Գիշերվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 20 հոգի. Հովհաննիսյան

Այսօր` օրվա երկրորդ կեսին Ադրբեջանը նորից խախտելով կրակի դադարեցման մասի պայմանավորվածությունը և կիրառելով հարվածային անօդաչու սարքեր, վերսկսել է հարձակումները Հայաստանի հյուսիս-արևելյան բնակավայրերի նկատմամբ, թիրախավորվել են Այգեպար ու Չինարի գյուղերը` երեկոյան կողմ «Ազատությանը» հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով, այդ հարձակումների հետևանքով` հայկական զինված ուժերը զոհեր, վիրավորներ չունեն։ Փոխարենը վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Ըստ Առողջապահության նախարարության, Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10 տոկոս այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում, նրա վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ օրվա երկրորդ կեսին ադրբեջանական հարվածային անօդաչու սարքը թիրախավորել է Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենան։ Զոհեր չկան, վիրավորների հարցը հստակեցվում է։

Ավելի վաղ` Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ անցած գիշեր ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հարձակման հետևանքով հակառակորդի կորուստները կազմել են մինչև 20 հոգի, գիշերվա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր, վիրավորներ չունի։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրեց. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև փոխանցում է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը կորցրել է ռազմական տեխնիկա` խոցվել է առնվազն մեկ տանկ, հակառակորդի հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կորուստներ ունի հակառակորդը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հստակ գնահատել չենք կարող կորուստները, դիտարկվող կորուստները կարող է և մոտենան մեկ-երկու տասնյակին նույնիսկ, բայց հստակ չեմ կարող ասել, չէի ուզենա պնդել մի բան, որ հետո դժվար լիներ ապացուցել: Կսպասենք հակառակորդի հաստատմանն, ըստ այդմ ավելի մոտավոր կհասկանանք՝ սովորաբար գիտենք մոտավորապես իրենց ստելու չափաբաժինը»:

Այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժը թիրախավորել է հինգ գյուղ` Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսեսը, Չինարին, ինչպես նաև Բերդ քաղաքը։ Գիշերվա հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր, վիրավորներ չեն եղել, վնասվել են տասից ավելի առանձնատներ և որոշ ենթակառուցվածքներ։

«Առավոտվանից մենք քննարկումներ ենք ունեցել կառավարության հետ, և առավոտը շուտ ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պիտի տա վնասի ծավալների վերաբերյալ: Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Ես ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը», - ասաց մարզպետը:

Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանը պաշտոնապես հայտնեց ևս մեկ զոհված զինծառայողի` ժամկետային զինծառայող Նազիմ Իսմայլովի մասին։ Այսպիսով, հուլիսի 12-ից ի վեր, ինչ սկսվեցին ռազմական գործողությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև պաշտոնական Բաքուն հայտարարել է իր 12 սպանված զինծառայողների մասին, այս թվում՝ մեկ գեներալ-մայոր։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժը զոհեր, վիրավորներ չի թողել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հերքել է, թե գիշերվա ընթացքում դիվերսիոն հարձակում են ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ և թիրախավորել են Հայաստանի բնակավայրերը` փոխարենը մեղադրել են հայկական զինված ուժերին` Թովուզի շրջանի մի քանի գյուղեր գիշերվա ընթացքում ռմբահարելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակին, այսօր իրադրության թեժացման պատճառով հետաձգվեց մեր նկարահանող թիմի մեկնելն այնտեղ, սակայն երեկ մարդիկ «Ազատությանը» պատմում էին ադրբեջանական զինուժի ռմբահարումների մասին։