Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում, անդրադառնալով վաղը մեկնարկելիք Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին, փոխանցել է պաշտոնական Անկարայի մեսիջը՝ «Ադրբեջանը մենակ չէ»:
«Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ ենք ունենալու, քանի որ նրանց հետ ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր ունենք: Որտեղից էլ սպառնան Ադրբեջանին, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով փակում ենք դիվանագիտության դռները», - ասել է Քալընը՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները տարածաշրջանային մի շարք հարցերի թվում երեկ քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեման: Քալընի խոսքերով, այս հարցում նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է. - «Մենք Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի միությունը, միասնությունն ու անվտանգությունը նաև մերն է: Եվ այստեղ ոչ մի կասկած չկա: Իր մոտեցման մասին Էրդողանը հայտնել է նաև Պուտինին՝ նրան առաջարկելով օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության թուլացման համար»:
Քալընն ընդգծել է, որ երկու նախագահների հեռախոսազրույցը արդյունավետ է անցել: «Համաձայնության են եկել միասին աշխատել, լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, կողմերին առաջարկներ անել և անմիջապես բանակցություններ սկսել», - նշել է Թուրքիայի նախագահականի խոսնակը՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին այս պայմանավորվածության արդյունքը կերևա:
Մինչ այդ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակության դաշինքի շրջանակներում վաղը օդային ու ցամաքային համատեղ զորավարժություններ կսկսվեն: Օդային ուժերը հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում:
Զորավարժություններին ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր: Anadolu գործակալության հաղորդմամբ, զորավարժություններին մասնակցող թուրքական ցամաքային զորքի և զրահատեխնիկայի մի մասը երեկ մտել է Նախիջևան: Սահմանին տեղի է ունեցել զորքի դիմավորման, երկու երկրների դրոշների փոխանակման հանդիսավոր արարողություն: Այսօր էլ թուրքական ռազմաօդային ուժերը վայրէջք են կատարել Բաքվում:
Չնայած Թուրքիան և Ադրբեջանը ամեն տարի նմանօրինակ համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս անգամ դրանց հատուկ ուշադրություն ու կարևորություն է տրվում հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին:
Այսօր թուրքական մամուլի առաջին էջերին կարելի է տեսել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին սյունակներ: Մասնավորապես, թուրքական Yeni պարբերականը «Ադրբեջանը մենակ չէ» վերնագրով հոդվածում, գրում է, թե «պաշտոնական Անկարան քաղաքական խոստումներից գործնական քայլերի է անցնում` ցույց տալով իր ռազմական ներուժը»: Türkiye թերթը փաստում է՝ «Հյուսիսային Կիպրոսից ու Լիբիայից հետո հիմա էլ Կովկասում է ցույց տալիս իր վճռականությունը՝ կանգնելով Ադրբեջանի կողքին»: Akşam թերթն էլ գրում է, թե «այս զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանն է Հայաստանի սադրանքներին»: