Հայ-ադրբեջանական բախումներ Վարշավայում և Լոնդոնում. պատմում են տեղի հայերը

Տավուշում սահմանային լարվածությանը զուգահեռ հայ-ադրբեջանական տարաձայնությունները վերջին օրերին դրսևորվեցին նաև մարտական դիրքերից հեռու՝ արտերկրում։ Վարշավայում և Լոնդոնում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով տուժածներ ու բերման ենթարկվածներ են եղել։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ կայացած ցույցի կազմակերպիչ, հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանն «Ազատությանը» պատմեց՝ մի քանի տասնյակ հայերով Ադրբեջանի դեսպանատան դիմաց խաղաղ ցույցի էին գնացել` հայտարարելու, որ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումն անթույլատրելի է։ Բոյաջյանի խոսքով` մեծ թվով՝ շուրջ 200 ադրբեջանցիներ էլ հավաքվել էին` իրենց դեսպանատունը խաղաղ ցուցարարներից պաշտպանելու։

Մինչև հայ ցուցարարների դեսպանատուն հասնելը ադրբեջանցի ցուցարարներին դեմ-դիմաց կանգնել և աղոթք են կարդացել Լեհաստանի հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցու առաջնորդները։

«Մեր հոգևոր հայրերի ներկայությունն արդեն նշանակում էր, որ մեր ցույցը խաղաղ է լինելու, մենք ուրիշ նպատակներ չունեինք, բայց պրովոկացիաները շատ կային ադրբեջանցիների կողմից», - ասում է նա:

Բոյաջյանը պատմում է, որ ցույցի նախորդ օրն ադրբեջանցիներն իրենց սպառնալիքներով նամակներ են գրել՝ ուղարկելով ընտանիքի անդամների ու երեխաների նկարները։ Հայկական ցույցի կազմակերպիչը պնդում է՝ ադրբեջանցիների սադրանքի հետևանքով է խաղաղ ցույցը բախումների վերածվել։ Պատմեց՝ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ օգտագործել, ասաց՝ մեկ հայ է բերման ենթարկվել և շուրջ 1 տասնյակ ադրբեջանցիներ։

Նույն օրը երեկոյան ազատ է արձակվել ցույցի հայ մասնակիցը, որն, ըստ Բոյաջյանի, ուշ է հասել դեպքի վայր ու պատահմամբ մեքենան կայանել է հենց ադրբեջանցիների մոտ, հետո փորձել է եռագույնը ձեռքին միանալ հայերին, սակայն ադրբեջանցիները փորձել են այն խլել, ու բախում է սկսվել նաև ցույցի այդ հատվածում. - «Այդ ակտիվ պրովոկատորները դուրս էին գալիս Ադրբեջանի դեսպանատնից, վազում էին հայերի վրա, փորձում էին դրոշակ խլել, մի քիչ տուժեցին ադրբեջանցիները, ինչի համար ցավում եմ: Ճիշտ է` ոստիկանությունը կար, իրենք էլ տեսան` մենք չէինք գնացել ադրբեջանցի ոչ ծեծելու, ոչ ուրիշ բան: Կազմակերպությունների ղեկավարներ կային, հոգևոր հայրեր, մենք խուլիգան չենք, մենք չենք գնում, ոչ մեկին ծեծենք, մենք դրանով ուրախանալու բան չունեն: Մենք քչով գնացել ենք մեր ճիշտը ներկայացնելու, իսկ իրենք եկել են, ուզում էին մարդկանց խփել, դե երիտասարդությունը պաշտպանվում էր»:

Հակառակ տրամաբանությամբ էլ հուլիսի 17-ին ցույց է տեղի ունեցել Լոնդոնում, որտեղ ևս բախումներ են եղել։ Այստեղ էլ ադրբեջանցիներն են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց կազմակերպել։ Լոնդոնում բնակվող Սուրեն Սարուխանյանն «Ազատությանը» պատմեց՝ համացանցից տեղեկանալով այդ ցույցի մասին՝ տեղի հայերն ինքնակազմակերպվել ու հավաքվել են հայկական դեսպանատան առջև։

Զրուցակցիս խոսքով՝ այստեղ նույնպես մայթի երկու կողմերում հավաքված հայերի ու ադրբեջանցիների միջև կանգնել են հայ հոգևորականները՝ թույլ չտալով լարումներ։ Սարուխանյանն ասում է` ադրբեջանցիները վեր էին պարզել իրենց զոհված գեներալի ու զինծառայողների լուսանկարներն ու հնչեցրել նրանց անունները։ Այնուհետև նրանց շարքերից դուրս է եկել մի երիտասարդ կին ու հայ ցուցարարների ձեռքից խլել ցուցապաստառը. - «Նրանք հարձակվում են մեր այդ տղայի վրա, ով հետ է վերցնում` հետևից խփելով, մենք, իհարկե, չենք հանդուրժում դա, փորձում ենք պաշտպանել մեր եղբորը, դրանից հետո փոքր քաշքշուկ է սկսում, որի արդյունքում մեր կողմից տուժածներ չկան: Ոստիկանները միջամտում են անմիջապես, ընդամենը տևում է 15-20-30 վայրկյան»:

Սուրեն Սարուխանյանը կասկածներ ունի, որ ադրբեջանցիների ցույցին ներկա են եղել են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նկատել է, թե ինչպես են զինվորական համազգեստով մարդիկ ցուցումներ տվել ցուցարարներին, ավտոմեքենաներից լուսանկարել իրենց և այլն։ Ըստ մասնակցի՝ Լոնդոնում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների կազմակերպած ցույցը շուրջ 1.5 ժամ է տևել. - «Սպասեցինք, նրանք հեռացան, հեռանալուց երգեցինք մեր Հայաստանի օրհներգը, այդ երգերի ներքո նրանք արդեն լքում էին տարածքը»:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանությունը ցրել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ «Ղարաբաղը մերն է, ոչ մեկին այն չենք տա», վանկարկումներով հավաքված ադրբեջանցիների բողոքի ցույցը։ Այսօր էլ հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել գերմանական Մյունխենում։