Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական լարվածությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլը, հավելելով` Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:

Հեռախոսազրույցից առաջ հաղորդվել էր, որ թուրքական բանակը պատրաստվում է մի քանի օրից Ադրբեջանի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ անցկացնել Հայաստանի սահմանից քիչ հեռու` Նախիջևանի տարածքում: «Վարժանքներում կներգրավվեն հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր», - նշել էր ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Երկու կողմն էլ նշել են, որ շահագրգռված են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով և բանակցություններով», - հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը։ Ըստ Կրեմլի, կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը` տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով:

Մոսկվան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է հրապարակավ հորդորում Անկարային նպաստել հայ-ադրբեջանական լարվածության թուլացմանը: Մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարն էր այս թեման բարձրացրել թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Մոսկվան ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը` իրավիճակի հետագա սրացումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար», - հաղորդել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե հայերը «անպայման պատասխան կտան իրենց արածի համար»: Պաշտոնական Երևանի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել նաև Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը և նախարարությունը, խորհրդարանականները, Ազգային անվտանգության խորհուրդը:

Պաշտոնական Երևանը դատապարտել է այդ հայտարարությունները և պնդել, թե Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG