Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արձագանքը վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ («Իմ քայլը») Անդրանիկ Քոչարյանը համարում է ստանդարտ: Ըստ նրա` լավ կլիներ, որ անվտանգային կազմակերպությունները հստակ դիրքորոշում ներկայացնեին, սակայն առաջին հերթին ինքներս մեզ վրա պետք է հույսը դնենք ու ամրացնենք բանակը: Այս մասին Քոչարյանը խոսեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ.
ՀԱՊԿ-ի արձագանքը գնահատում է ստանդարտ
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ՀԱՊԿ-ից հաշիվ պահանջելո՞ւ են լոյալության համար: Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց.- «Ոչ թե ՀԱՊԿ-ի լոյալության խնդիրն է, միշտ էլ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ից ակնկալիքները մեծ են լինում, որովհետև ցանկությունը մեկն է, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, արձագանքի իր համակարգում ընդգրկված պետությունների անվտանգության խնդիրների առնչությամբ, բայց ամեն դպքում ունենք այն, ինչ ունենք, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեզ վրա: Եթե կարողանում ենք կայուն մեր անվտանգության համակարգը պահենք ամուր վիճակով, մեր անվտանգության ամենամեծ երաշխիքը դրա մեջ է: Լավ կլիներ, որ ՀԱՊԿ-ն ու մյուս անվտանգային համակարգերն ունենան հստակ դիրքորոշում, նման իրավիճակները ճիշտ գնահատեն ու աջակցեն խաղաղության աջակցման գործընթացին»:
Իսկ ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը. - «Ես գնահատում եմ ստանդարտ և բարձր եմ գնահատում մեր անվտանգության համակարգի կարողությունները, որը այս ընթացքում բավականին ամրացվել է»:
Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է
Այս պահի դրությամբ սահմանին հարաբերական անդորր է, հայտնեց Քոչարյանը` հավելելով, սակայն, որ դա կարող է լինել շատ ժամանակավոր. - «Բայց մեր պաշտանական համակարգը տեսաք` կարողացավ ինքնուրույն հակառակորդին պարտադրել գործողություններ, որ այսօրվա դրությամբ ունենք հարաբերական անդորր` նախորդ օրերին նրանց ակտիվությունը ճնշվեց մեր վստահ կեցվածքով և պաշտպանական համակարգում ընդգրկված ներդաշնակ կառույցների ճիշտ գործողությունների պլանավորմամբ և իրացմամբ»: Ըստ նրա` այս պահին համեմատաբար հանգիստ վիճակը նաև արդյունքն է 3-րդ կորպուսի պաշտպանական համակարգի ուժի կիրառմամբ:
«Շտկեցինք 16 թվի կորցրած իմիջի մի մասը»
«Այսօր շտկեցինք կորցրած իմիջի մի մասը, և ադրբեջանական կողմին թվում էր, թե եթե 16 թվին ունեցել է մի փոքր հաջողություններ, կարող է զարգացնել, և մենք մնացել ենք նույն մակարդակի վրա: Կարծում եմ` իրենք տեսան, որ դա այդպես չի, և նոր Հայաստանի հարվածը հակառակորդի սանձազերծած ավանտյուրային զգաստացրեց իրենց, և իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելը կամ ուժի դիրքերից ավանտյուրա իրականացնելով նպատակի հասնելն անիմաստ է», - պատասխանելով հարցրեցին մեկին` ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը` հիշեցնելով նաև, որ Ադրբեջանի այս գործողությունները ճգնաժամ են առաջացրել նաև հենց իրենց ներքաղաքական կյանքում, և հասարակական ակտիվությունն այնտեղ մղվեց իշխանության դեմ:
«Այսօր մեր գլխավոր շտաբի պետը մի մարդ է, ով ղեկավարել է 3-րդ կորպուսը, ու իրենք կարողացան հակառակորդին ստիպել գիտակցել, որ այսօրվա Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելը պարզապես անիմաստ է»:
«Իմ քայլի» պատգամավորի խոսքով` ակնհայտ է առավելությունն այսօրվա Զինված ուժերի ու 16թ. զինված ուժերի գործողությունների մեջ: «Որովհետև գոնե այս անգամ բանակը չի հապաղել և իր պլանավորման և գործողությունների առումով եղել է շատ օպերատիվ ու արագ, և արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ թե մարդկային, թե տեխնիկական»:
Աշխարհը պետք է արձագանքի Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությանը
Հարցին, թե չե՞ն դիտարկումը ՀԱՊԿ-ը որպես այլընտրանք ՀԱՊԿ-ին, պատգամավորը պատասխանեց` հիշեցնելով, որ հանդիսանում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողոի ասոցացված անդամ: Տեղեկացրեց` այսօր էլ ԽՎ նախագահին նամակ է ուղղել իրավիճակի մասին: Հիշեցրեց նաև, որ կառույցից հորդորել են հասնել խաղաղության, չգնալ էսկալացիայի, սակայն Ադրբեջանը երեկ նույնիսկ հայտարարել է, թե կհարվածի Մեծամորի ատոմակայանին:
«Հակառակորդը չի հասկանում, որ այդ ավերածություններն արդեն դուրս են գալիս Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի անվտանգային իրողությունից, դառնում են համամարդկային խնդիր, և աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի այս պահվածքին: Տարօրինակ վարքագիծ է դրսևորում Թուրքիան` խրախուսելով Ադրբեջանի նմանատիպ գործողությունները», - ասաց նա` հավելելով, որ պաշտոնապես հարևան երկիրը հայտարարում է, թե պատրաստ է մահվան Ադրբեջանի հետ: «Թե ինչի՞ համար է պատրաստ մահանալու, երբ որ ձեր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն ապահովելը պետք է լինի», - հարցնում է Քոչարյանը:
Վերջինս ևս մեկ անգամ ընդգծեց, որ բանակցություններով միայն կարող ենք հասնել հաջողության այս խնդրի կարգավորման հարցում:
ԱԱԾ բարեփոխումները սկսված են
«Ազգային անվտանգության ծառայությունում բարեփոխումների նոր փուլը սկսված է վերջին նշանակումով», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե երբ են բարեփոխումները հասնելու ԱԱԾ:
Իշխանության ներկայացուցիչն ընդգծեց` բարեփոխումների խնդիր պետք է իրականացրեր ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Իրեն պահեց սովորական չեքիստի պես, երևի ինչ-որ քեյսով դուրս եկավ ու հիմա ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, ու ովքեր համալրվեցին այդ քաղաքական համակարգի մեջ, շատ տարօրինակ ձևով ասոցացվում է այդ կառույցում նկատմամբ եղած վերաբերմունքին, այդտեղ չգիտեմ ինչով են զբաղվում», - նկատեց նա: Միաժամանակ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` ոստիկանությունում ևս բարեփոխումներ են սպասվում, ընդգծեց` կադրային փոփոխությունները ևս դրանց են միտված:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.