Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. Վիրավորների մոտ հիմնականում դրական դինամիկա կա, մեկի վիճակն է ծայրահեղ ծանր


Ողջ սահմանագոտու երկայնքով իրավիճակը գիշերը հիմնականում եղել է հանգիստ, քիչ առաջ Իջևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից` ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի, բայց դրանից րոպեներ անց Պաշտպանության բանակը, ինչպես գիտեք, հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօթաչու թռչող սարք», - ասաց նա:

Հովհաննիսյանի ներկայացմամբ` վիրավորների մոտ հիմնականում դրական դինամիկա կա, միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր:

Երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ հյուսիսարևելյան սահմանին մարտական գործողությունների հետևանքով հուլիսի 12-ից մինչև այժմ վիրավորում է ստացել 36 զինծառայող, նրանցից տասն են այժմ բուժում ստանում:

«Ճիշտ է` կրակոցները, հրետակոծությունները կարծես թե տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները` ամենատարբեր կեղծ հաշիվներից, անուններից, օգտատերերից խուճապների տարածում, գնահատականներ», - նկատեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե այն, որ Արցախում ԱԹՍ է խոցվել, արդյոք նշանակում է, որ գործողությունները կարող են տեղափոխվել այդ սահման, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. - « Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որ նշանակի, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ պարբերարաբ ԱԹՍ-ներ խոցվում են, բայց այնպես էլ չի, որ դա նշանակում է, որ չի տեղափոխվի Արցախի սահման, ուզում եմ ասել` ԱԹՍ-ն ցուցիչ չէ:

Հակառակորդի գործողութունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք, պահպանո՞ւմ է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, այո, պահպանում է, և մենք էլ դա տեսնում ենք, գործողությունները մեզ համար պարզ են, ըստ անհրաժեշտութան, եթե կդիմեն գործողությունների ու սադրանքների, կստանան արժանի հակահարված»:

Միաժամանակ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ ադրբեջանական «փառապանծ բանակի» մասին սիրում էին խոսել այդ երկրի նախագահն ու պաշտանության նախարարը և ոչ միայն նրանք, իսկ այս գործողությունների արդյունքում պարզ դարձավ, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն ու արդյունավետություն չի դրսևորել, անգամ «ամենափառապանծ հատուկ նշանակության զորքերը»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG