Մի շարք իրավապաշտպաններ հորդորում են կառավարությանը հետ կանչել Ավետիսյանի առաջադրումը որպես ՍԴ դատավորի թեկնածու

Կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյան, արխիվ

Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և հատկապես մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մի քանի տասնյակ մարդիկ դիմում են կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու, դիմում են նաև Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն և դեմ քվեարկել։

Գրության տակ ստորագրած մի քանի տասնյակ մարդիկ պնդում են՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լիներ բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Վահրամ Ավետիսյանը, նրանց պնդմամբ, չի պատասխանում այդ հատկանիշներին։

«Իմ անձնական շահը տվյալ դեպքում՝ որպեսզի Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվի անկախ մարդ», - ասաց 2008-ի մարտյան իրադարձություններից հետո բանտում մեկուկես տարի անցկացրած ընդդիմադիր գործիչ Գրիգոր Ոսկերչյանը, ով նաև մեկն է՝ գրության տակ ստորագրածներից։

Թեկնածուի մասին խոսելիս՝ Ոսկերչյանն ընդգծում է նրա ոչ թե մասնագիտական հատկանիշները, այլ՝ բարոյական պատասխանատվության հարցը։

Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-2016 թվականներին պաշտոնավարել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

«Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են Հայաստանի դատական ատյանների, ընդհուպ` Սահմանադրական դատարանի քննության առարկա: Աներկբա է, որ քննության արդյունքում, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Ուստի, անթույլատրելի է, որ վերջինիս հետ փոխկապակցված անձ և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենա այդ գործերի քննությանը», - ասված է նամակում:

«Որդիները չպետք է պատասխանեն հայրերի արարքների համար», - շարունակում է Ոսկերչյանը, սակայն ընդգծում՝ այստեղ կա մեծ վերապահում. «Նա նշանակվում է Սահմանադրական դատարանի դատավոր և նա անպայման առնչվելու է իր հոր հետ կապված ինչ-ինչ հարցերի»:

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 10 զոհերից Գոռ Քոլյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը պահանջում է ՍԴ դատավորի թեկնածուից հստակ դիրքորոշում 12 տարի առաջ տեղի ունեցածի և դրա հետևանքների վերաբերյալ։

«Թող դատավոր լինի մեկը, որի պատմությունը մաքուր է, բայց մենք գիտենք իրանց ընտանիքի պատմությունը՝ եղել են զուտ հանրապետական, և իրենց ձեռքերով ինչեր է կատարվել այս տասնյակ տարիների ընթացքում», - ասաց Սարգիս Քլոյանը:

ՍԴ թափուր տեղերի համար առաջադրումները սկսվել են հունիսի 27-ից: Հաջորդ թեկնածուին արդեն նախագահն է առաջադրելու, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։

Հիշեցնքն՝ սահմանադրական փոփոխություններով դատավորի պաշտոնից հեռացվել են 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, իսկ Հրայր Թովմասյանը զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում։

Կառավարության առաջարկած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ ասաց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում առավելագույն չափով ապահովելու է բարձր դատարանի դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը։ Նրա թեկնածության դեմ արտահայտվողները, այդ թվում՝ մեկ այլ հայտարարությամբ հանդես եկող իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը, մինչդեռ հակադարձում է՝ անաչառությունը նվազագույն պահանջ է, իսկ ո՞րն է Ավետիսյանի արժեքային համակարգը, սկզբունքները։

«Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավորներին՝ հարցուպատասխանի ժամանակ այդ բոլոր հարցերը բարձրացնեն, այդ թվում՝ հանրային գերակա շահի հետ կապված, քանի որ ինքը եղել է դատախազ Պետական շահերի պաշտպանության վարչությունում: Վստահ եմ Կոռուպցիայի հանձնաժողովը ևս պետք է հարցեր տա, այսինքն՝ այդ վեթինգի պրոցեսը պետք է լինի», - ասաց Սարգսյանը:

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվել է հաշվի առնելով նրա կենսագրությունը և գործունեությունը, «Ազատության» հարցին, թե ի՞նչ չափորոշիչներ է հաշվի առել կառավարությունը Ավետիսյանին այս պաշտոնին առաջադրելիս, պատասխանեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, այլ փակագծեր չբացեց. «Պարոն Ավետիսյանի թեկնածությունը դեռևս քննարկվելու է Ազգային ժողովում և պատգամավորները հնարավորություն կունենան հանրությանը հուզող բոլոր հարցերը հղել և ստանալ պատասխաններ հենց պարոն Ավետիսյանից»:

Վահրամ Ավետիսյանի հետ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ հանդիպելու են «Իմ քայլի» պատգամավորները։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ բարձրացված հարցերի պատասխանները կփորձեն ստանալ Ավետիսյանից։ Սակայն միևնույն ժամանակ Մակունցն ընդգծեց. «Այս պահին թեկնածու է մի անձ, ով անմիջական որևէ կապ չի ունեցել որևէ դատավճռի հետ, դատական գործի քննության հետ»:

«Պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել»,- ֆեյսբուքյան էջում գրել էր խնդրո առարկա դարձած ՍԴ դատավորի թեկնածու Ավետիսյանը, սակայն որոշ ժամանակ անց ջնջել պատասխան նամակը։

«Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»,- գրել էր ՍԴ դատավորի թեկնածուն՝ հորդորելով՝ սովորել ապրել ժողովրդավարական պետությունում։

«Ժողովրդավարական պետությունում շահը մեկն է՝ բարձր դատարանում ունենալ արդար դատավորներ», - չուշացավ նրա գրառման պատասխանը վերոնշյալ նամակի հեղինակներից։