժի ղեկավարները հանդիպել են Հայաստանում Մինսկի խմբում համանախագահող երկրների դեսպանների ու ռազմական կցորդների հետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և Հայաստանում ԱՄՆ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի և դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելի հանդիպումը։ 28-ը հուլիսի, 2020

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ թուրք-ադրբեջանական համատեղ երկշաբաթյա զորավարժությունների մեկնարկի օրը, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Տոնոյանը նշել է, որ զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Իսկ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս Երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանների և ռազմական կցորդների հետ:

Երեկ հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով, այդ զորավարժությունները ուժի ցուցադրություն է թուրք-արդբեջանական կողմից, բայց ոչ միայն. – «Թուրքիայի երազանքն է մտնել Հարավային Կովկաս: Երբ որ ես ասում եմ Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ նաև Հայաստանի տարածքը, նաև Նախիջևանը, նաև Ադրբեջանը: Ինչքան էլ մենք չենք ասում` թուրք-ադրբեջանական հարաբերությունները դաշնակցային են և այլն, մի բան է, երբ համագործակցում ես, մեկ այլ բան` երբ ունես ռազմաբազա այդ երկրում, մշտական ինչ-որ զինվորական ներկայություն: Վտանգը նրանում է, որ Ադրբեջանը կարող է համարձակվել գնալ նորից սադրանքի: Հենց ընթացքում: Զորավարժություններն այսօրվանից են սկսվում մինչև օգոստոսի 10-ը: Իրենք կարող են նորից սադրել: Նույն Տավուշի ուղղությամբ, Նախիջևանի, նույնիսկ Արցախի: Սադրեն, որ բնական ստացվի, որ թուրքական զորքը ներգրավված է պատերազմական գործողություններին մեր դեմ»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նույնպես կարծում է, որ Հայաստանը պետք է զգոն լինի. – «Մենք բոլոր սցենարները հաշվարկում ենք: Տվյալ դեպքում ես կարծում եմ, որ իհարկե պետք չի թերագնահատել այս վտանգը, բայց նաև պետք չի գերագնահատել: Ես կարծում եմ, որ իհարկե, տեխնիկական աջակցություն ցուցաբերվում է թուրքական կողմից, և սա ապակայունացնող գործոն է` ռազմական աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերում է Ադրբեջանին, բայց, կարծում եմ, նաև էստեղ հոգեբանական գործոնն է շատ կարևոր: Դա նաև հոգեբանական աջակցություն է Էրդողանից իր բարեկամ Իլհամ Ալիևին, որի «գահը» վերջերս էդքան էլ ամուր չի: Որովհետև մենք տեսանք, որ ռազմական սադրանքը Տավուշում տապալվեց, Ադրբեջան»:

Հայաստանի սահմանին մոտ այսօր մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաև օդուժի կիրառմամբ վարժանքներ Բաքվում, Նախիջևանում, Գյաջնայում, Քյուրդամիրում, Եվլախում: Իսկ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայանալու են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12 -ին հայ - ադրբեջանական սահմանային սրացումից հետո։

«Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին», - հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։

Այս նույն շրջանում զորավարժությունններ են անցնացնում նաև Ռուսաստանը և Իրանը։

Միքայել Զոլյան. - «Իրականում նույնիսկ այդքան էական չէ համընկել է, թե ոչ: Ես հիմա չեմ կարող Իրանի կամ Ռուսաստանի զինվորականների փոխարեն պատասխանել, թե իրենք երբ են պլանավորել այս զորավարժությունները: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այն, որ այդ զորավարժություններն այսօր անցկացվում են, ի տարբերություն թուրք-ադրբեջանական զորավարժությունների, նման զորավարժությունները, ընդհակառակը, նպաստում են կայունությանը: Որովհետև դրանք ցույց են տալիս, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները ուշադիր հետևում են զարգացումներին և նրանք ևս պատրաստ են ցանկացած սցենարի: Եվ կարծում եմ, սա իհարկե ինչ-որ չափով կհավասարակշռի այն, ինչ որ տեղի է ունենում Նախիջևանում, և ինչ-որ չափով կօգնի սառեցնել որոշ տաք գլուխներ Ադրբեջանում և Թուրքիայում»:

Ի դեպ այսօր իսրայելական մամուլում հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցը, որում նա հայտարարել է. – «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը, քանի որ այդ զենքն օգտագործվում է հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար»: Արտաքին գործերի նախարարը նկատել է, որ վերջին տարիներին հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակում է մնալ չլուծված խնդիր երկու երկրների միջև: