Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:

Պաշտպանության Նախարարը ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Դեսպան Ջոնաթան Լաքոթը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։