Մատչելիության հղումներ

Անցած գիշեր հակառակորդը կիրառել է գլխավորապես հրաձգային զենք. Հովհաննիսյան


Անցած գիշեր Հայաստանի և Արցախի սահմանին, շփման գծում հարաբերական անդորր է եղել` այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական զինուժը գլխավորապես կիրառել է հրաձգային զենք, նման կերպ հրադադարը խախտվել է մոտ 120 անգամ, հայկական կողմը նոր զոհեր, վիրավորներ չունի։

«Երեկ՝ անցնող գիշերը Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտավորապես 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում, ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյան հատվածում՝ չորրորդ և հինգերոդ բանակային կորպուսների հատվածում: Ըստ էության, եթե ամփոփած լինենք այդ 120 խախտումները այս ամբողջ սահմանի հատվածով, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Մեր վիրավորների մասով ասեմ, որ իրավիճակը չի փոխվել, նույնն է, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա: Ըստ էության, այս պահին հանգիստ է կրակոցներ չկան», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե Արցախում սահմանին ինչպե՞ս է եղել իրավիճակը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ Արցախում ևս նույն իրավիճակն է եղել՝ հրաձգային զենքերից են կրակել, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»:

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև Քննչական կոմիտեի երեկվա հաղորդագրության մասին, ըստ որի հայկական կողմը 36 վիրավոր ունի։

«Այս թվերի մեջ ոչ մի իրական հակասություն չկա, տարիների ընթացքում մենք առիթ ունեցել ենք մշտապես այս հարցին անդրադառնալու, նույն իրավիճակն է, 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասը ոտքի վրա, որևէ միջամտության կարիք էլ չի եղել բժշկական, արագ զինվորները նորից վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը, ինչպես նշեցի, շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Ստատիստիկան սա է, ուղղակի քննչական մարմինները ցանկացած աննշան վիրավորման, շոկի պարագայում որոշակի վարույթ են իրականացնում, և իրենց մոտ ստատիստիկան այս պահին զուտ թվերով, որ արտահայտում են, ստացվում է ավելի բարձր», - ընդգծեց նա:

Հովհաննիսյանը անդրադարձավ անցած ժամերին կապի հայաստանյան օպերատորների բաժանորդների պաշտպանության նախարարության անունից հասցեագրված sms հաղորդագրություններին` իբր հայկական կողմը զոհեր ունի։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայաստանյան կապի օպերատորներն արդեն հաղորդագրություններ են ուղարկել` հերքելով նշված կեղծիքը։

«Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական մի գործողություն հակառակորդի կողմից, տարբեր հեռախոսահամարների վրա, տարբեր աբոնենտային գծերով ստացվել են հաղորդագրություններ, sms-ներ կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին: Ես արդեն հայտնել եմ, որ դա կեղծ լուրեր են, չտրվեն դրան, և օպերատորները, ըստ էության, նաև իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որպեսզի դա հերքեն», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղը երկու անգամ հուլիսի 12-ից ի վեր ենթարկվել է հակառակորդի կողմից հարձակման: Լրագրողների հետ զրույցում գյուղապետ Լևոն Առաքելյանը նշեց, որ երեկվա ռմբահարման հետևանքով գյուղում 10 տուն է վնասվել, բնակիչների շրջանում զոհեր վիրավորներ չկան: Այսօր մարզպետարանի կողմից չափագրումներ են իրականացվել:

Գյուղի բնակիչները հայտնեցին, որ կանանց և երեխաների մի մասին դուրս են բերել գյուղից՝ անվտանգության նկատառումներով, բայց դա կրում է ժամանակավոր բնույթ և իրավիճակի հանդարտվելուց հետո կվերադառնան:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG